Ամերիկաբնակ ջութակահար Արմեն Մովսեսյանը նվագում է ամեն ինչ, բացի ռաբիսից
Խորհրդային տարիներին նույնիսկ բարձրակարգ արվեստագետներին բնորոշելիս զգուշորեն էին մոտենում տաղանդավոր որակմանը՝ ի տարբերություն մեր օրերի: Էլ չենք խոսում երեխաների դեպքում շռայլվող գնահատականների մասին: Այդուհանդերձ, այն տարիներին մշակութային ուղղվածություն ունեցող դպրոցներում մասնագետների կողմից հնչել է տաղանդավոր որակումը մեկ-երկու սովորողի հասցեին: Այս դեպքում խոսքը ջութակահար Արմեն Մովսեսյանի մասին է, որին դեռեւս Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում ուսանելու տարիներին երաժիշտները փայլուն ապագա էին խոստանում: Նա սովորում էր պրոֆեսոր Վիլլի Մոկացյանի դասարանում, այնուհետեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, շարունակեց ուսումը դարձյալ նույն պրոֆեսորի ղեկավարությամբ: 1990թ. կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող ջութակահարը միջազգային մրցույթի մասնակցելու նպատակով մեկնում է ԱՄՆ՝ Ինդիանապոլիս եւ չի վերադառնում: Արմեն Մովսեսյանին հանդիպեցինք միայն 2012թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրը, իր խմբով Հանրապետության հրապարակում կայացած համերգին, հետո՝ 2017թ. Համահայկական նվագախմբի համերգին: Այսօր էլ երաժիշտը Երեւանում է, մայիսի 9-ին Ստեփանակերտում եւ 14-ին Երեւանում կայանալիք Համահայկական նվագախմբի ելույթներին մասնակցելու համար: Ընդ որում, ինչպես անցյալ տարի, այս տարի էլ՝ որպես նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր:
Ըստ ամերիկյան մամուլի, հայ երաժիշտը տարիներ շարունակ համագործակցել է ոչ միայն դասական, այլեւ ջազ, ռոք եւ փոփ համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Լուչանո Պավարոտտին, Պլասիդո Դոմինգոն, Ռեյ Չարլզը, Բարրի Ուայթը, Սարա Բրայթմանը, Անդրեա Բոչելին, Թոնի Բենեթը, Ֆրանկ Սինատրան եւ այլն:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ դիտարկմանը, թե ընդմիշտ հեռացել է դասական երաժշտարվեստից, Արմեն Մովսեսյանը ասաց. «Ես այդպես կտրուկ չէի ասի: Նախ՝ մի բան ընդմիշտ հասկանալ է պետք. համաշխարհային շոու-բիզնեսում ստեղծագործում են լավագույն երաժիշտները, այդ թվում, բնականաբար, նաեւ դասական ոլորտի: Տարիներ շարունակ, եթե չասեմ ողջ կյանքս, հանդիսացել եմ դասական երաժշտարվեստի ներկայացուցիչ: Աշխատել եմ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների տարբեր նվագախմբերում, դասավանդել եմ նաեւ բարձրագույն երաժշտական հաստատություններում եւս: Հասկացել եմ մի բան. կատարողը պետք է իրեն փորձի երաժշտարվեստի տարբեր ոլորտներում, նվագի ամեն ինչ, իհարկե՝ բացի ռաբիսից: Կարճ ասած՝ ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչ կապված է բարձրարվեստ երաժշտության հետ, անկախ ոլորտներից կամ ճյուղերից: Դասական կրթությունս սինթեզում եմ ջազի, փոփի եւ ռոքի հետ: Երբ առաջին քայլերն էի անում շոու-բիզնեսում, վստահված էր մի փոքրիկ սոլո եւ պատկերացնել է պետք՝ այդ նվագից հետո շուրջ 20 հազար հանդիսատես բղավում էր բրավո ու վանկարկում անունդ: Սա մի ֆանտաստիկ զգացողություն է…… Հպարտություն ես ապրում, երբ ներկայացնելով քեզ, անպայման նշվում է նաեւ ազգությունդ»: Հավելեց նաեւ, թե օրերս ինչ բերկրանք է ապրել, տեղեկանալով, որ Մենուհինի անվան ջութակահարների աշխարհահռչակ մրցույթում առաջին մրցանակը շնորհվել է Երեւանի կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող Դիանա Ադամյանին:
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, թե ինքը գրում է երաժշտություն ֆիլմերի համար, համագործակցելով հոլիվուդյան կինոարտադրողի հետ: Հիմնել է դպրոց-ստուդիա: Մանրամասնեց, որ դպրոց-ստուդիայում ինքը պատրաստում է երաժիշտներ՝ տարբեր մրցույթների մասնակցելու համար, անցկացնում վարպետության դասընթացներ եւ այլն: Ժամանակ առ ժամանակ էլ հանդես է գալիս իբրեւ պրոդյուսեր: Ռեպլիկին՝ լսել ենք, որ նաեւ բարեգործական ակցիաներ է իրականացնում, մեր զրուցակիցը առանց մանրամասնելու նշեց իր նման մի քանի նախաձեռնությունների մասին. 2016թ. մի քանի բարեգործական համերգների արդյունքում օգնություն է ուղղվել զինվորներին եւ անապահով ընտանիքներին:
Փաստեցինք ամերիկյան մամուլում ժամանակին հրապարակված այն լուրը, թե հայ երաժշտի «Արգելված սրբեր» հերթական շոուն մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում: Այս առիթով Արմեն Մովսեսյանն ասաց, որ այն ներկայացվել է 2010թ., Փասադենայի Civic Auditorium համերգասրահում, ինչին հաջորդել է ողջ շոուի ձայնագրությունը, որը հաճախ չի պատահում:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայաստանցիներիս համար իսկապես ցավալի այն իրականությանը, որ լավագույն երաժիշտները հեռանում են երկրից: «Իսկապես դա ցավալի է: Հայաստանն ունի ներկայանալի եւ մշակույթ, եւ անվանի գործիչներ, եւ որ ամենակարեւորն է՝ տաղանդավոր հիանալի սերունդ: Հավատացնում եմ՝ աշխարհը մեզ ճանաչում է, առաջին հերթին՝ հենց մեր մշակույթով»,- հայտնեց Արմեն Մովսեսյանը: Կարծես որպես արդարացում էլ հիշեցրեց, որ ինքը ԱՄՆ է տեղափոխվել, երբ «դեռ Հայաստանը Սովետ էր»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
08.05.2018