Համաշխարհային մամուլն անդրադարձել է Հայաստանի թավշյա հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությանը:
Հայաստանում ընթացող զարգացումներն ու ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նշանակումը վարչապետի պաշտոնում հայտնվել են արևմտյան մամուլի ուշադրության կենտրոնում: Հայաստանյան զարգացումների վերաբերյալ ծավալուն հրապարակումներով են հանդես եկել բազմաթիվ համաշխարհային լրատվամիջոցներ:
Ամերիկյան «Los Angeles Times»-ի հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում թավշյա հեղափոխության միջոցով, որը ընդգրկում էր քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ, Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տրվես բարձրաձայնելու երկրում առկա քաղաքական խնդիրների վերաբերյալ ու հասնելու իշխանության խաղաղ փոխանցմանը:
Իր հերթին ֆրանսիական «France 24» լրատվամիջոցը գրում է, որ Փաշինյանի ընտրությամբ հեռացվեց 1999 թվականից իշխանության եկած քաղաքական վերնախավը: Ըստ լրատվամիջոցի, Փաշինյանի գլխավորած բողոքի շարժումը հանրության ուշադրությունը կենտրոնացրեց երկրում տիրող կոռումպացված համակարգի վրա:
Նա ցուցարար էր, իսկ այժմ Հայաստանի վարչապետ: Ահա այսպես է իր հերթին վերնագրել «New York Times»-ը ծավալուն իր հրապարակումը Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի ու վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին: Պարբերականն ընդգծում է, որ Փաշինյանը մշտապես պայքարել է կոռուպցիայի դեմ, որի արդյունքում դեռևս 1995 թվականին հեռացվել համալսարանից: New York Times մեջբերում է Փաշինյանի մոտեցումը տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ եթե Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղի ունեցածը նման է հրաշքի, ապա Փաշինյանի գնահատմամբ այն 20 տարի առաջ մեկնարկած իր ընտրած ուղու գագաթնակետն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: