Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելուց հետո երեւանյան փողոցներում իսկական խրախճանք էր, որը որոշ դեպքերում վերածվում էր իրական վտանգի:
Ոստիկանության աշխատակիցները չէին կարողանում սաստել անմնացորդ քեֆ անող երիտասարդներին, որոնք փողոցներում պարի էին բռնվում, քոչարի պարում, մեքենաներն անկանոն վարում, մարմինները կիսով չափ մեքենաների պատուհաններից դուրս հանում սելֆիներ անում:
Դա վտանգավոր էր դառնում, հատկապես, երբ անչափահաս փոքր երեխաներն էին տրվում էմոցիաներին ու քիչ էր մնում մեքենաներից, բեռնախցիկներից իրենց դուրս նետեին: Մեր տեսախցիկն արձանագրել է տասնյակ անչափահասների, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ ուրախանում էին:
Այս տոնական վարակիչ տրամադրությունը, հեղափոխական դրսեւորումները նկատվում էին բոլոր համայնքներում: Անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թափառող շները, կարծես անսալով Նիկոլ Փաշինյանի՝ մինչ այդ հայտարարած գործադուլին, անհոգ թիկնել էին ուղիղ կենտրոնական փողոցի кольцевой-ի վրա ու հետեւում էին ազդանշաններին, «Նիկոլ վարչապետ» կոչերին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ