Ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը յուրօրինակ տոնեցին Գյումրիում․ երկրաշարժից 30 տարի շարունակ մռայլված քաղաքն այսօր ցնծության մեջ էր, սոցիալական ծանր պայմաններից հուսահատ, ժպիտները կորցրած մարդիկ վերջապես ժպտում էին, տրանսպորտ բարձրանալիս՝ միմյանց շնորհավորում։
Իսկ քաղաքի կենտրոնում դեռ առավոտից՝ ԱԺ նիստը չմեկնարկած, քեֆ-ուրախություն էր, մինչև ուշ երեկո երիտասարդները չէին հեռանում Գյումրու Թատերական հրապարակից։ Հորդառատ ու սառը անձրևն անգամ չէր խանգարում, որ քեֆ անեին, քոչարի պարեին ու բացականչեին ՝«Նիգոլ, Նիգոլ»։
Գյումրեցիներն անգամ ցուցապաստառներում էին Նիկոլ անունը «գ»-ով գրում (տես լուսանկարում), այնպես, ինչպես հնչում է Գյումրու բարբառով։ Գյումրեցիները կատակում են, թե «մեր Նիգոլը ուրիշ է, սաղ աշխարհ՝ Նիկոլ, մենք Նիգոլ»։
Թատերական հրապարակում կարծես հարսանիք տոնեին։
Գյումրեցի երիտասարդների քեֆ-ուրախությունից մի դրվագ՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=kPUikP3tgX0&feature=youtu.be
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ