Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձամբ կհասնեմ Նիկոլի մոտ, Գյումրին հո էսպես նսեմացնելով չէ՞»․ «Շիրակ»-ի երկրպագուների ցույցը (Ֆոտոշարք)

Մայիս 08,2018 20:20

Ինչպես հայտնի է`Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Բանանց» ֆուտբոլային ակումբի դիմումի հիման վրա՝ պայմանավորված խաղ կազմակերպելու մեղադրանքով, Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել է աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, ակումբի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ և ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակի» թիմի արդյունքները նվազեցրել է 12 միավորով։

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու առիթով քեֆ անող գյումրեցիներին միացել էին «Շիրակի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները՝ պահանջելով ձեռք չտալ 12 միավորին։ Նրանք անչափ վրդովված էին ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից, որը մեկ անձի պատժելու փոխարեն փորձում է պատժել ողջ քաղաքին։

«Մենք կոչ ենք անում չեղարկել 12 միավորի որոշումը, քանի որ «Շիրակ»-ը պատմություն ունեցող ակումբ է, «Շիրակ»-ը երեք տարվա պատմություն ունեցող «Ալաշկերտ» չէ, ոչ էլ «Փյունիկ» է, որի նկատմամբ այդպես հեշտությամբ կարողանան անարդար որոշումներ կայացնեն։ Մեր բողոքը ուղղված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, «Շիրակ»-ը դժվարությամբ է հասել այս հաղթանակին, որովհետև ամբողջ ֆեդերացիայով, 5 ակումբներով անընդհատ պայքարել են «Շիրակ»-ի դեմ։ Մեր պահանջն է՝ մեր քրտնաջան աշխատած միավորները հետ տալ մեզ։

Ես կարծում եմ մի մարդու սխալի պատճառով չի կարելի մի ամբողջ ակումբի և մի ամբողջ քաղաքի պատժել։ Այսինքն՝ եթե այսօր էս ժողովուրդը կոտրվեց, լավ չի լինի, մեր քաղաքին շունչ տվողը «Շիրակ» ակումբն է։ Էսօր մեր ծանր սոցիալական խնդիրների լուծման մեջ «Շիրակ»-ը մեծ դերակատարում ունի։ Ժողովուրդը հոգնած, ծանրաբեռնված՝ էս պայմաններից, վարկերից, պարտքերից, իր սփոփանքը գտնում է միայն «Շիրակ» ակումբին երկրպագելով։ «Շիրակ»-ին զրկում եք չեմպիոնությունից, չեմպիոնություն, որը մեզ տրվել է շատ դժվար։ 27 խաղերում մեր տարած բոլոր հաղթանակները բացառապես «Շիրակ» ակումբի ֆուտբոլիստների, աշխատակիցների ու քաղաքի քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մեր խնդրանք է, հորդորն է, պահանջն է՝ լինել արդարամիտ, մի անձի սխալի պատճառով մի ամբողջ քաղաքի չզրկել ուրախությունից»,-ասաց Երվանդ Մկրտչյանը՝ ներկայանալով որպես «Շիրակ»-ի ֆան ակումբի ներկայացուցիչ ու սրտացավ քաղաքացի։

Ֆուտբոլիստ Մանվել Ղազարյանն էլ, որը տարիներ շարունակ խաղացել է Հայաստանի առաջնությունում, «Շիրակ»-ի երկրպագուներից է, նեղվեց, թե 2․0 հաշվով հաղթեցինք, ճանապարհի կեսին այդ վատ լուրը իմացաք։

«Մեկ անձի համար ամբողջ ակումբին ու Գյումրիին եք պատժում, հա՞՛։ Թիմը ի՞նչ մեղավորություն ունի, մի հատ բացատրեն, թե 12 միավորը ինչի՞ համար են հանում, քրտնաջան աշխատանքի համա՞ր։ Մեղավորը թող պատժվի օրենքի սահմանում։ Ասենք ես մեղավոր եմ, իմ տան անդամներն ի՞նչ մեղք ունեն, մեկ հոգու պատճառով ամբողջ թիմը տուժվում է։ Մենք այլ բան չենք ուզում, մենք չեմպիոն ենք, խնդրում ենք չեղարկել 12 միավորի մասին որոշումը։ Ես սա ասում եմ բոլոր երկրպագուների անունից։ Քաղաքը տուժվում է, բոլորը գալիս ենք ֆուտբոլ նայելու ընտանիքներով, անգամ տուրիստներ են գալիս։ Վաղը խաղ կա, ի՞նչ տրամադրությամբ պիտի բալետ անենք, էլի բալետ կանենք, մենք «Շիրակ»-ի կողքին ենք, բայց տարիներ շարունակ մենք մրցավարների կողմից միշտ էլ ճնշված ենք զգացել։ Հայաստանում ամենաշատ չեմպիոն միշտ Գյումրին է տվել, գոնե մի անգամ երկրպագուների խնդրանքը կատարեն, օլիմպիական չեմպիոն ունենք, աշխարհի չեմպիոն ունենք, գոնե իրենց խաթր ներեն, էդ 12 միավորը վերադարձնեն։ Եթե չընդառաջեցին, ես անձամբ կհանդիպեմ մեր նորընտիր վարչապետ Նիկոլին ու կխնդրեմ՝ օգնի վերջ դնենք այս անարդարությանը»։

«Շիրակ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանն էլ շատ զայրացած էր։ Նա ասաց, որ այս դեպքը եզակի է հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ ձեռնարկված միջոցները ծայրահեղ խիստ են ու անարդար, քանի որ ակումբը տեղյակ չէ կատարվածից։ «Պայմանավորված խաղ չի եղել, խոսակցություն է եղել,իսկ խոսակցությունը հիմք չէ նման ծայրահեղ պատժի համար։ Կարելի է պատժամիջոցներ կիրառել, բայց «Շիրակ» ակումբին զրկել բոլոր հնարավորություններից՝ Եվրոգավաթից, Չեմպիոնների Լիգայի գավաթից, անարդար է։

Ես՝ որպես հնաբնակ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի, խնդրում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային նման ծայրահեղ խիստ միջոց չձեռնարկի, վերանայի իր որոշումը։ Վաղը «Գանձասար»-ի հետ ենք հանդիպում, «Շիրակ»-ի բոլոր երկրպագուները վաղը կապացուցեն, որ ոչ մի պայմանավորված խաղ չի եղել, «Շիրակ»-ը միշտ էլ հաղթել է իր ուժերով։ Ես չեմ հիշում հայկական ֆուտբոլում այսպիսի դեպք, մի գիշերվա մեջ այսպիսի խիստ պատժամիջոցներ։

Բոլորս այսօր ցնծության մեջ ենք, Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն մեր վարչապետն է, նա իր առաջին քայլը կատարեց Գյումրիից, էսօր Գյումրինն էսպես նսեմացնել․․․ Ես՝ որպես «Շիրակ» ֆուտբոլային ակումբի այսօրվա մարզիչ, նախկին գլխավոր մարզիչ խնդրում եմ ֆեդերացիային վերանայեք ձեր որոշումը։ Կոչ ենք անում զարգացնել հայկական ֆուտբոլը, մանավանդ որ այս հեղափոխությունից հետո պիտի վերափոխվենք, դրա համար կոչ եմ անում «Շիրակ»-ին շատ խիստ չմոտենալ, թողնել որ «Շիրակ»-ը իր ողջ հզորությամբ վերջացնի այս առաջնությունը, դիմացը խաղեր կան։ «Շիրակ»-ն առանց 12 միավորի էլ կարող է Եվրոգավաթի մասնակցել, բայց ինքն իր ուժերով է հասել մինչև այդ աստիճանի, չի կարելի»։

«Շիրակ»-ի երկրպագուներից մեկն էլ՝ Աշոտ Մկոյանն ասաց, որ սա իրոք սկանդալ է հայկական ֆուտբոլում, բոլորը զարմացած են։

«Եթե անհատն է կատարել, չպետք է անհատի պատճառով զրկվի քաղաքը ֆուտբոլից․ ակումբը իր պաշտոնական հայտարարության մեջ նշել է՝ եթե ֆեդերացիան կիրառի պատիժը, «Շիրակ» ակումբի ակումբները Հայաստանի բոլոր առաջնություններից դուրս կգան, փաստացի նշանակում է, որ քաղաքը զրկվում է ֆուտբոլից։ Իսկ դա շատ անարդար է, որ ինչ-որ անհատի կատարած քայլի հետևանքով, ֆեդերացիան ամբողջ թիմին զրկի չեմպիոնությունից, քաղաքին էլ ՝ ֆուտբոլից։ Մեր պահանջն է՝ ձեռք չտալ մեր 12 միավորներին, թողնեն դառնանք չեմպիոն, քանի որ առաջնությունից մնացել է ընդամենը 3 հանդիպում անցկացնելու։

Ակումբը պատժել է անհատին, բավարարվեք անհատին պատժելով, ոչ ակումբին։ Ակումբն ընդհանրապես տեղյակ չի եղել անհատի գործողություններից։ Եթե չեն անի, մենք փորձենք օրենքի սահմանում հասնել մեր իրավունքների պաշտպանությանը։ Ինչպես կպահանջի օրենքը, այնպես էլ կշարժվենք, քանի որ իրենք ապացույց չունեն, որ ակումբը տեղյակ է եղել անհատի գործողություններից, իսկ եթե ակումբը տեղյակ չէ, պետք է սահմանափկվեն անհատին պատժելով։ Անարդար է անհատի պատճառով մի ամբողջ մարզի, մի ամբողջ քաղաքի, ողջ կոլեկտիվի քրտինքը ջուրը լցնել։

Մի մոռացեք, որ «Շիրակ»-ի ամեն մի հանդիպմանը 1000 հոգի երկրպագու է գալիս, և թիմն ունի 60 տարվա պատմություն։ Իմիջայլոց, այս տարի թիմի 60 ամյակն է, և հաստատ քաղաքը իր թիմի կողքին է, թույլ չի տա ֆեդերացիային ինչպես ուզի, այնպես պատժի»,- նախազգուշացրեց Աշոտ Մկոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031