Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի հայտարարությունը՝
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ
Գրեթե 40 օրվա քաղաքական և փողոցային պայքարի արդյունքում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանրության աջակցությամբ դառնալ ՀՀ վարչապետ և ստանձնել կառավարության ղեկը:
Այս առիթով, Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև հայ ժողովրդին ընդհանրապես՝ սկզբունքային պայքարի և ժողովրդավարական հաղթանակի համար: Այս հաղթանակը ցույց տվեց, որ իրավամբ՝ Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է:
Դեռևս իրադարձությունների բուռն փուլում՝ ապրիլի 25-ին, Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «թավշյա հեղափոխությանը», քանի որ կատարվեց այն, ինչը երազում էր յուրաքանչյուր նորմալ բանականության տեր և Հայրենիքը սիրող հայ մարդը անկախության հռչակումից հետո։
Հայաստանն առավել քան երբևէ կարիք ունի ամուր դիվանագիտական կապերի և արտաքին քաղաքականության արդյունավետ ռազմավարության: Սա այն ոլորտն է, որը անմիջականորեն կապված է ներքին քաղաքական և տնտեսական կյանքին, հետևաբար, մեկն առանց մյուսի կայացվածության չի կարող արդյունավետ լինել:
Հիմնադրամը հավատարիմ է նախկինում մատնանշած սեփական սկզբունքներին և մասնագիտական արժեքներին՝ կրկնելով, որ պատրաստ է իր ավանդը բերել ՀՀ նոր կառավարության հաջողությունների ձեռքբերման գործում՝ հանուն Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման և հանուն հայ ժողովրդի երջանկության:
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամ