Սիրելի հայրենակիցներ,
Մեր ազգի մայիսյան հաղթամարտերի խորհրդանշական օրով՝ շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման կապակցությամբ։ Շուշիի ազատագրմամբ էր, որ մենք բացեցինք Արցախի դռները։ Այժմ մեր ձեռքերում է Հայոց պետականության հզորացման և բարեկեցության բանալին։ Սթափ ենք գնահատում. ո՛չ արտաքին, ո՛չ ներքին թշնամին դեռ լիովին վնասազերծված չեն։ Դեռ առջևում է ճակատամարտը՝ մեր Իրական Հաղթանակի Ճակատամարտը։
Այսօր՝ 2018 թվականի մայիսի 8-ին, զինակից ընկերներիս հետ այցելեցինք Արցախյան ազատամարտի հերոսներից մեկի՝ Հայոց ազգային բանակի հիմնադիր և հայ ազգի զինվոր Լեոնիդ Ազգալդյանի շիրմին:
«Մի հավատացեք եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես։ Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու», «Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. սա Հայաստան է, և վերջ»:
Իր պատգամին հավատարիմ՝ Արցախյան ազատամարտի սկզբում Լեոնիդ Ազգալդյանը հույսը չդրեց պահանջագրերի կամ ցույցերի վրա, այլ դրսևորեց բացառիկ և գործնական հայրենասիրություն՝ հիմք դնելով կանոնավոր զորամասերի և Հայոց ազգային բանակի ստեղծման: Նա նետվեց ճակատամարտի և անմահացրեց իր անունը հայոց հերոսների կաճառում: Մեր սիրելի հրամանատարն ընկավ դավադիր գնդակից…:
Այսօր և վաղը մենք վայելելու ենք ազատագրված Արցախը՝ մայիսյան հաղթանակը նշելու հերոսական հայ ազգի հետ:
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ