Ինչպես արդեն հայտնի է, Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել նաեւ ՀՀԿ խմբակցության անդամներ Շիրակ Թորոսյանը եւ Միհրան Պողոսյանը:
Իր ելույթում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ այն անձինք, ովքեր կքվեարկեն Նիկոլ Փաշինյանին կողմ, գործելու են կուսակցական եւ խմբակցության որոշման համաձայն եւ ըստ այդմ այդ անուններից պետք չէ կառչել, քանի որ նրանք կարող էին լինել ՀՀԿ խմբակցության ցանկացած այլ պատգամավորներ:
Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակ Թորոսյանի եւ Միհրան Պողոսյանի «կողմ» քվեարկությունը, սակայն, ՀՀԿ-ում անակնկալ է եղել: Ըստ նախնական պայմանավորվածության՝ վերջիններս պետք է դեմ քվեարկեին: ՀՀԿ-ական մեր զրուցակիցներից մեկը անգամ տարակուսեց, նկատելով, որ երբ խմբակցությունում, կուսակցությունում համաձայնեցվում էր «կողմ» քվեարկողների ցուցակը, Շիրակ Թորոսյանը եւ Միհրան Պողոսյանը լռել են: Մինչդեռ նրանք կարող էին բարձրաձայնել իրենց ցանկությունը եւ խմբակցության այլ անդամների ազատել այդ «բեռից», քանի որ օլիգարխ պատգամավորներից որոշները մասնավորաբար՝ Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) բավական դժկամությամբ են համաձայնել Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելուն:
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակ Թորոսյանն ասաց, որ ինքը քվեարկել է իր խղճով եւ հավատացրել, որ իր քվեարկության ետեւում ստվերային պայմանավորվածություններ չկան. «Այդպես ճիշտ էր»: Այլ հարցերի Շիրակ Թորոսյանը չցանկացավ պատասխանել:
Միհրան Պողոսյանի հետ կապվել մեզ առայժմ չի հաջողվում:
Մեր տեղեկություններով, քիչ հետո ՀՀԿ խմբակցությունը նաեւ պատրաստվում է հայտարարություն տարածել այդ երկու պատգամավորների քվեարկության մասով՝ պարզաբանելով, որ նրանք այլեւս խմբակցության հետ որեւէ կապ չունեն:
Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, բայց ԱԺ կանոնակարգ-օրենքը այլեւս չի նախատեսում դրույթ, որով պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ: Հիշեցնենք նաեւ, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը համարվում էր Սերժ Սարգսյանի հովանավորյալներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ