Կրեմլում անհաջող և անտեղի են համարել լրագրող Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը՝ կապված Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ այդ հայտարարությունը չունի և չի կարող ունենալ ոչ մի ընդհանուր բան Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ:
«Այն նաև ընդհանուր ոչ մի բան չունի և չի կարող ունենալ բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացումների հետ, որոնք պատմականորեն տածում է Ռուսաստանը հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ պետք չէ ուշադրություն դարձնել նման հայտարարությունների վրա:
Հիշեցնենք, ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Միխայիլ Լեոնտևը և հաղորդավար Միխայիլ Յուրևը Հայաստանի հասցեին վիրավորանքներ էին հնչեցրել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ