Երեւանի Հանրապետության հրապարակում հավաքված թանկագի՛ն բարեկամներ, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում համացանցով եւ հեռուստացույցով մեզ հետեւող սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ լրագրողներ, Ազգային ժողովի հարգելի՛ նախագահություն, հարգելի՛ պատգամավորներ:
Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը:
Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր ոգեւորված են նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին, Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր հաղթանակած է նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին: Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր առավել քան երբեւէ վստահություն ունեն դեպի ապագան եւ հավատում են սեփական ուժերին: Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը զարմացրել ու հիացրել է ամբողջ աշխարհին:
Հայաստանի քաղաքացու եւ հայ ժողովրդի վարկանիշն այսօր աշխարհում առավել բարձր է, քան երբեւէ: Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունն այսօր առավել ծանրակշիռ է, քան երբեւէ: Եւ սա մի բացառիկ հնարավորություն է, որը մենք պետք է ծառայեցնենք մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շահերին, անշրջելի եւ անառարկելի դարձնենք Շուշիի ազատագրման եւ ընդհանրապես 90-ականներին մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի արդյունքները:
Եւ հիմա այս բարձր ամբիոնից որպես Հայաստանի ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու՝ ուզում եմ սիրո եւ զորակցության ուղերձ հղել Արցախի Հանրապետությանը եւ նրա հերոսական ժողովրդին: Սիրելի՛ արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի եւ Արցախի պետականության համար:
Սա համազգային եւ համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է, եւ ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը: Այսօր, առավել քան երբեւէ մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը, որովհետեւ մեր համախմբումն ու լավատեսությունը հիրավի զորավոր ուժ է, իսկ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը համախմբված են, լավատես ու հզոր՝ Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում:
Հարկ եմ համարում ընդգծել, որ նման վիճակը վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունների՝ առանց բացառության բոլոր կողմերի խոհեմության, պետական մտածողության եւ հայրենասիրության արդյունք է: Ներքաղաքական երկարամյա հակամարտությունների՝ 2008 թվականի մարտի 1-ի, 2004 թվականի ապրիլի 12-ի, 1996 թվականի սեպտեմբերի 26-ի միջով անցնելով՝ ներքաղաքական կյանքի բոլոր մասնակիցներս ըստ էության հանգել ենք լռելյայն մի համաձայնության, լռելյայն մի կոնսենսուսի, որ վերջ, բռնությունն այլեւս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում, ներքաղաքական եւ ընդհանրապես ներհայաստանյան հարաբերություններում ավտոմատները պետք է լռեն հավիտյան, եւ ժողովրդական կամքի անառարկելիությունը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ պետք է տեղի ունենան հայկական պետականության հետագա կայացումն ու հզորացումը:
Սիրելի՛ հայրենակիցներ, հենց սա է լինելու ձեւավորվող կառավարության գործունեության առաջնահերթությունը՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ձեւավորել ազգային համերաշխության մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրավունքի եւ օրենքի վրա հիմնված ազգային միասնություն:
Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու եւ վերջ: Ընտրությունների արդյունքներն այլեւս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու եւ վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով եւ վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու եւ վերջ: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան եւ վերջ: Հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն եւ վերջ:
Որեւէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային այս ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների եւ առանց սեփականության վերաբաշխման՝ խստորեն պահպանելով օրինականությունն ու բոլոր քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:
Քաղաքական եւ տնտեսական հետապնդումների էջն այլեւս փակված է Հայաստանում, եւ օրենքը հավասարաբար եւ նույն կերպ պիտի գործի ինչպես քաղաքական համախոհների ու մերձավորների, այնպես էլ քաղաքական մրցակիցների ու քննադատների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական եւ ամենակարեւոր ուղերձը, որին մենք պետք է հավատարիմ մնանք անմնացորդ եւ մինչեւ վերջ:
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հենց սա ենք համարում այն անկյունաքարը, որի վրա պետք է կառուցվի նոր Հայաստանը: Հենց այս սկզբունքի շրջանակներում պետք է ապահովվի նաեւ Հայաստանի տնտեսական հեղափոխությունը: Այս օրերին մենք տասնյակ ուղերձներ ենք ստանում Սփյուռքի մեր հայրենակիցներից, ովքեր հավաստիացնում են, թե կազմուպատրաստ սպասում են ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծմանը, որպեսզի վերադառնան Հայաստան եւ լծվեն սեփական հայրենիքի շենացման գործին: Եւ ես ուզում եմ քաջալերել բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր մտադիր են ներդրումներ անել Հայաստանում, նորանոր բիզնեսներ հիմնադրել, տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծել: Ուզում եմ նաեւ դիմել մեր այն հայրենակիցներին, ովքեր արտերկրում բիզնես հաջողությունների են հասել, այդ ընթացքում որպես օգնություն միլիոնավոր դոլլարներ են ուղարկել Հայաստանում գտնվող իրենց հարազատներին ու բարեկամներին, բայց որեւէ բիզնես չեն հիմնադրել, որեւէ ներդրում չեն արել բոլորիս հայտնի արհեստական խոչընդոտների պատճառով եւ այժմ էլ դեռեւս վստահ չեն՝ արժե դա անել, թե ոչ:
Եւ ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, ձեր վերադարձի ժամը եկել է: Իմ վարչապետ ընտրվելն ինքնաբերաբար կնշանակի ձեզ հայտնի բոլոր տեսակի խոչընդոտների ու ապօրինությունների վերացում: Հայաստանի տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին, եւ այս գործընթացը պետք է սկսել անմիջապես եւ առանց հետաձգման, որովհետեւ սա ոչ միայն տնտեսական վերածննդի, այլեւ ազգային անվտանգության հրատապ հարց է: Հայկական կապիտալի ներհոսքին զուգընթաց պետք է մեկնարկի մեծ հայրենադարձության գործընթացը եւ հայ ժողովրդի ավելի քան հազարամյա արտագաղթի անիվը պետք է ետ պտտվի՝ հանգեցնելով Հայաստանի բնակչության շարունակական աճի: Եւ հենց այս գործընթացն է, որ պետք է արժեւորի հայկական պետականության գոյությունը, որովհետեւ մեր ընկալմամբ Հայաստանի Հանրապետության գոյության ամենակարեւոր իմաստն ու նպատակը հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումն է սեփական տարածքում եւ այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:
Ուզում եմ ընդգծել, որ այս ձեւակերպումն ու նպատակը մենք համարում ենք հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության ողնաշարն ու առանցքը, եւ այս գաղափարի իրագործման շուրջ պետք է համախմբել մեր ողջ ազգային ներուժը:
Ըստ այդմ, մենք պետք է լրջագույն բարեփոխումներ իրականացնենք, որոնք ուղղված կլինեն Սփյուռքի ներուժը ոչ միայն Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, անվտանգության, այլեւ պետականաշինության ոլորտներում առավել արդյունավետ ներգրավելու համար եւ լրջագույնս պետք է մտածել սրան խանգարող օրենսդրական կարգավորումները վերացնելու մասին: Մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սփյուռքի ներկայացուցիչների հետ այս թեմայով ինստիտուցիոնալ խոսակցություն սկսելու եւ գործնական քայլեր իրականացնելու վերաբերյալ:
Սիրելի՛ հայրենակիցներ, խոսելով սփյուռքի ներուժի մասին՝ որեւէ կերպ չեմ ցանկանում նսեմացնել այն ներուժը, որ այսօր առկա է Հայաստանում: Մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական կառավարման քաղաքական համակարգում առկա են բազմաթիվ բարձր պրոֆեսիոնալներ, որոնց տաղանդն ու ստեղծագործական միտքը բավարար չափով չեն դրսեւորվել քաղաքական լճացած իրավիճակի պատճառով:
Ուզում եմ հստակ ընդգծել, որ մենք ոչ միայն չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել, այլեւ, ընդհակառակը, ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը, մեկտեղել մեր ջանքերը հայրենիքի շենացման եւ հզորացման գործում: Մենք հույս ենք դնում պետական կառավարման համակարգում գործող բոլոր այն պրոֆեսիոնալների վրա, ովքեր իրենց դիրքին ու պաշտոնին հասել են տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ:
Ես համոզված եմ, որ Հայաստանում կենտրոնացած է նաեւ լրջագույն տնտեսական ներուժ: Հայաստանյան բիզնեսը, ըստ էության, գերեվարված է եղել իշխանական կոռումպացված համակարգի կողմից եւ իմ վարչապետ ընտրվելու պարագայում երաշխավորում եմ բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն համակարգի առաջ ունեցած պարտավորություններից՝ ակնկալելով, որ արդյունքում ազատված միջոցները ոչ թե կծվարեն օտարերկրյա բանկերում, այլ կդառնան ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ ու հատկապես այն մարզերում, որտեղ գործազրկության ծանր շունչը զգացվում է առավել ցայտուն:
Այսօր ի դեպ շատ է խոսվում այն մասին, որ գործարար դաշտում ընթացիկ քաղաքական փոփոխությունների վերաբերյալ մտավախություններ, լարվածություններ ու վախեր կան: Բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ազգային այս զարթոնքը, վերածնունդը հնից զատվելու շանս է տալիս յուրաքանչյուրին, ով պատրաստ է լինել նոր Հայաստանի նոր քաղաքացի, ով պատրաստ է չարհամարհել պետական եւ հանրային շահը:
Սիրելի՛ հայրենակիցներ, հարկ եմ համարում ընդգծել, որ չափազանց կարեւորում եմ տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտը: Տնտեսության զուտ վիճակագրական աճերը, որոնք էական ոչինչ չեն փոխում մարդկանց կյանքում, մնում են որպես սովորական վիճակագրություն: Մինչդեռ մեզ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որն իրապես կփոխի մարդկանց կյանքը, կդառնա գործազրկության կրճատման եւ աղքատության հաղթահարման իրական գործիք: Մեզ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որը կտրուկ կմեծացնի պետական բյուջեի եկամուտները, ինչն իր հերթին հնարավորություն կտա մտածելու կենսաթոշակների եւ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի իրական աճի մասին: Այս առումով ուզում եմ ընդգծել տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթություն:
Առաջնահերթություն 1:
Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի նախապայմանները, ըստ էության, այսօր առկա են մեր երկրում: Ոլորտի զարգացման ռազմավարական նպատակը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրի կայացումը, որն ի վիճակի կլինի ապահովել մեր բանակի մարտունակության եւ ազգային անվտանգության մակարդակի բարձրացումը: Ընդ որում, ռազմարդյունաբերական համալիր ասելով՝ մենք պետք է հասկանանք ոչ միայն այսօր գոյություն ունեցող տեխնոլոգիաների որդեգրումն ու կիրառումը, այլեւ պետք է մտածենք նոր, հեղափոխական գաղափարների մասին, այնպես ինչպես սմարթֆոնների հեղինակներն էին մտածում այն ժամանակներում, երբ աշխարհում հաստատվել էր բջջային հեռախոսների գերիշխանություն: Այս մոտեցումը մեզ հնարավորություն կտա արագ եւ արդյունավետ կերպով վերականգնել Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը:
Առաջնահերթություն 2:
Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ ի վերջո այդպիսի հողերի գոյության բացառումը: Այս նպատակին հասնելու համար մենք պետք է դրամատիկ ջանքեր գործադրենք, նորանոր խթաններ ու մեխանիզմներ մտածենք, ընդհուպ հարկային եւ այլ արտոնություններ սահմանենք: Այս համատեքստում իհարկե չափազանց կարեւոր է, որ կառավարությունը օգնի գյուղացուն՝ վարկային անտանելի բեռները թեթեւացնելու հարցում: Ինչպես արդեն ասել եմ, մենք մտադրված ենք բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ ինտենսիվ բանակցություններ սկսել ֆիզիկական անձանց ունեցած հատկապես գյուղացիական վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներում իրականացնելու համար՝ պետական բյուջեի, բանկերի համար ընդունելի վնասի շրջանակներում: Իսկ ընդհանուր առմամբ անզեն աչքով էլ նկատելի է, որ գյուղատնտեսության ոլորտում արտահանման ահռելի պոտենցիալ կա, որը չի օգտագործվում այդ թվում՝ արտահանման ոլորտում առկա փաստացի մենաշնորհների գոյության պատճառով: Այս իմաստով առաջիկայում բոլորի համար նոր հնարավորություններ կբացվեն, մասնավորապես դեպի Իրան խոշոր եւ մանր եղջերավոր գլխաքանակի արտահանման համար, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ գյուղմթերքի արտահանման հնարավորությունները կընդլայնվեն բոլորի համար: Գյուղատնտեսության ոլորտում մենք պետք է եւս մեկ ռազմավարական նպատակ ձեւակերպենք. այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի պետք է լինի, որքան էլեկտրական հոսանքն է տարածված եւ հասանելի: Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երեւույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել:
Առաջնահերթություն 3:
Հիմա արդեն ակնհայտ է, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացվել: Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է, Հայաստան անունը վերջին 15 օրերին գրեթե մշտապես ներկա է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում եւ մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի եւ ժողովրդի վարկանիշը: Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետեւ կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ինչ երկիր է, որ կարողացել է սիրո եւ համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել եւ գրավել է համաշխարհային հանրությանը: Զբոսաշրջիկների թվի այս սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Այս առումով մեր բոլորի անելիքը շատ հստակ է. մեր հյուրերի համար անհրաժեշտ է ապահովել սպասարկման անհրաժեշտ մակարդակ, որ հարիր կլինի Հայաստանի այն իմիջին, որը վերջին մեկ ամսվա ընթացքում ձեւավորվել է միջազգային մամուլում: Նաեւ այս իմաստով առանձնահատուկ կարեւորում եմ ոստիկանության եւ մյուս իրավապահ մարմինների աշխատանքը. այս մարմինները, հանրության հետ համագործակցելով, պետք է ապահովեն, որպեսզի քրեածին ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում շատ արագ հասնի աննախադեպ ցածր մակարդակի: Հանրապետությունում այսօր հաստատված մթնոլորտը նման արդյունքի հասնելու բացառիկ հնարավորություն է տալիս: Զբոսաշրջության զարգացման տեսակետից չափազանց կարեւոր եմ համարում օդային տրանսպորտի գների անկմանն ուղղված ջանքերի գործադրումը:
Սիրելի՛ հայրենակիցներ, իմ վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքն է լինելու Հայաստանի եւ հայ ժողովրդի հավաքական շահը: Ինչպես արդեն հայտարարել եմ, Հայաստանը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ, եւ մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերն այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Հայաստանը կշարունակի մնալ նաեւ ՀԱՊԿ անդամ՝ անդամությունն առավել արդյունավետ դարձնելու խնդիրը հետապնդելով նաեւ այս կազմակերպությունում:
Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների բնագավառներում զարգացումը մեր գլխավոր առաջնահերթությունների թվում է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, առկա հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա: Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարեւոր գործոն:
Մեր առաջնահերթություններից է եվրոպական երկրների եւ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը եւ ամբողջական կիրարկումը բխում է մեր շահերից: Մենք ամեն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ: Ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործակցությունը նոր խթանի կարիք ունի: Մենք նպատակադրված ենք հստակ գործնական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալու համար:
Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան հարաբերություններին եւ որեւէ կասկած չկա, որ քաղաքական այս գործընթացը նոր շունչ ու էներգիա է տալու մեր անմիջական հարեւանների հետ հարաբերություններին:
Մենք խորացնելու ենք Հայաստանի հարաբերությունները Չինաստանի հետ եւ արտաքին քաղաքական այս ուղղությունը համարում ենք շատ կարեւոր: Պակաս կարեւորություն չենք տալիս նաեւ Հնդկաստանի հետ մեր ավանդական բարեկամական կապերի խորացմանը:
Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն, կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի եւ դրա իրացման միջազգային ճանաչումը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որն աշխարհասփյուռ հայության գործունեության կարեւոր ուղղություններից պետք է դառնա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ես պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավարի հետ՝ որպես հիմք ունենալով վերը նշված սկզբունքային դիրքորոշումը: Հարկ եմ համարում, սակայն, ընդգծել, որ բանակցությունները չեն կարող լիարժեք եւ արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով:
Մենք հավատարիմ ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին, քանզի համոզված ենք, որ միայն ոճրի ճանաչման միջոցով հնարավոր է կանխարգելել նման հանցագործությունները: Մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ:
Մենք մեծ կարեւորություն ենք տալիս աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչն անկասկած կկազմակերպվի բարձր մակարդակով: Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է ստանձնել միջազգային այս հեղինակավոր կազմակերպության նախագահությունը:
Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության եւ տարիներ ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի բնականոն զարգացումն ապահովելու իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանում բնակվող յուրաքանչյուր մարդու տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Նախկինում նշել եմ արդեն, որ երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե մարդու գործառույթը Հայաստանի Հանրապետությունում ոչ թե ապրելը, ստեղծագործելն ու երջանիկ լինելն է, այլ տուգանվելը, տուգանվելը, ապա նորից տուգանվելը, հետո նորից տուգանվելը՝ տուգանքը ժամանակին չվճարելու համար:
Արատավոր այս երեւույթը տարածված է մի քանի ոլորտներում, բայց հատկապես զգալի է երթեւեկությանը հետեւող արագաչափերի եւ տեսախցիկների գործունեության դաշտում: Ոչ ոք չի կարող նսեմացնել երթեւեկությանն անվտանգությունն ապահովելու խնդրի կարեւորությունը: Բայց համաձայնեք, դա չի կարելի անել մարդկանց քաղաքացիական արժանապատվության, ինքնազգացողության, երկրի մթնոլորտը խաթարելու հաշվին: Երթեւեկության կանոնների, ավտոկայանատեղիների հետ կապված Հայաստանի քաղաքացիներին տարեկան միլիոնավոր տուգանքներ են նշանակվում, ինչից կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ապրում են բացառապես օրինախախտներ, ովքեր ոչ մի բանով ավելի հաճույքով չեն զբաղվում, քան օրենքները խախտելով: Այս աբսուրդ իրավիճակը ոչ միայն չի նպաստում երթեւեկության կարգապահության պահպանմանը, այլեւ ուղղակիորեն հարվածում է քաղաքացիների գրպանին, նրանց ինքնազգացողությանն ու տրամադրությանը:
Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ: Եւ նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության եւ փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը: Իսկ այն դեպքերում, երբ այնուամենայնիվ բանը հասնելու է տուգանքին ու տուգանելուն, դրանք ոչ միայն իրենց չափով, այլեւ իրենց հաճախությամբ պետք է համապատասխանեն Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին եւ ընդհանրապես տրամաբանությանը:
Այս մոտեցումն անհրաժեշտ է որդեգրել ոչ միայն երթեւեկության անվտանգության, ավտոկայանատեղիների, այլեւ ընդհանրապես բոլոր ոլորտներում: Շատ հաճախ փոքր եւ միջին գործարարությամբ զբաղվող անհատ ձեռներեցների եւ ընկերությունների վրա անիմաստ ու աննպատակ տուգանքներ են բարձված, որոնք չեն վճարվել ու չեն վճարվելու. տուգանվողներին երբեմն ավելի ձեռնտու է փակել բիզնեսը կամ ընկերությունը, քան թե վճարել այդ տուգանքները: Սա անտրամաբանական է եւ անընդունելի եւ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացուն հետապնդող, տուգանող, պատժող պետությունից շատ արագ պետք է վերածվի քաղաքացուն աջակցող, նրա հետ համագործակցող պետության: Պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն, քաղաքացին էլ պիտի սիրի իր պետությանը եւ ահա նաեւ այսպիսի արդյունք պիտի արձանագրենք սիրո եւ համերաշխության հեղափոխության շնորհիվ:
Նաեւ այս համատեքստում առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն եւ իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որեւէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը: Պետությունը պարտավոր է բանակ զորակոչված զինվորին ապահովել նրան անհրաժեշտ ամեն ինչով՝ որակյալ սննդով, հագուստով, հիգիենայի պարագաներով, կոշիկով եւ նույնիսկ անհարմար է, որ հայոց հաղթանակած բանակի զինվորի օրակարգում այսպիսի խնդիր կա:
Կատարելապես անթույլատրելի է նաեւ, որ բանակում հակառակորդի գործողության հետեւանքով կամ խաղաղ պայմաններում զինվորների զոհվելու մասին տեղեկությունները դառնան աչքի համար սովորական, լրահոսի վերնագիր: Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպ պետք է մանրամասն եւ պրոֆեսիոնալ քննության առարկա դառնա, պետք է արվեն համապատասխան հետեւություններ, պետք է ձեռնարկվեն հետագա կանխարգելիչ միջոցներ, եւ հանրությունը պետք է բավարար չափով տեղեկացված լինի այս ամենի մասին: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր եւ նույնիսկ անհնար ամեն ինչ անում է յուրաքանչյուր զինվորի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար: Իսկ բանակի անձնակազմի հետ կապված հաջորդ կարեւոր խնդիրը հետեւյալն է. մենք պետք է լրջագոււյն միջոցներ ձեռնարկենք, որ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող բանակից քաղաքացիական կյանքի վերադառնա ավելի բարձր կրթական ցենզով, քան ունեցել է զորակոչվելիս:
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ամենաակտիվ մասնակիցների շարքում էին դպրոցականները եւ ուսանողները, եւ սա բոլորիս համար պիտի ազդակ լինի, որ կրթության ոլորտում ունենք լրջագույն հիմնախնդիրներ: Այդ խնդիրներից առաջնայինը, որը խաթարում է կրթական ողջ գործընթացը եւ խեղաթյուրում կրթական օջախների գործունեության իմաստը, դպրոցների եւ բուհերի կուսակցականացումն է: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ դնել: Դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի քաղաքական գործառույթը պետք է լինի ոչ թե իշխանամետ կամ ընդդիմադիր, այլ ազատ քաղաքացի դաստիարակելը, ազատ քաղաքացին ինքը թող որոշի իշխանամետ է ինքը ուզում լինել, ընդդիմադիր, թե ընդհանրապես ապաքաղաքական: Ընդ որում, երեք տարբերակն էլ պիտի հավասարապես հասանելի լինեն եւ հանդուրժվեն միջավայրի կողմից: Միայն այսպիսի պայմաններում է հնարավոր Հայաստանի կրթական համակարգը վերադարձնել կրթական պրոցեսի բնականոն հուն, որտեղ մարդիկ գալիս են գիտելիք ու հմտություն ստանալու, ստեղծագործական միտքն ու ճկունությունը զարգացնելու եւ ոչ թե կուսակցական կամ խմբային ցուցակներում ընդգրկվելու:
Հայաստանի բուհերին պիտի տրվի լիարժեք ակադեմիական ինքնակառավարում, ուսանող-համալսարան, ուսանող-դասախոս, աշակերտ-դպրոց, աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները պետք է փոխվեն արմատապես՝ հիմքում ունենալով կրթությունը, այդ թվում՝ քաղաքացիական կրթությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը: Հայաստանի իմիջի ընթացիկ բարձրացումը մենք պետք է կարողանանք օգտագործել մեր մեկ-երկու բուհերի հենքի վրա միջազգային համալսարաններ ստեղծելու համար, որտեղ սովորելու կգան ուսանողներ արտերկրից:
Սիրելի բարեկամներ, հաջորդ կարեւորագույն իրադարձությունը, որ վերջին ամսվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանում, կանանց աննախադեպ ակտիվությունն է հանրային-քաղաքական կյանքում: Վերջին մեկ ամսվա քաղաքական գործընթացներին կանանց մասշտաբային մասնակցությունն էր կարեւորագույն գործոններից մեկը, որ մեզ հնարավորություն տվեց Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն անվանել սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Մենք պետք է իսկապես լրջագույն ջանքեր գործադրենք, որ կանանց ընթացիկ ակտիվությունը շարունակի նորանոր դրսեւորումներ ստանալ մեր հանրային, պետական կյանքում: Մենք պետք է նպաստավոր պայմաններ ապահովենք, որպեսզի կանայք ավելի շատ ընդգրկում ունենան պետական կառավարման համակարգում, քաղաքական եւ հանրային գործունեության մեջ, որովհետեւ վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ նման ակտիվությունը լիովին համատեղելի է մեր ազգային ինքնության, ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումների հետ: Նոր Հայաստանում կանայք դառնալու են կամ արդեն դարձել են հզորագույն գործոն, ու նրանց դերակատարման մեծացումը ապահովելու է Հայաստանի կայուն եւ անցնցում զարգացումը սիրո եւ համերաշխության պայմաններում: Եւ հիմա այս բարձր ամբիոնից որպես ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու՝ ուզում եմ քաջալերել Հայաստանի կանանց եւ նրանց կոչ անել հեղափոխության այս հաղթական հանգրվանից հետո շարունակել ժամանակ տրամադրել հանրային կյանքին ու գործունեությանը, որովհետեւ համոզված եմ, որ այն մթնոլորտը եւ տրամադրությունը, որ հիմա Հայաստանում ստեղծվել են նաեւ նրանց ջանքերով, խթանելու են Հայաստանի Հանրապետության զարգացումը եւ ավելի են ուժեղացնելու առանց այն էլ ուժեղ հայկական ընտանիքը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, սիրելի ժողովուրդ, վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո իմ առաջին գործը լինելու է երկրի բնականոն կյանքի ապահովումը բոլոր ոլորտներում: Հենց այսօր ես պատրաստվում եմ լսել զինված ուժերի եւ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների զեկույցը մեր երկրի արտաքին եւ ներքին անվտանգության իրավիճակի մասին: Որեւէ կասկած չունեմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները ոչ միայն չեն նվազեցրել, այլեւ բարձրացրել են մեր երկրի անվտանգության մակարդակը մեր բանակի եւ հատուկ ծառայությունների մարտական ոգին: Բայց հասկանալի է, որ լրջագույն ջանքեր եմ գործադրելու զինված ուժերի սպառազինության բնականոն մատակարարումները, բանակի եւ հատուկ ծառայությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Պետական բյուջեի եկամուտների հավաքագրումն ու ծախսերի իրականացումը պետք է տեղի ունենան բնականոն ռեժիմով: Եւ ես հայաստանյան փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին, բոլոր իրավաբանական անձանց կոչ եմ անում պատշաճ եւ ժամանակին կատարել բոլոր հարկային պարտավորությունները, պետական եւ հանրային կյանքի բնականոն կազմակերպումը չխաթարելու համար:
Ուզում եմ դիմել նաեւ հաշվիչ դրամարկղային մեքենա կիրառող եւ նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիներին: Սիրելի՛ հայրենակիցներ, հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մեր վարքագծում էական փոփոխություններ տեղի չունենան: Եւ բոլոր նման ձեռնարկատերերին կոչ եմ անում կատարված բոլոր գործարքների համար, ինչպես եւ պահանջվում է օրենքով, անպայման ՀԴՄ կտրոն տրամադրել եւ բացառել ՀԴՄ կտրոն չտալու պրակտիկան, իսկ քաղաքացիներին կոչ եմ անում բոլոր խանութներում, սրճարաններում, ՀԴՄ-ով աշխատող բոլոր տեղերում առանց բացառության հետեւողական եւ սկզբունքորեն պահանջել ՀԴՄ կտրոններ: Սա հնարավորություն կտա էականորեն ավելացնել պետական բյուջեի եկամուտները եւ առավել արդյունավետ իրականացնել պետական կառավարումը: Ի վերջո, համոզված եղեք, որ պետությանը ձեր վճարած գումարները ոչ թե թալանվելու են, այլ ծառայելու են մեր ազգային եւ պետական շահերի սպասարկմանը, քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, գործարար միջավայրի բարելավմանը:
Երկրի բնական կյանքի ապահովմանը զուգընթաց կառավարությունը պետք է ձեռնարկի նաեւ լրջագույն բարեփոխումներ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք ունենք առողջապահության, սոցիալական ապահովության, գյուղատնտեսության այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու սեփական հայեցակարգեր: Բայց սա որեւէ կերպ չի նշանակում, թե մենք պատրաստվում ենք ինքնաբերաբար մերժել նախորդ կառավարության ձեռնարկած բարեփոխումները:
Ընթացիկ այն ծրագրերը, որոնց արդյունավետությունն ու անհրաժեշտությունը կասկած չի հարուցում, կիրականացվեն բնականոն ընթացքով, իսկ այն բարեփոխումները, որոնք խնդրահարույց են կամ հանրային լայն քննադատություն ու կասկածներ են հարուցում, կրկին կդրվեն քննարկման եւ լավարկման՝ հանրային կասկածներն ու մտահոգությունները փարատելու համար: Իսկ եթե կպարզվի, որ մտահոգությունները հիմնավոր են, փոփոխությունների արդյունավետությունը կասկածելի, այդ ծրագրերը կվերանայվեն:
Ուզում եմ ընդգծել, որ առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս առողջապահության ոլորտի բարեփոխումներին: Մենք պետք է կարողանանք հնարավորինս հասնել այնպիսի արդյունքի, որ բուժման եւ բժշկական սպասարկման կարիք ունեցող յուրաքանչյուր ոք, այսպես ասած, չմնա հիվանդանոցի դռներին:
Առաջիկայում, ինչպես եւ խոստացել եմ, հանդիպում կունենամ մշակութային դաշտի ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ քննարկելու համար Հայաստանը մշակութային ճգնաժամից հանելու, մեր երկրում մշակութային հեղափոխություն իրականացնելու ուղիներն ու ճանապարհային քարտեզը:
Նկատի ունեմ՝ կառավարությունն առաջիկա ամիսներին լիարժեք եւ եռանդուն գործունեություն կծավալի հանրային պետական կյանքի ապահովման՝ առանց բացառության բոլոր ուղղություններով: Բայցեւայնպես, մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ մեր առաջիկա ամենամեծ անելիքն ընտրական համակարգի բարեփոխումն է՝ Հայաստանն իրոք ազատ, իրոք արդար, իրոք թափանցիկ ու ժողովրդավարական արտահերթ ընտրությունների նախապատրաստելու համար: Սա մեզ համար առաջնահերթություն է, որովհետեւ շարունակում ենք համոզված մնալ, որ Հայաստանի Հանրապետությունում պրոցեսները սխալ ուղղությամբ սկսել են ընթանալ, երբ երկրում սկսել է կիրառվել ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու արատավոր պրակտիկան, եւ մենք պետք է ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ օրենսդրական եւ տեխնիկական միջավայր ապահովենք՝ հետագայում այսպիսի որեւէ դրսեւորում թույլ չտալու համար: Վերջին օրերին ես արդեն իսկ շփումներ եմ ունեցել մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ քննարկելով ընտրական համակարգի օրենսդրական եւ տեխնիկական բարեփոխման հնարավորությունը եւ ուզում եմ հույս ու համոզմունք հայտնել, որ կառավարությանը կհաջողվի տրամաբանական սեղմ ժամկետներում Հայաստանը նախապատրաստել ազատ, արդար, թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որեւէ կասկած չկա, որ Հայաստանի պատմության համար նոր ու փառապանծ մի էջ է բացվել: Վերադարձ հնին այլեւս չի լինելու: Մեր երկրում այլեւս տեղ չունեն հուսահատությունն ու անելանելիությունը, մեր երկիրը պինդ կանգնած է իր ոտքերի վրա՝ բաց ճակատով եւ ամուր ողնաշարով: Քաղաքական պրոցեսների այս վերջին շաբաթվա ընթացքում, երբ լարվածությունը հասել էր գագաթնակետին, եղան որոշ քաղաքական դրսեւորումներ, որոնք մեկնաբանվեցին որպես ատելության քարոզ: Ուզում եմ համաժողովրդական շարժման անունից ասել, որ ատելությունը եւ ատելության քարոզը մեր ոճը եւ ոճաբանությունը չեն եւ մեր համոզմամբ՝ Հայաստանում չպիտի տեղ լինի նման երեւույթների համար:
Ես ուզում եմ կրկին ընդգծել, որ եկել է ազգային միասնության ժամը, ինչը չի նշանակում, թե մենք նույնական պետք է լինենք մեր կարծիքներում ու մոտեցումներում, ինչը չի նշանակում, թե քննադատությունը պիտի դիտարկվի որպես ազգային միասնության խաթարում: Դա նշանակում է ընդամենը, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ լիաթոք շնչելու է Հայաստանի Հանրապետությունում, իրեն ազատ է զգալու եւ պաշտպանված, ու պետությունը բոլոր հնարավոր միջոցներով սատարելու է երջանիկ լինելու մարդկանց իրավունքի իրացմանը:
Ուզում եմ հավաստիացնել, որ Երրորդ հանրապետության պատմության հետ, անցյալի հետ կապված բազմաթիվ հարցեր առաջիկայում անպայման պատասխան են ստանալու: Բայց այս ամենը տեղի է ունենալու ոչ թե ատելության, թշնամանքի, հետապնդումների, գիլյոտինի, այլ հանրային մեծ երկխոսության, ճշմարտության փնտրտուքի, ազգային համերաշխության եւ միասնության մթնոլորտում:
Կառավարությունը նաեւ իր իրավասության շրջանակներում ջանքեր կգործադրի, որ քաղաքական գործունեության համար բանտերում հայտնված անձինք օր առաջ ազատ արձակվեն, եւ մենք ի վերջո ազատվենք քաղբանտարկյալ ունեցող երկրի ամոթալի խարանից:
Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի պատմության մի փառավոր էջ:
Եւ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն