«Բրավո, հայ ժողովուրդ»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց աշխարհահռչակ երգչուհի Ռոզի Արմենը:
Նա նշեց, որ շատ հպարտ է հայ ժողովրդով, շատ ազդված ու տպավորված է. «Հայ ազգը նորից շունչ տվեց բոլոր աշխարհին՝ որպես ճիշտ օրինակ է: Նոր սերունդը՝ կրթված, հարգանքով, խելոք, այս սիրուն երիտասարդները մեր փոքրիկ երկրում պետք է կառուցեն իրավական պետություն, և վստահ եմ, որ մի օր էլ ամբողջ աշխարհի հայերը կգերադասեն վերադառնալ Հայաստան»:
Երգչուհի Հասմիկ Պապյանը հայտնեց, թե մի քանի շաբաթ առաջ ոչ ոք չէր կարող հավատալ, որ այսօր միասին համախմբված, հաղթանակած կհավաքվենք իր նշանակությունը գտած, իր հավատը վերընդունած Հանրապետության հրապարակում և կտոնենք հաղթանակ. «Դուք ստեղծեցիք այս հեքիաթն ու հավատացիք, և հայտնվեց այն ասպետը, որը մեզ ազատագրեց և վերադարձրեց մեզ մեր երկիր դրախտավայր Հայաստանը: Մենք անելիք շատ ունենք, չվհատվեք, հետ չկանգնեք ձեր ճանապարհից, այն արդար է»:
Ազատամարտիկ Սասուն Միքայելյանը հայտարարեց՝ 30 տարի հետո հայ ազգը նորից իր ողնաշարն ուղղեց. «Ես ուզում եմ բոլորին ասել, որ կռվում են բանակները, ժողովուրդը, սակայն հաղթում են նահատակները: Սա նաև մեր նահատակների հաղթանակն է, որ հիմք դրեցին մեր անկախ պետությանը, բայց չտեսան: Ես, լինելով ազատամարտիկ, 1992-ին Շուշիի ազատագրման ժամանակ այսօր ծանր վիրավորվել եմ, և հիմա իմ ժողովրդի հետ իմ վերածնունդն եմ տոնում»:
Ելույթներից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք գնում են աշխատելու, իսկ ժողովուրդը թող տոնի, բայց նաև զգուշացրեց, որ տոնը պահեն բարձր մակարդակի վրա. «Հատկապես երիտասարդներին պիտի խնդրեմ, որ մեքենաները վտանգավոր ձևով չվարեք, էլ չեմ ասում առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ չպետք է լինեն, երթևեկության կանոնները խստիվ պետք է պահպանվեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ