Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի՝ 3 քայլ հետ գնացեք կոչին, երիտասարդները բղավեցին՝ ոչ մի հետ քայլ, միայն առաջ

Մայիս 08,2018 15:27

Այն բանից հետո, երբ Հանրապետության հրապարակի մեծ էկրանին, որով հեռարձակվում էր Ազգային ժողովի նիստը, հայտարարվեց, որ վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը, հրապարակում իսկական քեֆ-ուրախություն սկսվեց: Երիտասարդները միմյանց շնորհավորում էին՝ վանկարկելով «Նի-կոլ վար-չա-պետ»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանի՝ բեմից այն կոչերին, որ երեք քայլ հետ գնան անվտանգության նկատառումներով, երիտասարդներն ի պատասխան, բղավում էին՝ ոչ մի հետ քայլ, միայն առաջ:
Ազգային ժողովի նիստից հետո հրապարակում ռոք համերգ սկսվեց, որը, սակայն, որոշ քաղաքացիների այնքան էլ սրտով չէր, նրանք խմբեր կազմած՝ իրենց ուրախությունն արտահայտում էին զուռնա-դհոլի հնչյունների ներքո: Փոքրիկները, սակայն, չհասկանալով ինչ է տեղի ունենում, շարունակում էին «մերժել Սերժին» ու վեր պարզած պահում էին Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ պահանջելով, որ «Նիկոլը վարչապետ դառնա»:

Երիտասարդները մատնացույց անելով գետնին թափված աղբը, միմյանց հորդորում էին վաղը լինել հրապարկում, քանի որ կարեւոր գործ կա. պետք է հրապարակը մաքրեն:
Այսօր էլ դեպի հրապարակ տանող որոշ փողոցներ փակվեցին: Մի խումբ երիտասարդներ իրենց հաղթանակը նշում էին Տիգրան Մեծ փողոցի մեջտեղում. ավտոմեքենաները կանգնեցրել ու բարձր հայկական երաժշտություն էին միացրել: Նրանց էին միանում նաեւ մեծահասակներ:

Փակ փողոցների հետեւանքով այլ հարակից փողոցներում խցանումներ սկսվեցին:
Փողոցային առեւտուրն այսօր էլ հաջողություններ արձանագրեց.
«շլորի», «ցոգոլի», բամբակի, պաղպաղակի, ջրեղենի բիզնեսը «աջ» գնաց: Վաճառողները չէին հասցնում մատակարարել: Եռագույն դրոշի «գործը» նույնպես լավ էր: Մեծ դրոշը վաճառվում էր 3 հազար դրամով, փոքրիկ դրոշները՝ 500 դրամով: Նիկոլ Փաշինյանի նկարով փոքրիկ նկարները եւս հերթի տակ վաճառվեցին՝ մեկ հատը 500 դրամով:
«Դուխով» մակագրությամբ գլխարկների գինը կրկնակի բարձրացել էր, 1500 դրամի փոխարեն դրանք վաճառվում էին 3 հազար դրամով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031