Քիչ առաջ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Հանրապետության հրապարակ: Այստեղ հավաքված քաղաքացիներն, իրար հերթ չտալով, լուսանկարվում էին Փաշինյանի հետ:
Մինչ հարթակից Նիկոլ Փաշինյանի ելույթը հնչեց ՀՀ օրհներգը:
Իսկ հարթակից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ հպարտ քաղաքացիներ, այսօր դուք հաղթեցիք: Այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի որևէ ոտնձգությամբ խլել ձեր այդ հաղթանակը: Ուզում եմ հստակ արձանագրենք՝ որն է ձեր հաղթանակն ու դրա էությունը: Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ: Կապ չունի, թե ով կլինի ՀՀ վարչապետ: Այսօր միայն մեկ սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ, և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է: Պետական պաշտոնը՝ նախագահ, վարչապետ, թե ԱԺ պատգամավոր կամ նախագահ, դրանք ընդամենը ծառայություն են ժողովրդին: Սրանից հետո ժողովուրդը պիտի հոգ տանի, որ բոլոր պաշտոնյաները՝ վարչապետ, նախագահ և մնացածը, ազնիվ ու անմնացորդ ծառայեն ժողովրդին, հակառակ դեպքում ժողովուրդը պետք է անի իր քայլը, ինչպես արեց 2018-ի ապրիլին:
Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ հայտարարում եմ, որ ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ արդեն ապրում ենք հենց հիմա ազատ և երջանիկ Հայաստանում»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն պետք է կոնկրետ գործով զբաղվել ու հայտարարեց. «Առաջիկա կես ժամվա ընթացքում պաշտոնապես կստանձնեմ ՀՀ վարչապետի պարտականությունները, որից հետո արդեն կլսեմ զեկույց ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ մարմինների ներկայացուցիչների կողմից ՀՀ անվտանգային միջավայրի մասին և մի քանի զեկույցներ, այնուհետև կանցնեմ իմ պարտականությունների կատարմանը»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետ՝ 59 կողմ եւ 42 դեմ ձայներով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
պարոն փաշինյան շնորհավորում եք ձեր վարչապետի պաշտոն ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՈՒ ԲԱՐԻ աստվաԾ ՄԻՇՏ ՁԵՐ ԿՈՂԿԻՆ ԼԻՆԻԴՈՒՔ Է ԼԻՆԵՔ քաղաքացիների կողկին եվ բոլորն արդեն գիտի որ շատ լավ կլինի