Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա պիտի լռե՛ս». Վահրամ Բաղդասարյանը լռեցրեց Սասուն Միքայելյանին

Մայիս 08,2018 14:39

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր Փաշինյանի վարչապետ ընտրելու հարցը, ելույթ ունենալով խմբակցության անունից՝ ասաց, որ մայիսի 1-ից հետո իրենց մտավախությունները չեն վերացել, «Աստված տա, սխալվենք»:

Բաղդասարյանի խոսքով՝ «Մեզ համար անընդունելի է թշնամանքի այս մթնոլորտը, որը տիրում է ամենուր: Սեր եւ հանդուրժողականություն բառերի տակ քողարկելով՝ իրողությունները չեն փոխվի: Ընդ որում, դուք ու ձեր թիմի անդամները դատապարտեցիք, բացասաբար վերաբերվեցիք, ցավ ապրեցիք ու էլի նման բաներ, կներեք, չենք հավատում, որովհետեւ այդ բացասական վերաբերվողներն են կանգնած ամենակեղտոտ ու ստոր մեթոդների կիրառման հետեւում: Դուք հատել եք անձնականի սահմանը, թույլատրելիի գիծը եւ դժվար թե քաղաքականությամբ դա մաքրեք: Բայց, բոլոր դեպքերում, հորդորում եմ ձեզ, հանուն մեր երկրի ու ազգի ապագայի փորձել վերացնել այս համատարած ատելությունը: Այն խոչընդոտում է մարդկանց բնականոն գործունեությունը, կենցաղին, կյանքին, խոչընդոտում է նաեւ մեր հետագա աշխատանքներին»:

Վահրամ Բաղդասարյանի ելույթի ժամանակ տեղից «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանը միջամտեց ու հակադարձեց: Բաղդասարյանը արձագանքեց՝ «Հիմա պիտի լռես»: Սասուն Միքայելյանին փորձեց զսպել Արարատ Միրզոյանը:

Վահրամ Բաղդասարյանը հորդորեց քաղաքականությունը չտանել դպրոց ու ատելություն չսերմանել դպրոցահասակ երեխաների մեջ: Նա բարեկամական խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին. «Պարոն Փաշինյան, դուք կընտրվեք վարչապետ, ընդամենը մի փոքր ժամանակ անց դուք ու ձեր ստեղծած կառավարության անդամները կզգան այդ աշխատանքի հսկայական ծավալը, ծանրությունն ու դժվարությունը, որը կրում էին տարիներ շարունակ ձեր կողմից պատեհ-անպատեհ քննադատված կառավարությունները: Համոզված եմ, կարճ ժամանակ անց կընդունեք, որ նախկինում վիրավորական քննադատությունների մեջ, որոնցից շատերը հատում էին նաեւ թույլատրելիի սահմանները, սխալվել եք: Համոզված եմ, որ կունենաք ազնվություն գիտակցելու ու ընդունելու, որ ոչինչ հեշտ չի, որ նախկինում ոչինչ չտեսնելը ճիշտ քայլ չէր: Եթե համոզվեք ասածներիս մեջ, կունենաք նաեւ համարձակություն ներողություն խնդրելու այն հատվածի անունից, ովքեր այս օրերին ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտում էին իրենց պատկերացրել եւ ատելություն ու թշնամանք են տարածել շուրջբոլորը՝ չունենալով չափ ու սահմաններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031