Լեհաստանից շուրջ 30 հայեր եկել են Հայաստան` մասնակցելու տոնախմբությանը եւ ներկա գտնվելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու առիթով Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքին:
Aravot.am-ին այս մասին հայտնեց լեհահայերի երեւանյան միջոցառման կազմակերպիչ Գրիգոր Սարգսյանը, որն արդեն քսան տարի է՝ ապրում է Վարշավայում:
Նա հավելեց, որ այն օրերին, երբ Երեւանում ցույցեր էին տեղի ունենում, երկու անգամ ցույց է տեղի ունեցել նաեւ Վարշավայում` ՀՀ դեսպանատան դիմաց:
Գրիգոր Սարգսյանը եւ նրա հետ ժամանած լեհաստանաբնակ հայերը Հանրապետության հրապարակում էին` համապատասխան մակագրությամբ պաստառներով: Նրանք իրենց հետ շոկոլադ էին բերել հավաքի մասնակիցներին բաժանելու համար:
Գրիգորը պատմեց, որ երբ Երեւանում ցանկացել են մետրոյի ժետոն գնել, իր խցիկում նստած մետրոյի աշխատակցուհին տեղեկանալով, որ խումբը հատուկ եկել է Երեւան միանալու համաժողովրդական շարժմանը, դուրս է եկել, իր քարտով «բացել» է ճանապարհը, որ լեհաստանաբնակ ցուցարարներն անվճար անցնեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ