Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով

Մայիս 08,2018 14:30

Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով, որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ եւ վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին:

Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի հետ միասին, մենք պատրաստակամ ենք, ինչպես միշտ, ոչ միայն աջակցել, այլեւ շարունակաբար նպաստել Հայաստանի արդար եւ խաղաղ զարգացմանը: Այս նոր շրջադարձը նաեւ հնարավորություն է տալիս աշխարհի հայության ոգեւորությունն ու գիտելիքներն ուղղել Հայաստանի եւ Արցախի զարգացմանը:

Նույն նպատակն ունեինք, երբ 17 տարի առաջ սկսեցինք «Հայաստան 2020» նախագիծը՝ ուսումնասիրելու եւ դիտարկելու Հայաստանի կենսունակ ապագայի զարգացման ուղիները: Այդ ժամանակվանից մեր բազմաթիվ սոցիալ-տնտեսական նախաձեռնություններով՝ Ազգային մրցունակության հիմնադրամ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամ, Տաթեւի զարգացման ծրագիր, UWC Դիլիջան դպրոց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ(FAST), քայլ առ քայլ՝ նախագիծ առ նախագիծ, մենք վերագտնում ենք մեր երազած Հայաստանը եւ սովորում կառուցել հայրենի երկիրը:

Առաջին իսկ օրվանից մենք ընդունել ենք, որ մեր ջանքերի դատավորներն ու շահառուները նախ եւ առաջ այդ օրերի երեխաներն են: Անցյալ շաբաթ մենք ուղղակիորեն ականատես եղանք ուսանողների եւ երիտասարդ մասնագետների հույսի, սկզբունքի եւ ուժի դրսեւորմանը. նրանք հենց այն երեխաներն էին, որոնց մենք ուզում էինք նոր կարողություններով օժտել:

Այսօր երիտասարդ Հայաստանի Հանրապետությունն ունի նոր ղեկավարություն, որին վստահված է կառուցել բարեկեցիկ երկիր՝ մարդասիրական արժեքներով, հանուն ազատության եւ հավասար հնարավորությունների՝ համախմբելով բոլորի ջանքերն ու ունակությունները:

Ընդամենը երկու տարի է մնացել 2020 թվականին: Չնայած լավագույն արդյունքի հասնելու համար երկու տարին կարճ ժամանակ է, բայց գործընթացն սկսելու համար անհրաժեշտ ուսումնասիրություններն ու ռեսուրսներն արդեն առկա են եւ կարող են օգտագործվել նպաստելու առաջընթացի արագացմանը: Այն ոլորտները, որոնք մենք նախանշել էինք 2003թ.` կրթություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսներ, շարունակում են մնալ կենսական Հայաստանի զարգացման համար: Օրենքի գերակայությամբ եւ հավասար հնարավորություններով զարգացող միջավայրում այս ոլորտները կարող են դառնալ Սփյուռքի եւ միջազգային աշխարհի ներգրավվածության եւ Հայաստանի ու Արցախի զարգացման ու կայունության արդյունավետ ուղղություններ:

Այսօր մենք մնում ենք հավատարիմ հայ ժողովրդի լավագույն ապագան կերտելուն՝ աջակցելով Հայաստանի Հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ համընդհանուր նպատակներին հասնելու համար:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի

Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031