«Այսօր հնչող հարցը մեկն է՝ ինչպե՞ս հաջողեց ժողովրդական շարժումը…Տասնյակ տարիներ շարունակ՝ այս եւ նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են՝ մարդու մեջ քաղաքացուն սպանելու համար: Թվում էր, թե հաջողել են: Նույն հարցը պակաս սրությամբ հնչում էր նաեւ 2016թ. ապրիլին, երբ շատերը վստահ էին՝ համատարած հուսալքության ճգնաժամի խառնարանում հնարավոր չէ ինքնազոհաբերում, բայց մեր զինվորները դարձան բոլորիս որդին ու հերոսը»,-ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Իր ելույթում նա նշեց, որ սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող իշխանությունը, որը ժողովրդին դիտարկում է որպես «ընտրաքվեի զանգված», պարտվում է:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ պատգամավորներին լուսանկարով ցույց տվեց Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին եւ մատնանշեց՝ ժողովրդի թեկնածուն է Նիկոլ Փաշինյանը: «Դա պետք է արձանագրել եւ դուրս չմնալ համազգային զարթոնքից, հավասարության մթնոլորտից»,-եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ 59 կողմ ձայնով Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ընտրվեց ՀՀ վարչապետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ