Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում հանգրվանային կարևորություն ունեցող ընտրության առթիվ:
Նա պաշտոնն ստանձնում է երկրում աշխուժացած քաղաքացիական կյանքի, վերանորոգ հույսի ու նոր հեռանկարների համաժողովրդային մթնոլորտում: Կառուցողական բարեփոխումների հնարավորությունը հուսալի է թվում այսօր, երբ Հայաստանը շրջում է կառավարման անցյալի էջը՝ ազգային միասնականության ու բարգավաճման նոր փուլ թևակոխելու տրամադրությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ազգային գերակայությունների օրակարգը մշակելու ու պետության բնականոն գործընթացը ղեկավարելու ծանր պատասխանատվության առջև: Լայն տարողություն ունեցող այս հանձնառության ստանձնումը ենթադրում է մնայուն մարտահրավերների դիմագրավման կողքին, Հայաստանի վերածննդից ի վեր, անցնող 27 տարիների ընթացքում իրագործված ձեռքբերումների ամրապնդումը:
ՀԲԸՄ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին լավագույնն է մաղթում իր բոլոր նախաձեռնություններում: Մենք պատրաստ ենք ժողովրդի կյանքի բարելավմանն ուղղված մեր աշխատանքներով արդյունավետ գործակցություն ցուցաբերել նորընտիր վարչապետին ու նրա կառավարչական կազմին:
Հավատարիմ 112 տարիների իր ազգանվեր առաքելությանը, ՀԲԸՄ-ն շարունակելու է գործել հայրենի կառավարության կողքին ի նպաստ հայ ժողովրդի բարօրությանը Հայաստանում թե սփյուռքում՝ կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ու ըստ անհրաժեշտության՝ մարդասիրական օգնության ծրագրերի միջոցով:
Ինչպես տարբեր առիթներով բազմիցս հայտարարել ենք, ՀԲԸՄ-ն համոզված է, որ կառավարական բոլոր մարմինների, ինչպես նաև Հայ Եկեղեցու սերտ համագործակցությամբ է միայն հնարավոր լավագույնս ծառայել մեր ազգի և ժողովրդի շահերին:
Հիմնված 1906-ին, Հ.Բ.Ը.Մ.ը (www.agbu.org), աշխարհի մեծագույն ոչ-շահամետ հայկական կազմակերպությունն է: Միության կենտրոնը գտնվում է Նյու Յորքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հ.Բ.Ը.Մ. -ը սատարում է հայեցի ինքնության և ժառանգության պահպանմանը եւ մշակմանը՝ կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերով: Միության գործունեությունները ընդգրկում են տարեկան ավելի քան 500,000 հայեր՝ աշխարհի տարածքում:
AGBU Press Office