ԱԺ հատուկ նիստում պատգամավորներն այսօր վարչապետ են ընտրում:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց, որ այսօր պատմական օր է, բոլորս պետք է ուրախանանք, այսօրվանից անշրջելիորեն փոփոխություններ են լինելու, ՀՀ քաղաքացիների կյանքը ավելի երջանիկ դարձնելու հնարավորություն է:
Արամ Սարգսյանն ասել էր, որ մի տեսակ հավեսով չեն, տխուր են, տոնական չեն: Մարուքյանն ասաց, որ դա միայն ԱԺ շենքում է, մինչեւ այս շենք հասնելը՝ այլ տրամադրություն է:
Մարուքյանի խոսքով՝ «Քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է: Մեր նման երկրներում՝ հետխորհրդային, այլ պիտակավորումներ կան քաղաքական գործունեության վերաբերյալ, մենք միշտ դրժել ենք դա, ասել ենք՝ մենք քաղաքականության մեջ ենք՝ մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու»: Նա ասաց, որ ակնհայտ էր, այն համակարգը, որը տասնամյակներով կար, փտել էր ու փտել էր ֆիզիկապես, բարոյապես, արդեն անհնար էր այդ համակարգով շարժվել առաջ. «Համակարգը քանդվել է, ժողովուրդը եւ մենք այսօր հնարավորություն ունենք կառուցելու նորը, սկզբունքայինը՝ կարեւոր արժեքների, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ՀՀ պետական շահերի վրա խարսխված»:
Մարուքյանը կանխատեսեց, որ ԱԺ-ում, նաեւ այլ տեղերում փորձելու են խանգարել հնարավորինս, որ ծրագրերը չիրագործի, փորձելու են ամեն բան անել, որ այս հույսերը, զարթոնքը տեղ չհասնի. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ապարդյուն ջանքեր են լինելու»: Մարուքյանը հայտարարեց, որ «Ելքը» կանգնած է հեղափոխության թիկունքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկունքում,նրա կառավարության թիկունքում ու անառարկելիորեն աջակցելու են այդ կառավարության բերած փոփոխություններին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ