Այսօր ԱԺ հատուկ նիստում, ինչպես նշել ենք, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ականները, ոչ էլ որեւէ պատգամավոր հարց չուղղեց, իսկ ելույթ ունենալու համար հերթագրվել է ընդամենը 5 պատգամավոր, որից մեկը ՀՀԿ-ից՝ Ալիկ Սարգսյանը, այն էլ հետո պարզվեց, որ միամիտ է սեղմել կոճակը, ելույթ չի ունենա:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը իր ելույթում ասաց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է, բայց մթնոլորտը հեչ տոնական չէ. «Ընթացքը մի տեսակ տոնական չի, ինչ-որ անհավես է, դրա համար որոշեցի խոսել ու բոլորիդ շնորհավորել Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, երկրապահների օրվա կապակցությամբ»: Նա ասաց, որ ընտրում են ոչ թե խորհրդարանականների 1/3-ի կողմից ներկայացված թեկնածուին, այլ կատարում են Սահմանադրությունը՝ ժողովրդի կամքը օրենք է:
Նա ասաց, որ իշխանության իրացումն ուզում են մարդիկ տեսնել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Դրական պատասխան ստանալուց հետո հայության մոտ դա կվերածվի տոնախմբության:
Դիմելով ՀՀԿ-ականներին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Շատ լավ հասկանում եմ ձեզ: Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը, կամ ինչպես ուզում եք դուք անվանեք, կարող է լինել նաեւ ձերը: Միանշանակ, կարող է լինել: Դրա համար պետք է պատասխանել ուղղակի մի քանի հարցի, որը ոչ թե ես եմ ձեզ տալիս, այլ՝ ժողովուրդն է տալիս: Անսխալական մարդ չկա, առավել եւս՝ անսխալական քաղաքական ուժ գոյություն չունի: Ես շատ քիչ այցելություններ եմ ունեցել ԱԺ-ի շրջանակներում արտերկրում, ականատես եմ եղել, որ իմ գործընկերները՝ լինեն իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչներ, դրսում մեր խնդիրների հարցերում միակամ ու միասնական են եղել»: Նա ասաց, որ ՀՀԿ-ն, եթե դառնա ընդդիմություն, հույս ունի, որ այդ սկզբունքը կպահի ու կպահպանի»:
Արամ Սարգսյանն ասաց, որ այն կառուցողական մոտեցումը, ինչ այսօր դրսեւորելու է ՀՀԿ-ն, հույս ունի, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության ժամանակ էլ կդրսեւորի՝ ելնելով պետության շահերից:
Արամ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաեւ այն ՀՀԿ-ականներին, որոնց ջանքերի շնորհիվ հեղափոխություն անցավ անարյուն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ