Այս պահին, երբ խորհրդարանում ընթանում է վարչապետի ընտրության երկրորդ փուլը, խորհրդարանի շենքի մոտ, «Հիմնադիր խորհրդարանի» մեկ տասնյակ անդամներ եւ «Սասնա ծռերի» համակիրները բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք պահանջում են Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում նաեւ «Սասնա ծռերի», անհապաղ ազատ արձակում:
Aravot.am-ի հետ զրույցում, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ իրենց պահանջն ուղղված է եւ արդեն նախկին, բայց դեռ փաստացի իշխանություններին եւ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պահանջն ուղղված է նրան, ով իրեն այս պահին համարում է երկրի տեր ու տիրական: Ես տեսնում եմ, որ ոչ տեր կա, ոչ էլ տիրական: Բոլորը Սահմանադրությանը մատնացույց են անում`այդ դեպքում վարչապետը չկա, այս դեպքում պիտի ընտրվի, այս դեպքում մեծամասնությունը եւ ինչ-որ բաներ են խոսում ու այն Սահմանադրությունը, որ իրենք կեղծել են, իրենք էլ ընդունել են, հիմա անգամ վիզ չեն ուզում վերցնել, որ կեղծված է էդ Սահմանադրությունը: Ոչ այսօրվա «նախկին» իշխանությունը, ոչ էլ նոր եկողներն են դրա մասին խոսում, որ Սահմանադրությունը կեղծված է: Ու ընկել են էդ կեղծված սահմանադրական փնտրտուքների մեջ, ինչ-որ հարցեր են լուծում, իսկ քաղբանտարկյալները մնում են անազատության մեջ»:
Aravot.am-ի հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է`հատուկ հանձնաժողով կստեղծվի, որը կզբաղվի Հայաստանում քաղբանտարկյալների հարցերով, Գագիկ Սարուխանյանը հակադարձեց. «Լսեք, ինչ հանձնաժողով: Կարող է պատահի հարցեր են առաջանում դատավարության միջոցով կամ… մի հատ համաներում արա, առաջին հրամանագիր ստորագրի»:
Նկատեցինք`պետք է դառնա վարչապետ, որ կարողանա անել: Գագիկ Սարուխանյանը չհամաձայնեց. «Պիտի դառնա՞: Կներեք, 200 հազար մարդ եթե կանգնում է ու ստիպում, որ վարչապետ հեռանա`Սերժ Սարգսյանը, 200 հազար մարդ չէ՞ր կարող ստիպել, որ անմիջապես, երկու ժամվա ընթացքում համերում ստորագրի եւ հեռանա»:
Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ շատերի դեպքում, դատական գործընթացում կարելի է ուղղակի խափանման միջոցը փոխել, ինչպես Անդրիաս Ղուկասյանի դեպքում եղավ:
Գագիկ Սարուխանյանը կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը, որն այս փուլում, իր կարծիքով, գերազանց կատարեց իր վրա դրված գործառույթը, այնուհանդերձ քաղբանտարկյալների հարցում հապաղում է: «Այսօր Շուշիի ազատագրման օրն է: Պավլիկ, Ժիրայր… տղաներն էնտեղ, դուք նստել ինչ-որ նիստե՞ր եք անում: Ես արդեն սկսում եմ չհասկանալ: Չնայած շուտվանից չէի հասկանում որոշ հարցեր, բայց ասում էի, դե լավ, ժողովուրդը խանդավառության մեջ է, սպասենք: Միգուցե ինչ-որ բան ես չեմ հասկանում, այլ մարդիկ կհասկանան`կասեն: Էս հարցը պիտի կտրուկ դրվի`Հայաստանը առանց քաղբանտարկյալների: Հիմա դե-ֆակտո իշխանությունը փոխված է եւ իշխանությունը փաստացի Նիկոլի ձեռքն է: Նիկոլն այս օրերին ևս գործում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությամբ»,- ասաց նա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ