Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրությունն է: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ խմբակցությունը այս անգամ էլ միասնական կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
Փաշինյանի՝ կառավարությունում օլիգարխներ չեն լինելու, բիզնեսն էլ տարանջատվելու է քաղաքականությունից հայտարարության մասին Ծառուկյանն ասաց՝ «Ծառուկյանը երբեք ու երբեք քաղաքականությունը չի ծառայեցրել, չի համարել իր համար բիզնես, և քաղաքականությունով չի զբաղվում, որ կարողանա իր բիզնեսը ավելի զարգանա: Ծառուկյանը միշտ էլ, հակառակը, պիտանի է եղել՝ հնարավորություն ու պայման ստեղծելու, որ կարողանանք մեր նպատակներին հասնել»:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տեղին է, այն քաղաքական գործիչները, որոնք քաղաքականությունը համարում են իրենց համար բիզնես և ծառայեցնում են իրենց բիզնեսի զարգացման, բարգավաճման, մենաշնորհ ձեռք բերելու համար, չպետք է լինեն քաղաքականության մեջ:
Լրագրողները Ծառուկյանին հիշեցրին՝ Հայաստանի Սահմանադրությունն է արգելում, որպեսզի պատգամավորը զբաղվի գործարարությամբ, Ծառուկյանը պատասխանեց. «Ամերիկայի պես երկիրը, որը համար առաջինն է աշխարհում, այսօր ո՞վ է իրենց նախագահը: Կարող ա Սահմանադրություն գրողը սկի չի հասկացել ինչ ա գրել: Բայց ես այսօր ասում եմ՝ Թրամփը ԱՄՆ նախագահն է եւ Օբամայից ավելի էֆեկտիվ ու արդյունավետ է այս ճգնաժամի ժամանակ»:
Մեր հարցին՝ արդյոք Ծառուկյանն էլ նման նպատակ ունի, որ Թրամփի օրինակն է բերում, վերջինս պատասխանեց՝ «Ես ասում եմ՝ Ծառուկյանն այդպիսի նպատակ չունի, չի ունեցել: Եթե Ծառուկյանն այդպիսի նպատակ ունենար, ես անցյալ անգամ էլ ձեզ ասացի՝ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից քաղաքական գործիչներով, արվեստով, մշակույթով, կրթությունով, փոքր ու միջին բիզնեսով, գործարարներով առաջարկել են Ծառուկյանին թեկնածու դնելը: Բայց Ծառուկյանն ասել ա՝ ես չեմ ցանկանում եւ հիմնականը հարգում եմ իմ ժողովրդին եւ ժողովրդի որոշումը: Եթե Ծառուկյանը ցանկանար, կարող էր, եթե առաջին անգամ, Նիկոլ Փաշինյանը չընտրվեց, մենք մեր թեկնածությունը դնեինք: Բայց ես հարգում եմ իմ ժողովրդին, այդպիսի ցանկություն չունեմ, չեմ էլ ուզում այդպիսի ծանրության տակ մտնել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, Ծառուկյանն էլ թեկնածությունը կդնի. «Մենք քաղաքական ուժ ենք, որը քսան տարի լիարժեք արել ենք, անում ենք, անելու ենք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ