ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը, այս անգամ թեկնածուին ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նախորդ անգամ՝ մայիսի 1-ին Արարատ Միրզոյանն էր դա անում:
Լենա Նազարյանն ասաց, որ այսօր պատգամավորները վերջին հնարավորությունն ունեն դեմ չգնալու ժողովրդին, Հայաստանի եւ Արցախի շահերին:
Այսօր հայոց պատմության արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման տարեդարձն է, ուստի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսեց շնորհավորանքով: Նա ասաց, որ ՀՀ-ում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հիացրել եւ զարմացրել է աշխարհին, ՀՀ հեղինակությունը բարձրացել է, սա մի հնարավորություն է, որը պետք է ծառայեցնել ժողովրդին, անշրջելի եւ անառարկելի դարձնել Շուշիի ազատագրման եւ ընդհանրապես մեր ժողովրդի մղած հաղթանակները:
Նա ասաց, որ ուզում է սիրո եւ զորակցության ուղերձ հղել Արցախի հանրապետությանը եւ նրա հերոսական ժողովրդին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի ստեղծում, այլեւ նոր հնարավորություն է ստեղծում Արցախի ժողովրդի համար:
Նա ասաց, որ արդյունքը լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե ամբողջ աշխարհի կողմից ճանաչումը: Այսօր մոտ ենք դրան, քանի որ մեր ժողովուրդը համախմբված է:
Փաշինյանը հայտարարեց, որ կարծես լռելյայն կոնսենսուսի ենք եկել, որ վերջ, բռնությունն այլեւս տեղ չունի հայաստանյան ներքաղաքական կյանքում: Ներհայաստանյան հարաբերություններում ավտոմատները պետք է լռեն հավիտյան. «Հենց սա է լինելու ձեւավորվող կառավարության գործունեության առաջնահերթությունը՝ ՀՀ-ում Արցախում եւ սփյուռքում ձեւավորել ազգային համերաշխության մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրավունքի եւ օրենքի վրա հիմնված միասնություն: Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու եւ վերջ: Ընտրությունների արդյունքները այլեւս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու եւ վերջ, արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուրը կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով եւ վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու եւ վերջ: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան եւ վերջ: Հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն եւ վերջ: Որեւէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային այս ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Հարկ եմ համարում նշել, որ այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների, առանց սեփականության վերաբաշխման՝ խստորեն պահպանելով օրինականությունը, բոլոր քաղաքացիների օրինական շահերը: Քաղաքական եւ տնտեսական հետապնդումների էջը այլեւս փակված է ՀՀ-ում, օրենքը հավասարաբար ու նույն կերպ պիտի գործի ինչպես քաղաքական մերձավորների ու համակիրների, այնպես էլ քաղաքական մրցակիցների ու քննադատների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական եւ ամենակարեւոր ուղերձը, որին մենք հավատարիմ պետք է մնանք, անմնացորդ ու մինչեւ վերջ»:
Նա ասաց, որ այս օրերին տասնյակ նամակներ է ստանում սփյուռքի մեր հայրենակիցներից, որոնք հավաստիացնում են, որ կազմ ու պատրաստ սպասում են ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծմանը, որ գան Հայաստան եւ լծվեն հայրենիքի շենացման գործին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաջալերում է բոլոր մեր հայրենակիցներին, որոնք ներդրումներ են պատրաստվում անել ՀՀ-ում, նորանոր բիզնեսներ հիմնադրել, տասնյակ հազարավոր բիզնեսներ ստեղծել: Նա ասաց, որ եթե սփյուռքից գումարներ են ուղարկել իրենց հարազատներին, բայց ներդրումներ չեն արել մինչ օրս՝ հաշվի առնելով խոչընդոտները, հիմա կարող է վստահեցնել, որ այդ խոչընդոտները վերացել են, վերադարձի ժամն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ