Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այժմ կառավարության ծրագրի ընդունումից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ ռեալ տարբերակը մնում է քաղաքական համաձայնությունը. «Ժողովուրդ»

Մայիս 08,2018 11:52

Այժմ Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրությունների հասնելու երկու տարբերակ է մնում, եւ դրանք երկուսն էլ կախված են ԱԺ կոճակայիև մեծամասնության՝ ՀՀԿ-ի կամքից։ Առաջին տարբերակն այն է, որ կառավարության ծրագիրը մեկ անգամ չընդունվի, ապա երկու անգամ խորհրդարանում վարչապետի ընտրությունները տապալվեն, եւ Ազգային ժողովը լուծարվի։

Նույն տրամաբանության մեջ մեկ այլ տարբերակն էլ այն է, որ կառավարության ծրագիրը չհաստատվի, մեկ շաբաթ անց կրկին նա ընտրվի վարչապետ, կրկին ծրագիր բերի, այն մերժեն, եւ խորհրդարանը լուծարվի։ Սակայն սա այն դեպքում, երբ կառավարության ծրագիրը չհաստատվի, այդպես է նախատեսված ՀՀ Սահմանադրության 149 եւ 151 հոդվածներով։

Իսկ ինչ է նախատեսվում կառավարության ծրագրի ընդունումից հետո, եւ ինչպես կարելի է հասնել արտահերթ ընտրության։ Նախ նշենք, որ այժմ նույնիսկ «Ելք» խմբակցության անդամներն են տրամաբանական համարում, որ կառավարության ծրագիրը հաստատվի, քանի որ հակառակ դեպքում ճգնաժամային իրավիճակը պահպանվելու է։ Եվ ուրեմն, երկու կողմերն էլ արդեն տրամաբանական են համարում եւ պատրաստ են կառավարության ծրագրի հաստատմանը։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնում, թե արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները պետք է ընդունելի լինեն բոլորի համար, լինի դա երեք, թե վեց ամիս հետո։ Եվ այդ ընթացքում նա ցանկանում է փոփոխություններ անցկացնել նաեւ կուսակցությունների մասին օրենքում, կամ Ընտրական օրենսգրքում։ Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո ընտրություններն ամենաշուտը անցկացվում են վեց ամիս անց, որպեսզի կուսակցությունները հարմարվեն ու պատրաստվեն նոր խաղի կանոններին։ Սակայն այդ փոփոխությունները նախաձեռնելը ու դրանց հասնելը եւս այնքան էլ հեշտ ու արագ չէ։

Ի վերջո, հազիվ թե ՀՀԿ-ն կողմ լինի ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն՝ քաջ գիտակցելով, որ միայն դրա շնորհիվ իրենք արտահերթ ընտրություններում կկարողանան հաղթահարել ԱԺ անցողիկ շեմը, հակառակ պարագայում կհայտնվեն քաղաքական լուսանցքում։ Այնպես որ, ունենալով կոճակային մեծամասնություն՝ ՀՀԿ-ն, չի բացառվում, մերժի ԸՕ նախագիծը։ Մանավանդ, երբ ԸՕ-ն, նաեւ Կուսակցությունների մասին օրենքը համարվում են սահմանադրական օրենքներ, ըստ այդմ, պետք է ձայների 3/5–ով՝63 քվեով։

Այժմ կառավարության ծրագրի ընդունումից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ ռեալ տարբերակը մնում է քաղաքական համաձայնությունը՝ այսինքն՝ ունենալով ՀՀԿ-ի աջակցությունը։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031