Արժանի հակահարված սադրիչ, վիրավորական արտահայտություններին
Հայաստանում մշտապես, երբ սկսել են այս կամ այն շարժման վերաբերյալ հարցադրումները, թե ո՞վ է կանգնած շարժման նախաձեռնողների հետեւում՝ ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ շարժում է, այդօրինակ քննարկումներին անմիջապես հետեւել է ամենազգայուն երկրից՝ Ռուսաստանից «համահունչ» տեսակետների տիրաժավորումը: Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանին ուղղված աշխարհաքաղաքական ենթատեքստերով ՀՀԿ-ական պատգամավորների հրապարակային հարցերը բացառություն չէին, դրանք էլ զուգորդվեցին ռուսաստանցի որոշ մեկնաբանների «պոռթկումներով», այսպես ասած՝ ՀՀԿ-ականների «փոխանցումները», կարծես, տեղ հասան:
«Ռոսնեֆտ» ռուսական նավթային ընկերության փոխնախագահ, հայտնի հեռուստամեկնաբան Միխայիլ Լեոնտեւը եւ քաղաքական գործիչ Միխայիլ Յուրիեւը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի երկու թողարկումներում անդրադարձել են հայաստանյան իրադարձություններին, վիրավորական արտահայտություններ թույլ տվել Հայաստանի եւ ՀՀ հասարակության վերաբերյալ՝ խորհուրդ տալով «խեղդել հեղափոխությունն արյան մեջ»:
https://www.youtube.com/watch?v=oRlClpKR5Og
Ահա նրանց «ցնցող» մտքերից մի քանիսը: «Ռուսաստանը, որպես կայսրություն, պետք է վերադարձնի այն հողակտորը, որը նախկինում իրեն է պատկանել, եւ դիտարկի այդ ժամանակավորապես անկախացած երկիրը որպես իր պրովինցիա»,- ասում է Յուրիեւը: «Ամաչելու բան Ռուսաստանը չունի, եւ եթե որեւէ երկրում, ասենք՝ Հայաստանում, տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ապա պետք է այնտեղ իջեցնել երկու գունդ եւ արյան մեջ թաղել այդ ամենը, եթե տեղական իշխանությունը քաջություն չունի դա անելու: Եվ պետք է անել դա առանց վախենալու, թե ինչ կասի Արեւմուտքը»,- նշում է Յուրիեւը: «Ինչ ասել է հակառուսական տրամադրություններ Հայաստանում: Դա սովորական պոռնկություն է: Դա նշանակում է՝ ես լիզելու եմ այն հետույքը, որը ավելի համեղ է, ահա թե ինչ է հակառուսական տրամադրությունը Հայաստանում»,- պատկերում է Լեոնտեւը: Ապա նաեւ այսպիսի կարծիք՝ «հայերը խանգարում են Ռուսաստանին եղբայրական Ադրբեջանի ժողովրդի հետ բարեկամության հարցում»:
Այս գնահատականներին անմիջապես հետեւեցին արժանի արձագանքներ: Մասնավորապես, նախ՝ Հայաստանում ՌԴ դեսպանատունը փաստեց, որ ՀՀ-ում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները բացառապես ՀՀ եւ նրա քաղաքացիների ներքին հարցերն են. «ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերություններ կառուցելու եւ պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երեւանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ են կարծիքին, որոնք հնչեցվել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի եւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից»:
Իսկ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունն ավելի կոշտ էր եւ փաստեց, որ նման հայտարարությունները «հայ ժողովրդի հանդեպ ատելություն առաջացնելու փորձ են»: «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի երկու թողարկումների ընթացքում Լեոնտեւի եւ Յուրիեւի արտահայտությունների վերաբերյալ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը, մասնավորապես, նշեց. «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները շարունակում են մնալ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում եւ, մասնավորապես, Հայաստանի համար դաշնակից Ռուսաստանի, որի պաշտոնական դիրքորոշումը արտացոլված է տարբեր հայտարարություններում: Եվ չնայած հայտարարություններում նշված հստակ ձեւակերպումներին, ռուսական հասարակության որոշ ներկայացուցիչներ, պարզ է՝ որ կողմերից ներկայացված, որոշել են խայտառակ կերպով խեղաթյուրել մեր երկրի ներքաղաքական իրադարձությունների էությունն ու դրանք ներկայացնել իրենց համար «լիովին շահավետ» լույսի ներքո՝ այդպիսով փորձելով սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Մասնավորապես, խոսքը ռուսաստանցի լրագրող Միխայիլ Լեոնտեւի եւ քաղաքական գործիչ Միխայիլ Յուրիեւի անամոթ հայտարարությունների մասին է, որոնք վերջիններս հնչեցրել են «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում երկու թողարկումների ընթացքում (ապրիլի 26-ի եւ մայիսի 3-ի թողարկումները), որոնք ոչ միայն առաջացրին խորը վրդովմունք Ռուսաստանի հայ համայնքի շրջանում, այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում: Լեոնտեւը եւ Յուրիեւը, որոնք սխալմամբ իրենց համարում են պատմության եւ հայ-ռուսական հարաբերությունների փորձագետներ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց գնահատականներում ոչ միայն անցան թույլատրելի սահմանը, այլեւ թույլ տվեցին իրենց խոսել ամբողջ ժողովրդի եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամենացինիկ եւ վիրավորական կերպով: Մենք նման հայտարարությունները համարում ենք հայ ժողովրդի հանդեպ ատելություն առաջացնելու եւ հայ-ռուսական բարեկամության եւ դաշնակցային հարաբերություններին վնաս հասցնելու փորձ: Կարծում ենք, որ այս ամոթալի հռետորությունն ինքնին խոսում է այն մասին, որ հասարակության նման ներկայացուցիչները սպեկուլյատորներ են, եւ նրանք այլ կերպ չեն կարող կոչվել»:
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն էլ անդրադառնալով «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հաղորդումներին՝ նկատել էր, թե Միխայիլ Լեոնտեւն «ակնհայտորեն դադարել է գլուխ հանել» Հայաստանում ձեւավորված ներքաղաքական իրավիճակից: «Ի դեպ, Միխայիլ Լեոնտեւին ես անձամբ եմ ճանաչում ավելի քան քսան տարի, եւ կար ժամանակ, որ նրան համարում էի Անդրկովկասի հարցերով բավական տեղեկացված փորձագետ: Բայց այն, ինչ որ նա «դուրս տվեց» այդ եթերի ժամանակ, կարելի է գնահատել իբրեւ վտանգավոր սադրանք` ի հավելումն բացարձակ անտակտության ակնհայտ դրսեւորումներով»: Զերծ մնալով արտահայտությունների կրկնությունից՝ դեսպանն ընդգծել էր, որ Հայաստանում տեղի ունեցողը բացարձակ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, որ այս ամենում Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության փոփոխության մասին խոսք անգամ լինել չի կարող` նկատելով, որ, հավանաբար, հենց դա «ձեռք չի տալիս» Միխայիլ Լեոնտեւին: Վարդան Տողանյանը չէր բացառել, որ վերջինս ունի սեփական հետաքրքրությունները, որոնք դժվար չէ կռահել: Ամեն դեպքում, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի, նրա հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանը սեւացնելու եւ ողջ հայ ժողովրդի, այդ թվում նաեւ ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ արհամարհանք սերմանելու փորձ: Ամենայն խստությամբ դատապարտելով այդ հայտարարությունները՝ դեսպանը հորդորել էր մեկ-երկու «տեսակետների» հիման վրա հետեւություններ չանել ռուսական լրագրողական եւ էքսպերտային հանրության մասին, իսկ ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին հորդորել էր չտրվել, այսպես կոչված՝ «վերլուծաբանների» հայտարարություններին: Հավելենք, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում նշյալ հաղորդումները զայրացրել էին նույնիսկ Ռուսաստանի հայերի միությանը, տեղեկատվություն տարածվեց, որ միությունը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը։
Նաեւ դրական արձագանքներ
Սադրիչ ելույթների ու վիրավորական արտահայտությունների հետ մեկտեղ Ռուսաստանում հայաստանյան իրադարձությունները նաեւ դրական լույսի ներքո են լուսաբանվել: Հայկական եռագույնը, օրինակ, ռուսական անկախ «Դոժդ» հեռուստաընկերության տարբերանշանի վրա էր տեղադրվել: «Ազատություն» ռ/կ-ի հարցմանը հեռուստաընկերությունը պատասխանել էր, որ դա արվել է ի նշան իր ապագան ինքնուրույն կերտող Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության: «Հայաստանի դրոշը մեր հեռուստաընկերության տարբերանշանի վրա չի նշանակում, որ հեռուստաընկերությունն աջակցում է հայկական թավշյա հեղափոխությանը կամ նրա հակառակորդներին, մեր խմբագրությունը չունի դիրքորոշում այդ հարցում։ Մենք համարում ենք, որ ձեր երկրում տեղի ունեցող զարգացումները ձեր երկրի ներքին գործերն են, եւ տարօրինակ կլիներ, եթե մենք աջակցեինք կամ դեմ լինեինք ուրիշ երկրում տեղի ունեցող հեղափոխությանը»,- ասվում էր հեռուստաընկերության պատասխանում: «Միեւնույն ժամանակ, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների բոլոր մասնակիցների պահվածքը մեր խմբագրության մոտ հարգանքի զգացում է առաջացնում։ Մենք աջակցում ենք բոլորին, ով հարգում է մարդկային կյանքը, եւ հարգում ենք մի ժողովրդի, որն ինքնուրույն է կերտում իր ապագան։ Այդ պատճառով, անկախ մեր քաղաքական հայացքներից, ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ տեղադրել ենք մեր լոգոտիպի վրա ձեր երկրի դրոշը»,- «Ազատության» հարցմանը պատասխանել էին «Դոժդ» հեռուստաընկերությունից։
«Ուզում ենք՝ ինչպես Հայաստանում»
Անցյալ շաբաթ Ռուսաստանի մի շարք քաղաքներում ընդդեմ Պուտինի բողոքի ցույցեր տեղի անցկացվեցին, ցուցարարները փողոցներ էին փակում, ոստիկանները բռնի ուժ էին կիրառում: Ցուցարարները տարբեր քաղաքներում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով էին հանդես գալիս եւ վանկարկում էին՝ «Ուզում ենք՝ ինչպես Հայաստանում»: Ցուցարարները համարում էին, որ հայերն ապացուցել են՝ «ժողովուրդը կարող է իշխանություն փոխել»: «Եթե մենք վարվենք այնպես, ինչպես հայերը, բոլորին չեն կարող բերման ենթարկել»,- ասել էր ռուս ցուցարարներից մեկը:
«Մեզ Երեւանից բաժանում է ոչ թե 1800 կմ, այլ 1800 լուսային տարի»
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում ռուս հայտնի հրապարակախոս Անտոն Օրեխը օրեր առաջ ուշագրավ հոդվածով էր հանդես եկել՝ «1800 լուսային տարի» վերնագրով, որում նա նկատում էր, որ պատգամավորները, որոնք հրաժարվեցին ընտրել Փաշինյանին եւ իրավիճակը հասցրին կատարյալ անհեթեթության, չեն հասկանում պարզ մի բան. իրենց ժամանակն անցել է: «Նրանց ընտրությունը միանգամայն այլ է՝ երբ եւ ինչպես հեռանալ: Կարելի է հեռանալ հիմա, երբ դեռ ոչ մեկը չի տուժել, իսկ զանգվածային ցույցերն ու համընդհանուր գործադուլն ավելի շուտ փառատոնի են նմանվում, եւ փառք Աստծո: Անգամ, եթե փորձեն ուժ գործադրել՝ ի՞նչ բանակ այսօր դեմ կգնա ժողովրդին: Իսկ արդեն միանգամային ակնհայտ է, որ իշխանություններին դեմ է դուրս եկել ամբողջ ժողովուրդը»:
Այնուհետեւ հեղինակը եզրակացրել էր. «Իշխանությունների հիմարությունն այն է, որ երբեք չեն զգացել այն պահը՝ երբ են հոգնեցնում ժողովրդին: Իշխանությունը երբեք չի զգում այն պահը, երբ իրենից ոչ մի օգուտ չկա, միայն վնաս է: Իշխանությունները գրեթե երբեք ի վիճակի չեն ընդունել սեփական սխալները: Իշխանություններն ի վիճակի չեն հավատալ, որ մարդիկ կարող են իրենից դժգոհ լինել, իսկ դժգոհության ցանկացած դրսեւորում իշխանությունները բացատրում են ինչով ասես, բացի սեփական անտաղանդությունից: Եվ ահա Երեւանում ինչ-որ մեկն արագ բացատրություն գտավ ցույցերին՝ հանձին Սաակաշվիլիի եւ անգամ Նավալնիի: Փոքրիկ բնակչություն ունեցող փոքրիկ այդ երկրում փողոցներում ամենուր ոչ թե հարյուրավոր, ոչ թե հազարավոր, այլ հարյուր հազարավոր մարդիկ են: Բայց իշխանությունների համար ավելի հեշտ է պատկերացնել, որ այդ բոլոր մարդկանց ինչ-որ մեկը գնել է եւ հիմարացրել, քան հասկանալ, որ այդ մարդիկ պարզապես հոգնել են նրանցից, ովքեր իրենց ղեկավարում են: Ես հիմա խոսում եմ Հայաստանի մասին, բայց կարծես Ռուսաստանի մասին խոսեմ: Իսկապես, իշխանություններն ամենուր նման են իրար, միայն ժողովուրդներն են տարբեր: Այժմ գլխավորն այն է, որ Հայաստանում ամեն ինչ վերջացավ անարյուն: Ու նաեւ շատ կարեւոր է, որ մեր հիմար իշխանություններն օգնության չեկան հայկական հիմար իշխանություններին: Մեր հիմար իշխանություններին հատուկ գետաձիու նրբագեղությամբ մենք, այդպիսով, արագ տեմպերով կորցնում ենք մեր վերջին դաշնակիցներից մեկին, ու էլի լավ է, եթե դրանով միաժամանակ թշնամի ձեռք չբերենք: Ու նաեւ նայում եմ հայերին ու հասկանում, որ մեզ Հայաստանից Մոսկվա-Երեւան ուղիղ գծով բաժանում է ոչ թե 1800 կմ, այլ 1800 լուսային տարի»:
Ամփոփումը՝ «Առավոտ»-ի վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 08.05.2018