Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր Շուշիի ազատագրման օրն է

Մայիս 08,2018 10:51

Շուշիի ազատագրումը՝ Սամվել Բաբայանի հուշերում

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը նախատեսված էր սկսել դեռ ապրիլի վերջին կամ մայիսի 4-ին, բայց կային մի շարք խնդիրներ, օրինակ՝ մեր ունեցած զենքի ու զինամթերքի պակասը: Բացի այդ, միայն Շուշիով հարց չէր լուծվում. պետք էր ամրացնել Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական դիրքերն ու բնագծերը: Այդ իսկ պատճառով որոշեցինք օպերացիան սկսել այն բանից հետո, երբ կապահովվեինք զենքով ու զինամթերքով, եւ կճշգրտվեին հետախուզության տվյալները: Մենք հնարավորինս խուսափել ենք դեմ հանդիման մարտեր մղելուց եւ դիմել ենք մեր տակտիկային. հարվածել այն ուղղություններով, որտեղ հակառակորդը մեզ չէր սպասում, մշտապես փորձել ենք զգացնել, որ եթե հակառակորդը ժամ առաջ չհեռանա իր դիրքերից, ընկնելու է շրջապատման մեջ: Դա է եղել իմ մարտավարությունը Շուշիի եւ մնացած ազատագրական մարտերի ժամանակ: Արդյունքում մենք ունեցել ենք անհամեմատ նվազ կորուստներ, թեեւ սովորաբար հարձակվող կողմի կորուստները շատ են լինում:


Շուշին գրավեցինք ճիշտ ընտրված մարտավարությամբ, այլ ոչ միայն ուժային մեթոդով: Ավելացնեմ նաեւ, որ մեր որեւէ ստորաբաժանում Շուշի չի մտել դիմացից կամ թեւերից: Այդ ուղղություններում մարտնչող ստորաբաժանումներն իրենց վրա վերցրել են միայն կրակը եւ կազմակերպել ընթացիկ դիմադրություն: Մայիսի 8-ի կեսօրից հետո ադրբեջանցիները սկսեցին լքել քաղաքը, իսկ մայիսի 9-ի առավոտյան քաղաքում որեւէ ադրբեջանցի չկար: Քաղաքում չեն եղել մարտեր: Մեր ուժերը Շուշիում ադրբեջանցի զինվոր չեն տեսել: Գերի են ընկել միայն այն ադրբեջանցիները, ովքեր թաքնվել էին նկուղներում եւ տեղյակ չէին, թե իրենց շուրջ ինչ է կատարվում: Ազատամարտիկը մայիսի 8-ի մարտական գործողությունների ողջ ընթացքում մեկ մետր առաջ չի գնացել մեր խփված տանկից: Միայն մայիսի 9-ի առավոտյան, առանց դիմադրության հանդիպելու, ազատամարտիկները մտել են քաղաք…

Սրանից հետո վերահսկողության տակ առանք Շուշիի շրջանի 9 գյուղ: Հայկական ուժերը առանց լուրջ հարձակումների մտան Լաչինի շրջան՝ ապահովելով անվտանգություն աջ եւ ձախ կողմերում: Մայիսի 18-ին ինքնապաշտպանության ուժերի կազմավորումները մտան նաեւ շրջկենտրոն՝ Բերձոր քաղաք, ապա դուրս եկան ՀՀ պետական սահման, բացելով Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը՝ Մարդասիրական միջանցքը:

ՍԱՄՎԵլ ԲԱԲԱՅԱՆ

ՊԲ նախկին հրամանատար

«Առավոտ»

08.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031