Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոգեկիրը

Մայիս 08,2018 10:39

Շուշիի գրոհը

-……148, 149, 150, 151…
Շուշիից դեպի Ստեփանակերտ արձակված արկերն էր հաշվում Տիգրանը: Հաշվում էր ամեն օր, առավոտ ու իրիկուն, գիշեր ու ցերեկ:
-Որքա՞ն է շարունակվելու…

Դարավոր քաղաք-ամրոցը հավերժությունը գրկած իշխում էր իր բարձունքից: Իսկ այդ բարձունքից Ստեփանակերտը կարծես բռի մեջ էր:
-Մի քանի ամիս առաջ ինչ-որ ծրագրեր էին մշակում: Ի՞նչ եղավ: Ե՞րբ է…
Տիգրանը ողջ էությամբ այնպես էր սուզվել մղձավանջի մեջ, որ ինքն էլ չէր հասկանում՝ քնա՞ծ է, թե՞ արթուն: Աչքերը փակվում էին անուշ նիրհով, իսկ միտքը… Միտքը հառել էր Շուշվա բարձունքին: Միտքը սլանում էր փառահեղ քաղաքի երբեմնի ծաղկուն փողոցներով, հասնում վեհաշուք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի:

-…284, 285, 286… Գիշերվա խավարին էլ չեն դադարում անիծյալները: Ե՞րբ է վերջանալու:
Գիշերը նոր էր կիսվել: Զինվորների շշուկներն ավելի էին քչացել ու մեղմել, դարձել խորհրդավոր:

Տիգրանը կիսաբաց աչքերը դարձյալ ուղղեց դեպի վեր: Թանձր ամպերից այն կողմ թաքնված էր կապտավուն երկնքի անսահմանությունը:
…Ակնթարթային լույս ճառագեց հանկարծ՝ արեգակից էլ պայծառ: Երկնքի ծպտյալ խավարի մեջից ամրակուռ մի քաջալերանք, ոգեղեն, աննյութ մի ոգեւորություն մխրճվեց Տիգրանի սրտի ու հոգու դարպասներից ներս: Կարծես ծանրացավ հոգու աննյութեղեն մարմինը: Աներեւույթ հոգեկիրը մանկան քնքշությամբ պաշարեց նրան: Նույն պահին.
-Ի մա՜րտ…, սկսում ենք: Սկսում ենք…,-շշուկներով իրար էին հաղորդում Սեւանի ջոկատի ազատամարտիկները:

Տիգրանն սթափվեց վայրկենաբար: Նա զգում էր, որ իրեն հետամուտ է աննյութեղեն հոգեկիրը, աներեւույթ մանուկը: Ուղղորդում էր քայլ առ քայլ:
Բարձունքից լսվեցին թշնամու կրակահերթերն ու միանգամից սաստկացան: Սակայն ջոկատն առաջ էր ընթանում: Շարժվում էր՝ զառիթափ քարաժայռերը մագլցելով, ջանալով աննկատ մնալ լուսարձակների փնտրող լույսերից, որոնք հաճախ լուսավորում էին լերկ ժայռերը, իսկ թշնամու գնդակները նույն պահին կարծես կարկտահարում էին ջոկատը:
Գրոհող ազատամարտիկների էության մեջ կարծես մխրճվել էր հոգեկիրն ու գնդակների տարափին դիմակայելով, ուղղորդում էր անառիկ քաղաք:

-…Պահվի՛ր ժայռի ետեւում… Հիմա գնդակոծվելու ես, Տիգրան, պառկի՛ր…
Թշնամու գնդակները մահաբեր սուլոցներով անցնում էին հպվելով, արկերը պայթում՝ ցնցելով հինավուրց ժայռերի հավերժական անդորրը:
Խավարի մեջ պայթած մի արկի լուսարձակումից տեսանելի է դառնում ողջ տեղանքը:
-Սամվելին կպա՜վ,-գոռաց Տիգրանն ու փորձեց վազել դեպի հրամանատարը:
-Կանգնի՛ր, զգու՜յշ, գնդակոծո՛ւմ են: Թեքվիր ձա՛խ… Վերադարձի՛ր, Սամվելին գնդակ չի կպել, ե՛տ արի: Արի՛, գնում ենք առաջ: Դեպի Սկիզբ ենք գնում…
-Առա՜ջ, թուրքերը փախչո՜ւմ են,-գոռացին ջոկատի տղաները:
Ազատամարտիկների սրտերը պայթում էին ոգեւորությունից: Հեռուստաաշտարակի մոտից սաստիկ կրակահերթեր էին լսվում, շրջակայքը ծխում էր: Մարտիկները հասկանում էին, որ մերոնք թշնամուց մաքրում են քաղաքի ծայրամասերը:

-Տղե՜րք, թուրքերը փախչում են…
Շուշիի հարավային դարպասներից ջոկատն անցավ հարձակման՝ դեռեւս դիմադրող թշնամու ուղղությամբ: Սակավաթիվ ազերիներն, ամեն ինչ նետելով, գլուխները մի կերպ ազատում ու խուճապահար փախչում էին:
-Թուրքերը փախչում են…

-Տղե՜րք, Սուրբ Ամենափրկիչը… Ղազանչեցոց եկեղեցի՜ն…
Շուշիի Մարիամաց Օրիորդաց դպրոցից մինչեւ եկեղեցի վազում էին հեւիհեւ: Թուրքերն Ամենափրկիչը ռազմական պահեստի էին վերափոխել: Եկեղեցու շուրջը կուտակված արկերի արկղերն այս ու այն կողմ նետելով՝ ջոկատը ճանապարհ էր բացում ու ներս մտնում:

-Շուշին ազատագրված է՜… մոմե՜ր… մոմե՛ր բերեք…
Տիգրանը վառեց մոմը: Մոմ վառեցին բոլորը: Սրտերը լցվել էին հաղթության բոցավառ կրակներով:
– Մոմե՜ր, մոմե՜ր…

Ու հաղթանակի երգեր, պարեր, շուրջպարեր…

Տիգրանն արտասվում էր: Հրճվանքից: Ուրախության լուսափայլ արցունքներն ընկնում էին գետնին ու… Ծլարձակում էին գարնան պայծառակերպությունն ավետող Ձնծաղիկները, Համբարձումները, Նարգիզները…
Հանկարծ զարմանալի մի թեթեւություն զգաց Տիգրանը: Անբնական հանգստություն զգաց ուսերին, ողջ մարմնում: Սրտի ու հոգու մեջ իջնում էր հանդարտ մի խաղաղություն: Ոտքերն էին միայն ծանրացել: Ծանրացե՞լ… Ո՛չ, ո՛չ: Հզորացել էին: Պինդ հողը հազիվ էր դիմանում ոտքերի տակ:

-Ո՞ւր գնաց ՆԱ…
Մանկան տեսիլով, աներեւակ հոգեկիրն Աստծո տանը խնկարկող աղոթքների հետ համբարձվել էր առ Աստված…
Նա դեռ էլի էր գալու…

ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ

«Առավոտ»

08.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031