Քաղբանտարկյալներին ու «Սասնա Ծռերին» ազատ արձակելու մասին Մաշտոցի պուրակում երեկ կայացած բաց քննարկումները սկսվելուց առաջ նախաձեռնող «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ փաստաբան Նինա Կարապետյանցն Aravot.am-ին ասաց. «Այսօր Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը այլ խափանման միջոցի փոխարինելը բոլորի՝ ժողովրդի, իրավապաշտպանների, փաստաբանների համատեղ ջանքերի առաջին հաղթանակն է: Հույս ունեմ, որ հետագայում ակնհայտ շինծու մեղադրանքը նաեւ կվերացվի. կամ դատախազությունը կհրաժարվի մեղադրանքից, կամ դատարանն իր մեջ ուժ կգտնի վերջնականապես ազատագրվել այս իրավիճակից, այս համակարգից, այն իշխանության ռեժիմից, որը հետապնդում էր քաղաքական հայացքների համար, որը չէր պատժում այն մարդկանց, որոնք իրապես Հայաստանի դեմ ուղղված գործողություններ էին իրականացնում, ավելին, պաշտպանում էին նրանց եւ պաշտոններ ու մեդալներ էր բաժանում: Այնպես չի, որ ամսի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ, մեր կազմակերպությունը կամ անձամբ ես առաջին անգամ ենք այս մասին ասում:
Այսօր այստեղ հանդիպելու նպատակը հետեւյալն է: Ակնհայտ է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ նրանց հետ կապված պետք է դիրքորոշում ձեւավորվի: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ այս գործընթացը իրենց վրա վերցնեն, իրավիճակը վերլուծելով գնահատականներ տան նաեւ իրավապաշտպան մասնագիտացված կազմակերպությունները: Հիմա մենք հրավիրել ենք մեր գործընկեր իրավապաշտպաններին, մասնագետ իրավաբաններին: Իրավաբանների մեջ մի փոքր տարաձայնություն կա «Սասնա Ծռերի» մասով: Հնչել են տեսակետներ, որ եղել են զենքի գործադրում եւ զոհեր: Բայց այս հարցում էլ կարեւոր է ադեկվատ լուծում գտնելը եւ սթափ գնահատելը: Մնացած քաղբանտարկյալների մասով որեւէ խնդիր չկա: Հիմա փորձում ենք հանդիպել, քննարկել, միասնական հայտարարի գալ: Դա իհարկե, փողոցում չի լինելու: Կքննարկենք, միմյանց կլսենք եւ լուծումները կառաջարկենք նաեւ իրավասու մարմիններին՝ քաղբանտարկյալների հետ կապված լուծումներ գտնելու համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ