Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօր հասնում ենք կարեւոր հանգրվանի

Մայիս 08,2018 10:02

Եվ այսպես, այսօր մի քանի շաբաթ տեւած ինտրիգը կարծես թե հանգուցալուծվելու է: Իհարկե, դա պետք է տեղի ունենար մայիսի 1-ին, բայց ՀՀԿ խմբակցությունը խելամիտ վարք չդրսեւորեց, եւ խնդրի լուծումը հետաձգվեց մեկ շաբաթով: Սա այն է, ինչ շախմատում կոչվում է տեմպի կորուստ (ի դեպ, շախմատի ֆեդերացիայի նախագահը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ), երբ այս կամ այն քայլը, որը, դու, միեւնույն է, պետք է անեիր, կատարում ես ավելի ուշ, եւ իրավիճակը փոխվում է ոչ հօգուտ քեզ: Այդ քայլի հետաձգման որեւէ տրամաբանական բացատրություն ես առայսօր չեմ լսել, հանրապետականներից ոմանք ինչ-որ գաղտնիքներ են ակնարկում, որոնք նրանք իբր չեն ցանկանում բարձրաձայնել:

Կանխատեսում եմ, որ խորհրդարանի այսօրվա հատուկ նիստը ավելի կարճ է տեւելու, քան մայիսի 1-ինը, որովհետեւ բոլոր հարցերն ու փաստարկները կարծես թե արդեն հնչել են: Բայց եթե դարձյալ ինչ-որ ելույթներ հնչեն, ապա հուսով եմ՝ հանրապետականներն այլեւս չեն վախեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Նախ՝ այդ սպառնալիքներից ոչ ոք չի վախենում, երկրորդ` Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը բավականին զուսպ է (հակառակ տեսակետն են հայտնում բավականին մարգինալ համարում ունեցող հրապարակախոսները), եւ երրորդ` ամենակարեւորը` մեր քաղաքական խնդիրները լուծելու համար «տղա բերելը» վարկաբեկիչ է հենց հանրապետականների համար: Այնպես որ՝ ՀՀԿ խմբակցության քաղաքական թեւը Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու համար պետք է բերի այլ փաստարկներ, որոնք գտնելը, ի դեպ, այնքան էլ դժվար չէ:

Ի՞նչ տեղի կունենա այսօրվա քվեարկությունից հետո: ՀՀԿ-ի համար կա երկու տարբերակ. վարչապետ ընտրելուց եւ նրա ծրագիրը հաստատելուց հետո մնալ մեծամասնություն եւ հանդես գալ որպես խորհրդարանական ընդդիմություն, կամ էլ խմբակցությունը կփոքրանա, նրանից որոշակի բեկորներ կանջատվեն եւ կմնա վերը հիշատակած քաղաքականացված մասը, որը կլինի փոքրամասնություն եւ չի կարողանա ազդել խորհրդարանում ընդունվող որոշումների վրա: Իհարկե, նրանց համար ցանկալի է առաջին տարբերակը: Բայց փորձը ցույց է տալիս, որ փաստացի իշխանափոխությունից հետո նախկին իշխող կուսակցության անդամները որոշակի, մեղմ ասած, թուլություն են ցուցաբերում, որի դեպքում իրադարձությունները կզարգանան արդեն փորձարկված սցենարով:

Դե իսկ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին լուրջ փորձություններ են սպասվում` կյանքի կոչել այն գաղափարները, որոնց համար իրականացվում էր այդ հեղափոխությունը: Ի դեպ, որքանո՞վ է ճիշտ առանց կառավարության որոշման ոչ աշխատանքային օր հայտարարել, չէ՞ որ մենք պայքարում ենք օրինականության համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    …..Ոչ աշխատանքային օր՝ հայտարարության մասով, նա,ինձ թվում է,մինչեւ վերջին ժամը՝ իր անհնազանդության գաղափարն է պահպանում, իսկ վարչապետ դառնալուց հետո,դժվար թե իրեն թույլ տա այդպիսի ճոխություն,հակառակ դեպքում՝ կքարկոծենք նրան նույնպես…

  2. Գոհար says:

    Չեք կարող ,չէ, ՞ չ՛անձրևե՛լ Ժողովրդի Պառադին։
    Վերջին պարբերությունը ներկա պահին լրիվ ավելորդ էր, Պ-ն Աբրահամյան ։

    Barbra Streisand: Don’t Rain On My Parade

  3. Հ.Շ. says:

    Այս խմբագրականի միայն առաջին պարբերութեան ի արձագանգ՝ բազմաթիւ կերպերով կարելի է բացատրել թէ ինչո՞ւ մի շաբաթ առաջ ՀՀԿ-ն չընտրեց այժմու վարչապետը՝

    . ապացուցել թէ ինչ աստիճանի կրնայ հասնիլ փողոցի սպառնալիքի գործադրութիւնը, որու հարկադրանքի տակ ստիպուեցան քուէարկել 7% խմբակցութեան պետին, որ ամէն պարագայիզիրենք համարում էր ոչ-լեգիտիմ (տրամաբանութիւն բառը տեսայ սոյն պարբերութեան մէջ… )

    . ապացուցել թէ, վերջին հաշւով, իրենք են որոշելու թէ երբ այդ անձը կ’«ընտրուի» Հայաստանի վարչապետ, փողոցի աղմուկով հանդերձ, իրենց կանմքից է կախեալ այդ, ինչպէս որ պիտի շարունակեն անել իր փոքրամասնութեան կառավարութեան ամէն մի որոշումի կապակցութեամբ, ամէն անգամ որ առիթը ունենան

    . առիթ տալու որ արդէն, նա այսպէսով «վարչապետ» չդարձած իսկ, ոմանք սկսին թերեւս զարթնիլ, ու գիտակցիլ կացութեան անհեթեթ երեսներին, իսկական վտանգներին
    եւայլն. եւայլն.

    Ուրեմն, ասել որ անհասկնալի էր այդ քայլը, մի քիչ հապճեպ վերլուծում է:

    Խնդրեմ լաւ հասկանաք, չեմ պաշտպանում ՀՀԿ-ն, հիմնականօրէն՝ քանի որ անցած շաբաթների ընթացքին անդրադարձայ թէ անոր ուժը միայն ձեւական էր, կեղծիք մըն էր: Հսկայական սուտ մըն էր: Փաստօրէն այն ատեն ալ չկար նուազագոյն պետականութիւն, իսկ հիմա ել արդէն անկէ պակաս:

    Սակայն նոյն սխալը պիտի չանեմ, դիմացի կողմն ալ մակերեսային երեւոյթների հիման վրայ արժեւորելու: Եւ մանաւանդ ոչ՝ փողոցի ջլախտային իրարանցումին ազդեցութեան տակ:

  4. Լավատես says:

    Ժողովրդից Ազգ դառնալու երեք քննություններից երկուսը՝ ուժային եւ քաղաքական գործոն դառնալը հայ ժողովուրդը գերազանց հանձնեց, մնացել է վերջին ու ոչ պակաս բարդ քննություն՝ դրամատնտեսական գործոն դառնալ, երբ ժողովուրդը նույնքան ուժեղ, կարգապահ ու միաձայն կդառնա պետության հարստության միակ աղբյուրը, երբ հարուստ գործարար քաղաքացին նյութապես կապահովի եւ ուժեղ բանակ եւ ուժեղ գիտություն ու ուժեղ մշակույթ՝ այդ թվում նաեւ քաղաքական: Եթե զինվորի ու գիտնականի միջնակարգ ու բարձրագույն դպրոց կա, ապա գործարարությունը, որը նույնքան ռազմավարական է, նման կարգավիճակ չունի: Բարեկեցիկ կյանքը ՝ դա գերնպատակ չէ, այլ միայն արդյունավետ ուժեղ գործարարության արդյունք եւ ինչպես բանակում են նորակոչիկից զինվոր դարձնում, այնպես էլ գործարար զինվորագրվելը ամեն քաղաքացու պարտականությունն է:

  5. Լավատես says:

    Ամենակայուն արժույթը՝ դա ժամանակն է, ասենք գործնական պարբերությունը մի օր է, այդ դեպքում ժամանակի կիսատրոհման պարբերությունը (է՞ս ինչ էր ☺) տասներկու ժամ է: Հաջորդ օրը նոր պարբերություն է սկսվում ու նոր քսանչորս ժամ է տրվում բոլորին: Ոչինչ էլ չանես, միեւնույնն է ժամանակդ տրոհվում ծախսվում է: Նույնն էլ ասենք ոսկին, օրվա սկզբից բոլորին քսանչորս քաշ ոսկի է տրվում, որն ունի կիսատրոհման նույն տասներկու ժամ պարբերությունը, ոչինչ էլ չանես, ոսկիդ օրվա վերջում իսպառ գոլորշիանում ցնդում է, խնդիրը հետեւյալն է՝ ինչպե՞ս ծախսես ոսկիդ, որ այն կարողանաս կուտակել՝ հետագա ավելի մեծ ծախսերի համար: Ամենալավ ձեւը՝ ոսկուդ ու ժամանակիդ ծախսերը ստույգ ծրագրավորես՝ ինչի վրա ինչքան ժամանակ ու ոսկի ես ծախսելու, որ ավելորդ ծախսեր չանես, այդ դեպքում ընդհանրապես կմոռանաս ՝ժամանակ չունեմ՝ կամ ՝փողերս չի հերիքում՝ բառակապակցությունները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031