90 կմ երկարությամբ Մ6- Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերանորոգումը նախատեսված է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվում է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 38,5 կմ երկարությամբ հատվածը, որն ընդգրկում է նաեւ միջպետական ճանապարհի երեք թունելներն ու կամուրջները:
2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ էր միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը, ավտոտրանսպորտի երթեւեկությունը կատարվում էր շրջանցիկ, Ստեփանավանով ձգվող ճանապարհով: 2016թ. սեպտեմբերից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեծածավալ աշխատանքներ են կատարվել, թունելների երկարությունն ավելացվել է, դրանց ծածկն՝ ամրացվել, ճանապարհի ջրահեռացման աշխատանքներ կատարվել, մի շարք հատվածներում ասֆալտապատում է կատարվել:
Լոռու մարզի Ձորագետ համայնքի տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին ցուցանակ է տեղադրված, որին գրված է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի այդ հատվածի վերանորոգումը կավարտվի 2018թ. փետրվարի 20-ին: Որպես ճանապարհի այդ հատվածի կապալառու նշված են «Ճանապարh» ՍՊԸ –ն եւ «Կամուրջշին» ՓԲԸ-ն:
Ալավերդի-Վանաձոր ճանապարհի մեկ այլ հատվածում տեղադրված ցուցանակում որպես կապալառու նշված են «Արարատ ճանշին» եւ «Դորլիդեր» կազմակերպությունները, նշված ճանապարհահատվածի նորոգման վերջնաժամկետ նշված է 2018թ.մայիսի 1-ը: Սակայն միջպետական այդ ճանապարհի ոչ մի հատվածում ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված չեն , դեռ մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվեն: Հատկապես վատ է իրավիճակը Վանաձոր-Փամբակ հատվածում, ուր բազում փոսեր կան, ավտոտրանսպորտն այդ հատվածը հաղթահարվում է ցածր արագությամբ:
2016թ. սեպտեմբերի 14-ից Վանաձոր-Ալավերդի հատվածում երթեւեկությունը դադարեցվել էր, մինչ այդ Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու ավտոբուսի տոմսի գինը 900 դրամ էր, միկրոավտոբուսինը`1200: Երբ հասարակական տրանսպորտը սկսեց երթեւեկել շրջանցիկ, Ստեփանավանի ճանապարհով, այդ երթուղու ավտոբուսի տոմսի գինը դարձավ 1200 դրամ, միկրոավտոբուսինը`1500:
Նոյեմբերյան-Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ ճանապարհը երթուղային ավտոբուսները եւ միկրոավտոբուսները այժմ անցնում են ոչ թե շրջանցիկ Ալավերդի-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով, այլ`Ալավերդի-Վանաձոր հիմնական, կիսավարտ, դժվարամատչելի ճանապարհով: Սակայն այժմ ուղեվարձը գանձվում է շրջանցիկ ավտոճանապարհի համար`ավտոբուսների դեպքում ՝ 1200, միկոավտոբուսների դեպքում՝ 1500 դրամ: Նոյեմբերյան-Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ մեկնող քաղաքացիները նշված ավտոճանապարհի կառուցապատման ժամկետների ուշացման պատճառով տուժում են կրկնակի.շատ ժամանակ եւ նյարդեր են կորցնում կիսաքանդ ճանապարհով անցնելու պատճառով, նաեւ ավել գումար են վճարում ուղեվարձի համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ