Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնակռիվ ասելով՝ թող չթաքնվի իր հանցագործությունների հետևում. Անահիտ Ֆարմանյանը՝ Սահակ Մինասյանին (Տեսանյութ)

Մայիս 07,2018 19:25

Շիրակի պետական համալսարանի պաշտոնազուրկ արված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը պնդում է, որ բուհի վիճակը ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի օրոք ծայրաստիճան վատ է, վերջինս բազմաթիվ ապօրինություններ և խախտումներ է թույլ տվել. թալանել է բյուջեն, տոտալ վախի մթնոլորտ է ստեղծել, կառուցվածքային փոփոխությունները որպես զենք է օգտագործել անցանկալի անձանցից ազատվելու:

Մինչդեռ, իրենք հավատարմագրված, հրաշալի բուհ են հանձնել պարոն Մինասյանին՝ 2016 թվականի հունիսին:

«Մենք տվեցինք հավատարմագրված բուհ և 500 միլիոն դրամ: Պարոն Մինասյանը, երբ հայտարարում է, թե 391 կամ 400-ին միլիոնին մոտ է եղել գումարը, հարգելիներս, ես ասեմ՝այո, առկա այդքան է եղել բյուջեում, բայց դուք գիտեք, որ պետպատվեր համակարգից նաև պետությունն է փոխանցում պետական բյուջեից, դա դեռևս փոխանցված չի եղել, մոտավորապես 40 միլիոն: Շատ լավ գիտեք, ուսանողներից երբևիցե սկզբնական շրջանում չենք վերցրել վարձավճարը, վերցրել ենք լիկվիդացիոն շրջանում, այսինքն՝ երկրորդ կիսամյակի լիկվիդացիան, պարզ է մինչև սեպտեմբերի վերջ: Ավելի քան 120 միլիոն դրամ էլ եղել է կոնկրետ վարձավճարների պարտք: Ասում եմ, որ 500 միլիոն դրամից ավել գումար ենք թողել պարոն Մինասյանին»,- ասաց Անահիտ Ֆարմանյանը:

Նա հերյուրանք է որակում Սահակ Մինասյանի այն հայտարարությունները, թե Վարդևան Գրիգորյանի օրոք 5 տարի շարունակ բուհի փաստացի ղեկավարը եղել է ինքը, նաև ցանկությունի ունի դառնալ բուհի ղեկավար, հետևաբար և պատմություններ է սկսել Սահակ Մինասյանի դեմ:

«Դա բացարձակ իրականությանը մոտ չէ և ես պարոն Մինասյանին հորդորում եմ իր կատարած հանցագործությունների ու ապօրինությունների հետևում չփորձի թաքնվել՝ ի դեմս նրա, որ պաշտոնակռիվ է, աթոռակռիվ է, չկա նման բան և չի եղել: Ես եղել եմ այս բուհի 28 տարվա աշխատողը»:

Անահիտ Ֆարմանյանը նաև պատմեց, որ իրեն պաշտոնից ազատման մասին ծանուցում են տվել մայիսի 3-ին, երեկոյան ժամը 17.00-ին՝ զգուշացնելով, որ մայիսի 4-ից հեռացված է աշխատանքից: Անահիտ Ֆարմանյանի ասելով, ինքը չի ստորագրել՝ պատճառաբանելով, որ խախտված են ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» բոլոր կետերը:

«Եթե ժամկետները չեն պահպանվում, կազմակերպությունը պարտավոր է տրամադրի տույժ, հայտարարում եմ՝ ի լուր լրատվամիջոցների, պարոն Մինասյանը իմ հաշվեհամարին փոխանցել է երկու միլիոնին մոտ դրամ, այսինքն՝ տուժանք և վերջնահաշվարկ: Պահպանելով Աշխատանքային օրենսգրքի մի կետ՝ առանց հասկանալու, որ ինքը լրջորեն խախտեց Քրեական օրենսգիրքը: Այո, սա պետական բյուջե է, եթե ղեկավարը կես միլիոնից ավելի վնաս է հասցնում, սա քրեորեն պատժելի է: Պարոն Մինասյանը հստակ պիտի հասկանա, որ ինքը պիտի հեռանա, որովհետև բազմաթիվ են ապօրինությունները, որոնք գոյություն ունեն»:

Անահիտ Ֆարմանյանը նաև ասաց, որ ոչ միայն դատական կարգով պիտի վերականգնվեն բոլորի իրավունքները, այլ ռեկտորը պիտի պատասխան տա բոլոր ապօրինությունների համար: Անահիտ Ֆարմանյանը ռեկտորի դեմ բողոք կներկայացնի իրավապահներին՝ Քրեական օրենսգիրքը խախտելու համար:

Նրա համոզմամբ, կառուցվածքային փոփոխությունները զենք են Սահակ Մինասյանի ձեռքում՝ անցանկալի մարդկանցից ազատվելու. մեկ տարի առաջ կառուցվածքային փոփոխությամբ 21 ամբիոնի վարիչ ու 6 դեկան հրաժարվեցին պաշտոններից:

Անահիտ Ֆարմանյանն ասաց, որ կշարունակեն պայքարն այնքան ժամանակ մինչև Սահակ Մինասյանը հրաժարական կտա: Նա պատասխանեց նաև ռեկտորի այն հայտարարությունը, թե ինքը եղել է բուհի ամենաշատ աշխատավարձ ստացողը:

Նա ասաց, որ զբաղվել է նաև գիտական գործունեությամբ ու ամսական 100 հազար դրամ է ստացել հենց դրա համար: Նա հորդորեց պարոն Մինասյանին տարբերակել բյուջեից ստացված գումարը գիտական գործունեության համար հատկացվող գումարից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Անահիտ Ֆարմանյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031