Չնայած ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում իրենք թեկնածու չեն առաջադրելու եւ աջակցելու են պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին, ինչը օգտակար է ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար, բայց նրանցից ոմանք արտաբերում են, որ դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ Արտաշես Գեղամյան, Էդուարդ Շարմազանով եւ այլք:
Փորձենք դիտարկենք, թե ինչ իրավական հետեւանքներ կառաջանան, եթե ՀՀԿ խմբակցությունը ձախողի նաեւ պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուի քվեարկությունը կամ երկրորդ փուլը:
Ըստ այդմ՝
- Սահմանադրության 149 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով,
- Նշանակվում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Այս իրավիճակում վարչապետի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի ժամանակավոր կառավարության, ինչպես նաեւ ուժային կառույցների եւ այլ գերատեսչությունների պարագլուխները շարունակում են պաշտոնավարել:
Հաջորդը՝ հիշյալ համակարգն է տնօրինում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպման ու անցկացնելու ողջ գործընթացը:
Իմիջիայլոց, սա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքական իշխանությունը պահպանելու մոդելը կամ ճանապարհային քարտեզն է, ինչով այժմ առաջնորդվում են ՀՀԿ կլանը եւ նրա համախոհները:
Այդ դավին մասնակցում է նաեւ երկրորդ նախագահը, ով արտաբերել է. «Ինչ է պահանջվում Փաշինյանը, ինձ հենց հիմա իշխանություն տվեք. իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փախչես:
Ժողովրդական շարժումը հիմա եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո պետք է աչալուրջ գտնվի՝ խափանելու եւ առկախելու այդ հանցավոր համագործության կամ հանցավոր կառույցի դավադրությունները: Քանզի վարչապետի ընտրության փուլին հաջորդելու են կառավարության ծրագրի քննարկումները, ընտրական օրենսդրության փոփոխությունները, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Իսկ պարոն Քոչարյանին հորդորում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի փախչելու, այլեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նրա վարչապետության օրոք եւ անց են կացվելու մաքուր ու արդար, բացառվելու են բռնությունները եւ ընտրակեղծարարությունները, ընտրողներին կաշառելու պրակտիկան, որոնք արմատավորվել են ձեր պաշտոնավարման ժամանակ:
Բայց փախչողներ կլինեն, քանզի հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունների քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները դեռեւս չեն անցել:
Ըստ իս՝ ՀՀԿ խմբակցությունում կգտնվեն ողջամիտ ու խոհեմ անհատներ, ովքեր անձնական շահերից վեր դասելով ազգի ապագան, մայիսի 8-ին կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին եւ իրենց ավանդը կներդնեն նոր Հայաստանի կառուցման գործում:
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Իրավաբան, Մոսկվա