Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահակ Մինասյան. «Չեմ պատրաստվում հրաժարական տալ տիկին Ֆարմանյանի կամ պարոնայք Խորիկյանի ու Համբարյանի պատվերով». (Տեսանյութ)

Մայիս 07,2018 17:56

Շիրակի մարզային ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնից: Այսօր նա հայտարարեց իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով իրեն հասցեագրված մեղադրանքներին ու բուհի մի խումբ ուսանողների ու հեռացված աշխատակիցների կողմից իրեն ներկայացված հրաժարականի պահանջին:

Ռեկտորն ասաց, որ համալսարանի մուտքի մոտ տեղի ունեցող ցույցը իր դեմ ուղղված «ընդհատված բեմականացումների շարունակությունն է»: Նա նշեց, որ 2016 թվականին հուլիսի 18-ին սկսել է պաշտոնավարումն այս բուհում ու անմիջապես ի չիք է դարձրել մագիստրատուրայի ընդունելության քննությունները, որը և դուր չի եկել շահագրգիռ մարդկանց, հարուցել է նրանց զայրույթը:

 «Չհաշված ստացված անստորագիր նամակները՝ ուղղված բուհի ղեկավարությանը, առաջին ազդակը հնչեցրել է Սամվել Ֆարմանյանը Ազգային ժողովի ամբիոնից, երբ վարչապետ էր փոխվել: Պարտադիր ինչ-որ բան նոր վարչապետին պիտի մատուցեր. Հովիկ Աբրահամյանը գնացել էր, եկել էր Կարեն Կարապետյանը. այստեղ կատարվել են անօրինականություններ, հասեք, փրկեք: Հաշված ժամերի ընթացքում, նույնիսկ օրը չի լրացել, հետևել է վարչապետի վերահսկողության ծառայության և կրթության ու գիտության նախարարության համատեղ հանձնաժողովի ուսումնասիրությունը, որի տեղեկագրին ծանոթացել եք բոլորդ և որտեղ չի արձանագրվել և ոչ մի խախտում: Սրան հետևել են անստորագիր նամակներ՝ տարբեր գործառույթների հետ կապված»,-ասաց Սահակ Մինասյանը:

Սահակ Մինասյանն ասաց, որ 10-15 կազմակերպություններ ստուգումներ, ուսումնասիրությունն են կատարել բուհում՝ խախտումներով չարձանագրելով: Նա նաև հայտնեց, որ ի սկզբանե իրեն ասել են, թե այս ամենը կազմակերպվում է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի կողմից, որը ցանկություն ուներ ստանձնել բուհի ռեկտորի պաշտոնը, սակայն ինքը չի հավատացել:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Անահիտ Ֆարմանյանի պրոռեկտոր նշանակվելու պահից դե ֆակտո Գյումրիի մանկավարժական ինստիտուտը ղեկավարել է տիկին Ֆարմանյանը, բոլոր գործառույթները՝ գիտություն, արտաքին կապեր, ուսումնական մաս, ենթարկվել են տիկին Ֆարմանյանին: Տիկին Ֆարմանյանը չկարողացավ հաշտվել այն մտքի հետ, որ համալսարանն ունի նոր ղեկավար, նոր մոտեցումներ, հին մեթոդները չեն անցնում», -ասաց Սահակ Մինասյանը: Նա ասաց, որ Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանին հրահրողը ևս Անահիտ Ֆարմանյանն է եղել:

«Տիկին Ֆարմանյանը հրապարակում էր արել երեկ, թե առաջին օրը՝ 10 կետերով, որոնք վերաբերում էին իմ պաշտոնավարման բացթողումներին, սխալներին, հանցանքներին և զանցանքներին: Ես շնորհակալություն եմ հայտնում անկեղծության համար, որ մասով, տիկին Ֆարմանյանը ճիշտ նկարագրել է իր պաշտոնավարման ժամանակ ռեսուրսների, մյուս, մյուս խնդիրների, այսինքն՝ առանց ստեղծագործական ջանքերի զուտ թղթին է տվել իր պաշտոնավարման պատմությունը»:

Սահակ Մինասյանը, իր հրաժարականի պահանջը ներկայացում համարելով, ասաց որ թաղի տղաներ են միացել այդ պայքարին, օրինակ՝ բանջարեղենի խանութ ունեցող Սարգիսը կամ աշակերտներ, որոնք չեն սովորել բուհի դպրոցում կամ քոլեջում: Բողոքող ուսանողների իրական թիվը, ըստ ռեկտորի, 15 կամ 20-ն է:

Սահակ Մինասյանն ասաց, որ բուհում ամենաբարձր աշխատավարձը ստացել է Անահիտ Ֆարմանյանը: Նա նաև ասաց, որ եթե կառուցվածքային փոփոխություններ հիմա չիրականացնեին, որի արդյունքում էլ, ի դեպ, պաշտոնազրկվել է Անահիտ Ֆարմանյանը, չէին կարող սեպտեմբերը դիմավորել, խնդիրներ կառաջանային:

Իսկ կառուցվածքային փոփոխությունների ու Անահիտ Ֆարմանյանի պաշտոնազրկման մասին դեռ մեկ ամիս առաջ է արձանագրվել գիտխորհրդում, որտեղ, ըստ Սահակ Մինասյանի, Անահիտ Ֆարմանյանը ոչ իր կողմ, ոչ դեմ լինելն է հայտնել:

«Նա կարծիք չի ասել, որովհետև ճամպրուկային տրամադրություն ուներ, գնալու էր Երևանի մանկավարժական համալսարան, պահը օգտագործեց՝ համազգային շարժում, որոշեց, որ կարող է այդ քողի տակ՝ նսեմացնելով այդ շարժման փիլիսոփայությունը, անձնական խնդիրներ շահարկել, լուծել», -ասում է Սահակ Մինասյանը:

Սահակ Մինասյանը նաև չհամաձայնեց ցուցարարների հնչեցրած այն մեղադրանքին, որ ինքը բուհը քաղաքականացրել է: Նրա թվարկելով, Հովհաննես Խորիկյանը ՀՀԿ անդամ է, Անահիտ Ֆարմանյանը ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանի հարազատ քույրն է:

Նա նաև ասաց, որ նախընտրական շրջանում ինքը ՀՀԿ գրասենյակում է աշխատել, գյուղապետերին բուհում չի ընդունել, այն շտաբի չի վերածել:

Նա նաև անդրադարձավ այն մեղադրանքին, որ իրեն պատկանող ռեստորանային համալիրի գեներատորը վաճառել է բուհին: Ռեկտորը դա հերյուրանք որակեց, ասաց որ «Երեքնուկ» ռեստորանահյուրանոցային համալիրը վաղուց իրենը չէ, իսկ գեներատորը գնել են հայտարարված մրցույթով՝ երևանյան կազմակերպությունից: Այն լրիվ նոր է, չօգտագործված: Իսկ գեներատոր ձեռք բերելը, ըստ բանախոսի, պարտադիր է 2500 թվով ուսանողներ ունեցող բուհում, քանի որ այն միայն մեկ էլեկտրասնուցում ունի:

Սահակ Մինասյանը նաև չի ընդունում իրեն վերագրվող կոռուպցիոն սկանդալներն ու ասում է.«Չեմ պատրաստվում հրաժարական տալ Անահիտ Ֆարմանյանի կամ պարոնայք Խորիկյանի ու Համբարյանի պատվերով»:

Ռեկտորը նաև ասաց, որ ինքը բուհում որևէ ստորագրահավաք չի կազմակերպել՝ ի օգուտ իր պաշտոնավարման և ծանոթ էլ չէ Սասուն Միքայելյանին: Հիշեցնենք, որ ըստ ցուցարարների, ռեկտորը հայտարարել էր, թե ինքը մոտ է Սասուն Միքայելյանի հետ:

Սահակ Մինասյանի մամուլի ասուլիսի ամբողջական տեսանյութը այստեղ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031