ՀՀ նախագահի նորանշանակ խորհրդական Թևան Պողոսյանը, ի պատասխան հարցի՝ չի՞ պատրաստվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին խորհուրդ տալ ցույց տալ հանրությանն այն փաստաթղթերը, որոնք ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին և որոնք ապացուցում են, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին, հորդորեց լրագրողներին այդ մասին հարցնել համապատասխան մարմնից, որտեղ Արմեն Սարգսյանը ներկայացրել է այդ փաստաթղթերը:
«Հայելի» ակումբում լրագրողների բարձրացրած մյուս հարցին՝ արդեն հասցրե՞լ է որևէ խորհուրդ տալ Արմեն Սարգսյանին, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ իրենք ավելի շատ մոտեցումներն են քննարկում և ըստ դրա՝ որոշումներ կայացնում:
Այն հարցին՝ ինչո՞ւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չպաշտպանեց այն ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնց հասցեին վիրավորանքներ հնչեցին, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Նախագահը բոլոր այդ կոչերը, որ անում է իր հայտարարություններում, այդտեղ եղել են, թե հանդուրժողականությունը, թե սերը: Եթե այս բոլորի ետևից՝ ամեն մի հարևանի հարաբերությունների մեջ նախագահը պիտի հայտարարություն անի, այդ հայտարարությունը գին չի ունենա: Նախագահը բոլոր պետական մարմիններին կոչ է արել հանդուրժողական լինել»:
Այն հիշեցմանը, թե թավշյա հեղափոխության օրերին ամենից շատ օգտագործվող «դուխով» բառի համար հեղինակային իրավունք չի՞ պահանջելու, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ես 2006-ից սկսած շատ եմ օգտագործում այդ բառը: Համարում եմ՝ եթե սա լավ է եղել, թող սենց գնա: Եթե ես խելոք եմ, նոր բառ կմտածեմ»:
Հստակեցմանը՝ արդյոք Թևան Պողոսյա՞նն է խորհուրդ տվել Արմեն Սարգսյանին գնալ Հանրապետության հրապարակ՝ ցուցարարների մոտ, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Արմեն Սարգսյանն այն մարդն է, որն իր երկրի համար լավ բան է արել: Ամեն մարդու արածը գնահատեք: Ամեն մարդու պիտի շնորհակալ լինենք, շնորհակալ լինենք բոլորին, որ ունենք խաղաղ, դրական բան մեր երկրի համար առաջ տանելու և ներկայացնելու: Մի ստորակետով, փողոց փակելով, մի մեծ գործ անելով, իրենց ժպիտով մարդիկ այս ամենն արեցին: Բոլորին շնորհակալություն»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ
Իբր «դուխովը» լաւ բառ է, դեռ մի բան էլ գլուխ գովան ու հեղինակային իրաւունք պահանջե՞ն: Բա ո՞ւր մնացին ՈԳԻ, ՈԳԵՂԷՆ բառերը: Մեր հայերէն բառերը նոյնիսկ անհամեմատելի են ձեր քնձռոտ «դուխովի» հետ: Լաւ է չեն ասում «դուխով – դուխովկով» 🙂
Յ.Գ. Ուղղակի էս խառը օրերին հայերէնի ժամանակը չէ: Օրերը խաղաղուեն դրանց հերթն էլ կը գայ: