Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Վարդան Այվազյանի մամուլի ասուլիսը Հայաստանում սահմանադրական խնդիրների, հնարավոր ճգնաժամի ու դրանից խուսափելու ուղիների մասին էր:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում սահմանադրագետը մինչև վերը նշված հարցերին անդրադառնալը նախ նշեց, որ ներկայումս ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ իրավական համակարգն ունակ չեն կարգավորելու առաջ քաշված խնդիրները, ինչը պայմանավորված է դրանց նախագծման ու ձևավորման ոչ ամբողջական ու ոչ բավարար լինելու հանգամանքով: Ուստի այսօրվա իշխանության և հանրության համար մեկ առաջնահերթ խնդիր կա. ոչ մի գործընթաց չպետք է դուրս մնա սահմանադրական կամ իրավական դաշտից:
«Հասարակություն-իշխանություն հակամարտությունը բոլոր առումներով դուրս է սահմանադրական և իրավական կարգավորման շրջանակներից: Ժողովուրդը մի կողմից բողոքի միջոցով սահմանադրությամբ իրեն ամրագրված իրավունքի ուժով իրականացնում է իշխանափոխություն, իսկ մյուս կողմից իշխանությունն իրականացնում է սահմանադրությամբ սահմանված հասարակական կարգի պահպանման պարտականությունը: Ի վերջո ոչ մի իրավական ակտ չի նկարագրում՝ ինչ է խաղաղ անհնազանդությունը կամ նման իրավիճակներում ինչն է օրինական, ինչը՝ ոչ»,- փաստում է բանախոսը և հավելում, որ ըստ էության ցանկացած բախում, ընդհուպ փողոցների փակումն ու պետական նշանակության կառույցների շրջափակումը դուրս են մնում իրավական կարգավորումից:
«Վաղը ԱԺ-ում, այնուամենայնիվ, վարչապետի ընտրությունը կկայանա՝ ապահովելով պահանջվող նվազագույն ձայների շեմը: 2-րդ փուլով պետք է ձևավորվի կառավարությունը, որից հետո ԱԺ անդամների քննարկմանն ու հաստատմանը կներկայացվի կազմավորված կառավարության ծրագիր: Եթե այս պահին քիչ թե շատ կանխատեսելի է վարչապետի ընտրության արդյունքները, ապա դրան հաջորդող գործընթացների մասին նույնը պնդել չի կարելի, քանի որ ներկայումս Ազգային ժողովում կայուն մեծամասնություն են կազմում ՀՀԿ անդամները: Դա նշանակում է, որ նոր կառավարության ծրագիրը կարող է չհաստատվել՝ ձախողելով գործընթացը: Այս պարագայում կառավարությունը հրաժարական պետք է տա, որին կհաջորդի նոր վարչապետի ընտրություն և այսպես շարունակ: Մենք կհայտնվենք փակուղում. սա մեր սահմանադրության բացն է»,- ասում է բանախոսը և հավելում, որ փաստացի ժողովուրդն իր իրավունքի ուժով իրականացնում է իշխանափոխություն՝ այլընտրանք չթողնելով քաղաքական մեծամասնությանը:
Վարդան Այվազյանն ընդգծում է, որ քաղաքական ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, որ վարչապետ է ընտրվում փոքրամասնության ներկայացուցիչներից, իսկ քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում դառնում է ընդդիմադիր: Այս պարադոքսը հստակ գիտակցելով՝ ապագա վարչապետի թեկնածուն պարբերաբար ընդգծում է, որ նոր կառավարությունը բացառապես ժամանակավոր է և հանդես է գալու որպես հետագայում խորհրդարանական արտահերթ ընտրություններն ազատ, թափանցիկ ու պատշաճ իրականացնելու երաշխիք:
«Այս խնդիրը նույնպես լուրջ է, քանի որ ՀՀ ընտրական օրենսգիրքը համարվում է սահմանադրական օրենք, որում փոփոխություններ կատարելու համար պահանջվում է Ազգային ժողովի անդամների 3/5-ի ձայները: Այսինքն` քաղաքական մեծամասնությունն այս հարցում նույնպես կարող է խոչընդոտ հանդիսանալ»:
Անդրադառնալով ապագա վարչապետի և ձևավորված կառավարության ծրագրին՝ Վարդան Այվազյանը նշեց, որ կարևոր հարցերից է նաև ծրագրի մասնագիտական մոտեցումները:
«Այդ տեսանկյունից, կարծում եմ, մեր հանրությունը, հատկապես գիտական շրջանակն իր ողջ ներուժը պետք է մեկտեղի՝ օգնելու ու աջակցելու մեր պետականության կառուցմանն ու որակական բարելավմանը: Որպեսզի քաղաքական դաշտում չունենք ճգնաժամ և փակուղային իրավիճակ, անհրաժեշտ է հստակ ու գիտակցական մոտեցում ցուցաբերել պետականության կերտման դժվարին գործում: Ընդհանրապես պետականության կերտման հարցում բազմակարծությունն այնքան էլ օգտակար չէ: Դրա հիմքում բացառապես պետք է լինի գիտությունը՝ մի կողմ թողնելով ամբիցիաներն ու սեփական շահը: Այս հարցում մեծ անելիքներ ունի նաև Մայր բուհը, որն իր գիտական պոտենցիալով պետք է աջակցի նոր կառավարությանը»,- վստահեցնում է մասնագետը:
Բանախոսն ընդգծեց նաև, որ նոր իշխանությունները նախ և առաջ պետք է հստակեցնեն պետության մոդելը. «Մենք պետք է հասկանանք, թե զարգացման որ ուղիով ենք առաջ շարժվում և ինչ գաղափարներով ենք առաջնորդվում: Ուստի պետք է սահմանադրական մակարդակով հստակեցվի հայ ազգի ինքնանույնականության խնդիրը. ով է հայը, որն է հայկական պետականությունը, որոնք էլ պետք է դրվեն որդեգրած քաղաքականության հիմքում»:
Վարդան Այվազյանը պնդում է, որ բոլոր բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, առանց որոնց ոչ մի խնդիր իր լուծումը չի ստանա: Ներկայիս Սահմանադրությունն այս հարցերի պատասխանները չունի:
«Սա հեղափոխություն է, այլ իշխանափոխություն: Եթե արդյունքում մենք կարողանանք, ի վերջո, հասնել ցանկալի արդյունքների ու քաղաքական բնագավառում դրական տեղաշարժեր գրանցենք, համաշխարհային մասշտաբով այս աննախադեպ ժողովրդական շարժումը կարող է հեղափոխություն դառնալ: Այս պարագայում մենք ամբողջ աշխարհում կդառնանք քաղաքական բրենդ, ազգ, որը քաղաքակրթություն է կերտում»,- ամփոփեց Վ. Այվազյանը:
Երևանի պետական համալսարանի մամուլի հաղորդագրություն