Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին, որում այսօր որոշվեց նրա խափանման միջոց կալանքը փոխել եւ ազատ արձակել, ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Լրագրողների հետ զրույցում նա բացատրեց ներկայանալու պատճառը. «Այս գործով բոլոր նիստերին ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են: Այսօր իմ հերթն էր: Այս գործընթացը մշտադիտարկում ենք՝ վստահ լինելու համար, որ դատական համակարգը ՀՀ-ում արդար է գործում»:
Թե ինչպիսին էր Ղուկասյանի գործով նախորդ ամիսների դատավարությունը, եւ արդյոք խախտումներ արձանագրվել են, Սվիտալսկին գնահատականներ չտվեց. «Միայն կարող եմ ասել, որ ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ին, որպեսզի այստեղ զարգանա անկախ դատական համակարգ: Վստահ ենք, որ դա կարեւոր է ՀՀ-ի համար»:
Իսկ թե ինչու է ԵՄ պատվիրակությունը որոշել հենց այս դատական գործը մշտադիտարկել, դեսպանը նկատեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ Ղուկասյանի գործով դիմում կա ՄԻԵԴ-ում, միջազգային իրավապաշտպան հ/կ-ները ուշադրություն են դարձնում այս դատավարությանը: Մենք դեռ ամիսներ առաջ ենք որոշել ներկա լինել դատական նիստերին: Կարծում ենք՝ մշտադիտարկում անելը մեր պարտքն է բարեկամ ՀՀ-ի հանդեպ»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար: Այսուհետ նա նիստերին չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ