Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեծ մոնստրը կարող է սաբոտաժի գնալ». Արամ Սարգսյան

Մայիս 07,2018 17:21

«Մեծ մոնստրից ազատվեցինք, բայց դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա հորդորեց լինել զգոն, քանի որ «մեծ մոնստրը կարող է ռևանշի դիմել»:

Անդրադառնալով միջազգային մամուլում ՀՀ-ի նկատմամբ տրամադրվածությանը՝ պարոն Սարգսյանն ասաց. «Հիմնականում բոլորը զարմացած ու հիացած են: Կան առանձին մարդիկ, որոնք ելույթներով հանդես եկան: Դրանից հետո ես զանգեցի ՀՀ-ում ՌԴ դեսպանին, և նա հայտարարեց, որ դա մասնավոր կարծիք է, դա էլ ազդեց, որ իրենք առանձին հայտարարությամբ հանդես եկան: Զանգեցի նախկին կոլեգայիս՝ «Կոմսոմոլսկայա պրավդայի» գլխավոր խմբագրին: Ինձ փոքր-ինչ բացատրություն տվեց, և ոնց որ թե պատրաստվում են հայտարարություն անել»:

Պարոն Սարգսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշեց. «Այն, ինչ հայտարարել է, պետք է կարողանան իրականացնել: Եթե իրականում հենվի լայն հասարակության վրա, ոչ թե նորից մի փոքր խմբով, մենք կկարողանանք լուրջ փոփոխություններ իրականացնել ՀՀ-ում: Աստված չանի՝ իննսունականների սկզբի՝ ՀՀՇ-ի դատապարտված փորձը, դեժավյուն վերապրենք: Անփորձ, փողոցից կառավարման եկող մարդիկ մեծ վտանգ են: Այն մարդիկ, որոնք գող են եղել, ոչ մի կերպ չեն համաձայնելու, որ լինի իրավական, սոցիալական արդարություն: Նրանք ամեն կերպ կարող են սաբոտաժի գնալ»:

Արամ Սարգսյանի համար ամենակարևորն այն է, որ հստակ իրավական գնահատական տրվի նախորդներին:

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը նկատեց՝ դեռ չէր եղել նման բան, որ վարչապետի թեկնածուն ֆեյսբուքով հանրությանը տեղեկացներ իր՝ հաջորդ օրվա անելիքների մասին: Ըստ նրա՝ հաղորդակցական ալիքները սկսել են գործել. «Սկզբնական շրջանում կտեսնենք անձերի փոփոխություն, բայց եթե չաշխատենք ու համակարգը չփոխենք, ամեն ինչ կմնա միայն անձերի մակարդակում: Պետք է հասկանանք, որ դառնալու ենք օրենքի և ազատությունների երկիր և ինքնուրույն ենք հաղթահարելու դժվարությունները»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը, օրինակ՝ մարտի 1-ի հետ կապված չի՞ փոխվել, կամ այն, որ հայտարարում է, թե վենդետա չի լինելու, ինչպե՞ս է դա անելու, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ինքն էլ է հասկանում՝ մի բան է հռետորաբանություն ունենալ ամբիոնից, այլ բան է, երբ ստանում ես կառավարության բոլոր լծակները և տեսնում, թե ինչ վիճակում է քո հանրապետությունը: Բոլորս էլ հասկանում ենք, որ վիճակը շատ ծանր է: Իրականում Նիկոլ Փաշինյանը չունի այն մասնագիտական թիմը, որը կարող է գալ ու միանգամից նստել այդ աթոռին ու սկսել տնտեսություն, սոցիալական ոլորտ, առողջապահություն կառավարել: Իրոք, ինքը ճիշտ է, որ կադրային ջարդ չպետք է լինի, նոր կարգով ու համակարգով պետք է պարտադրել աշխատել: Չգիտեմ՝ վաղը Նիկոլ Փաշինյանն ինչ է անելու, բայց եթե մենք գնալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, դա փոխում է ամբողջ իրավիճակն ու կարգավիճակը: Որքան էլ հիմա ինքը վերելքի վրա է, բայց ընտրություններն ընտրություններ են»:

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե վենդետա չի լինելու, պարոն Պողոսյանն այսպես մեկնաբանեց. «Եթե մեկը դառնալու է վարչապետ, պետք է ասի սա-սա բերդ է գնալու, վենդետան դա է: Ինքը դա չի ասում, նա ասում է, որ օրենքի երկիր է սարքելու, և բոլորն իրենց պարտականություններն են կատարելու: Մենք պետք է սովորենք նաև, որ սրանից հետո դատական կարգով ենք մեր գործերն անելու»:

Արամ Սարգսյանը համոզված է՝ որևէ արդյունքի չենք հասնի, եթե չլինի լիազորությունների բաշխում. «Եթե լիազորությունների բաշխում չլինի, Նիկոլ Փաշինյանը կկործանվի: ՀՀ նախագահին պետք է ընդգրկել և նրան կից դարձնել ազգային անվտանգության խորհուրդը: Հաշվի առնելով Արմեն Սարգսյանի փորձն ու կարողությունը, արտաքին աշխարհում ճանաչելիությունը, Արցախի հիմնահարցի ամբողջ բանակցային գործընթացը պետք է տեղափոխել նախագահի լիազորությունների մեջ: Ես չեմ կարող լինել մաթեմատիկ, ուրեմն նույնն էլ պիտի ասի Նիկոլ Փաշինյանը, որ այսօր չունի այդ հմտությունները: Ուստի պետք է տալ նրան, ով ունի այդ հմտությունները՝ առավել ևս ՀՀ նախագահը, որը հաստատում է դա այս օրերին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031