Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը «կրիպտոակտիվների» վերաբերյալ

Մայիս 07,2018 16:32

Վերջին տարիներին աշխարհում լայն տարածում են ստացել «կրիպտոարժույթները» (օրինակ՝ Բիթքոին, Էթերիում և այլն), որոնք գտնվում են հասարակության, տնտեսվարող սուբյեկտների, լրատվամիջոցների, ինչպես նաև կարգավորող մարմինների և միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում:

ՀՀ կենտրոնական բանկը ուշադիր հետևում է «կրիպտոարժույթների» ոլորտի զարգացումներին և, վերլուծելով  միջազգային փորձը և ուսումնասիրությունները,  հարկ է համարում զգուշացնել, որ անկախ տեսակից, տարածվածությունից և այլ բնութագրերից՝ «կրիպտոարժույթներն» ու դրանցով կատարվող գործարքները բարձր ռիսկային են հետևյալ պատճառներով.

-«կրիպտոարժույթները» զուրկ են ապահովվածությունից և խիստ անկայուն են,

-«կրիպտոարժույթների» կիրառությամբ սխեմաների մեծ մասում գոյություն չունեն իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտներ,

-«կրիպտոարժույթներով» գործարքները հաճախ կարող են մաս կազմել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման սխեմաների, քանի որ հնարավորություն են տալիս կատարել անանուն և անդրսահմանային գործարքներ, որոնց վերադարձը հնարավոր չէ ապահովել,

-խարդախության, տեղեկատվական անվտանգության խաթարմանն ուղղված հանցագործությունների դեպքերում բացակայում են հաճախորդների օրինական շահերի պաշտպանության ապահովման կամ վերջիններիս կրած վնասի փոխհատուցման իրավական մեխանիզմները, ինչի արդյունքում կարող են ոտնահարվել սպառողների շահերը:

«Կրիպտոարժույթները» առաջին հայացքից կարող են շատ գրավիչ թվալ, սակայն, հաշվի առնելով այն, որ հանրության շահերը այս դեպքում բացարձակ պաշտպանված չեն, «կրիպտոարժույթներում» ներդրումների կամ դրանցով գործարքների իրականացման արդյունքում անձինք կարող են կրել զգալի ֆինանսական կորուստներ կամ կորցնել իրենց ներդրումներն ամբողջությամբ՝ «կրիպտոարժույթների» գնի բարձր տատանողականության, ցանցահենային հարձակումների և վերոնշված այլ ռիսկերի առկայության պատճառով:

Միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Համաշխարհային Բանկը, ինչպես նաև ֆինանսական ոլորտը կարգավորող այլ հեղինակավոր կառույցներ, նույնպես իրենց դիրքորոշումն են արտահայտել «կրիպտոարժույթների» վերաբերյալ և հանդես են եկել մի շարք նախազգուշացնող հայտարարություններով, համաձայն որի, «կրիպտոարժույթները» դիտարկվել են որպես «կրիպտոակտիվներ», քանի որ չունեն այն բոլոր հատկանիշները, որոնք թույլ կտային դրանց դասել արժույթների շարքում (այս դեպքում «արժույթ» եզրույթը չի համապատասխանում իր բովանդակությանը) և օգտագործել իբրև վճարամիջոց, և դրանց կիրառումը, որոշակի պահից սկսած, կարող է ազդել նաև ֆինանսական կայունության վրա։ Բացի այդ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները «կրիպտոակտիվներում» ներդրումների կատարման որոշ սխեմաներ համեմատում են ֆինանսական «բուրգերի» հետ, որոնց դեպքում ներդրողների իրավունքները ոչնչով ապահովված չեն, և ներդրողները կարող են կորցնել իրենց ներդրումներն ամբողջությամբ:

Ուշագրավ է հատկապես G-20 երկրների վերջերս Արգենտինայում կայացած համաժողովում «կրիպտոակտիվների» վերաբերյալ ընդունված հայտարարությունը: Համաժողովի մասնակիցները ողջունել են տեխնոլոգիական նորամուծությունները, սակայն նշել «կրիպտոակտիվների» կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ՝ հաճախորդների և ներդրողների իրավունքների և շահերի պաշտպանության, փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված: G20 կողմից կոչ է արվել միջազգային ստանդարտներ մշակող  կազմակերպություններին շարունակել «կրիպտոակտիվների» և դրանց հետ կապված ռիսկերի մշտադիտարկումը իրենց լիազորությունների շրջանակներում՝ անհրաժեշտության դեպքում համարժեք արձագանքելու նպատակով։

ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է հավատարիմ մնալ «կրիպտոակտիվների» նկատմամբ այն դիրքորոշմանը, որը համահունչ է վերոնշյալ հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների մոտեցումներին:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է էական ռիսկերի մասին և հորդորում է հասարակությանը, այդ թվում նաև՝ տնտեսվարող սուբյեկտներին, զերծ մնալ «կրիպտոակտիվների» փոխանակման և (կամ) առուվաճառքի, «կրիպտոակտիվներով» վճարումների ընդունման, «կրիպտոակտիվներով» ներդրումների իրականացման կամ այլ գործարքների իրականացումից:

Վերոգրյալը չի վերաբերում «կրիպտոակտիվների» ստեղծմանը և արդյունահանմանը՝ «մայնինգ»-ին, ինչը գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողության լիազորություններից դուրս և դիտարկվում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդյունաբերություն:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031