Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեցին՝ սցենարի զարգացումն ինչպե՞ս եք տեսնում, կարծում եք, ՀՀԿ-ն կհաստատի՞ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, թե՞ այստեղ կրկին խնդիրներ կհարուցի: Մարուքյանը պատասխանեց. «Ես որեւէ տեղեկություն չունեմ, ուղղակի իմ քաղաքական պատկերացումներից ելնելով՝ կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն կհաստատի Փաշինյանի ծրագիրը, նաեւ Փաշինյանը կունենա այնպիսի ծրագիր, որը ՀՀԿ-ն կհաստատի»:
Հարցին՝ ինչո՞ւ եք այդպես կարծում, այդ համոզմունքը որտեղի՞ց է Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Որովհետեւ քաղաքական իրողություններն այլ են: Եթե ՀՀԿ-ն չպիտի հաստատի Փաշինյանի ծրագիրը, ապա անիմաստ է ընտրելը Փաշինյանին վարչապետ, իմաստը էլ ո՞րն է, ավելին ասեմ՝ եթե չի հաստատում Փաշինյանի ծրագիրը, նորից երկու փուլանի ընտրություններ են ընթանալու, մենք արդեն այդ էտապի մեջ ենք: Դա անցած էտապ է, իմաստը դրա ո՞րն է: Հետո մարդիկ հայտարարել են, որ գնում ենք ընդդիմություն դառնանք, բայց դա չի նշանակում, որ կառավարության ծրագիրը չեն հաստատի»:
Հարցին՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ այս պահին արտահերթ ընտրություններն իշխանության շահերից չեն բխում, դուք նույնպե՞ս այդ կարծիքին եք՝ Մարուքյանը պատասխանեց. «Եթե ադմինիստրացիան նույնը մնա, եւ Ընտրական օրենսգիրքը, կարող է եւ բխել: Եթե ադմինիստրացիան փոխվի, որն այդ ժամանակում շատ բարդ է փոխելը, որովհետեւ գոյություն ունի խորքային արմատավորված ադմինիստրացիա, միգուցե շահերից չբխի: Ավելին ասեմ՝ դա նաեւ հնարավոր է երկրի շահերից էլ չբխի այդ կարճ ժամանակաշրջանում, որովհետեւ դա եւս մեկ ցնցում է: Մեզ սպասվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով ընդունել ՀՀ-ում, բազմաթիվ այլ խնդիրներ կան, բոլորի շահերից է բխում որոշակի կայունություն ինչ-որ ժամանակ, ռեֆորմներ, հավասար հնարավորությունների արձանագրում»:
Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին փոխանցեց, որ Մարուքյանը գտնում է, որ ՀՀԿ խմբակցությունը Փաշինյանի կառավարության ծրագրին կողմ է քվեարկելու, կա՞ նման որոշում, որովհետեւ հակառակ դեպքում կստացվի, որ նորից նույն փուլի մեջ եք մտնելու ընտրության՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՀԿ խմբակցության ղեկավարը դեռ ես եմ, Էդմոն Մարուքյանը չի, ես եմ այդ որոշումները կայացնում՝ խմբակցության հետ միասին: Մենք դեռ այդ որոշումը չենք կայացրել, մենք ենք կայացնելու, թող ամեն մեկը իրենց խմբակցությունով որոշում կայացնեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ