Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում ապօրինի թվով 408 հատ տարբեր տեսակի ծառեր հատելու արդյունքում առանձնապես խոշոր վնաս պատճառելու, ինչպես նաև նույն մասնաճյուղի կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Սպիտակի» անտառպետության անտառապետ Գ. Ս.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնելու անտառպետության ղեկավարումը, կանխարգելելու անտառպետության տարածքում անտառային օրենսդրության բոլոր խախտումները, հսկողություն իրականացնելու անտառպետության տարածքի սահմաններում այդպիսի խախտումները ժամանակին հայտնաբերելու, արձանագրելու և սահմանված կարգով ընթացք տալու նկատմամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի կանխել անտառային խախտումները և միջոցներ չի ձեռնարկել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Ընդհակառակը՝ 2017 թվականի հոկտեմբերի սկզբներից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում նա նույն անտառպետության 10-րդ պահաբաժնի անտառապահ Ս. Կ.-ին հրահանգել է թույլատրել Սպիտակ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ին՝ հիշյալ պահաբաժնի անտառամասում կատարել ծառերի ապօրինի հատումներ:
Ս.Կ-ն, լիազորված լինելով իր իրավասության շրջանակներում՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու և հսկողություն իրականացնելու ծառահատումների նկատմամբ, թույլատրել է Հ.Հ-ին Սպիտակ քաղաքի 4 այլ բնակիչների հետ մուտք գործել Սպիտակի անտառպետության պահաբաժնի անտառամաս և այնտեղից ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության, հատել 384 հատ տարբեր տրամաչափի սոճենի, հացենի, թեղի, բալենի, թղկի, տանձենի տեսակի ծառեր: Ապօրինի ծառահատման փաստը թաքցնելու և ծառերի ապօրինի հատման արդյունքում պետությանը պատճառված վնասն անձամբ չհատուցելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ անտառապետը հանձնարարությամբ հողով ծածկվել են ապօրինի հատված ծառերի կոճղերը և նույն շահագրգռվածությունից ելնելով չեն կազմվել անտառխախտման արձանագրություններ: Այս ամենի արդյունքում՝ ապօրինի ծառերի հատման հետևանքով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 25.353.000 ՀՀ դրամի վնաս:
Միաժամանակ, Գ. Ս.-ի և Ս. Կ.-ի գործողությունների արդյունքում խաթարվել է անտառների պահպանության, պաշտպանությանն ու արդյունավետ օգտագործմանն ուղղված, անտառների կայուն կառավարման նպատակով իրականացվող միջոցառումները, հեղինակազրկվել են նաև անտառպաշտպանության բնագավառում պետական իրավասու մարմնի պաշտոնները՝ էական վնաս պատճառելով ինչպես պետության, այնպես էլ պետական կազմակերպության օրինական շահերին:
Վերը նկարագրված արարքները կատարելու համար Գ. Ս.-ն և Ս. Կ.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Միաժամանակ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում 2017 թվականի հոկտեմբերի 31-ին որոշում է կայացվել Հ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ապա միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու նպատակով, որը բավարարվել է:
2018 թվականի մայիսի 3-ին քրեական գործից մեղադրյալ Հ. Հ.ի վերաբերյալ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, անջատվել է առանձին վարույթում, իսկ Գ. Ս.-ի և Ս. Կ.-ի վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ: Այն հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազություն