«Մենք, մնալով նույն դիրքորոշմանը, մեր մտավախություններով, մենք այս իրավիճակը կարգավորելու համար պարզապես քաղաքական որոշում ենք կայացրել, որպեսզի չխոչընդոտենք, նաեւ օժանդակենք, որ ընտրվի վարչապետ: Իսկ ինքը վստահ է, որ կարող է իր իսկ աշխատանքով, մենք խոսել ենք նաեւ պարոն Փաշինյանի հետ, իր իսկ աշխատանքով կարող է մտահոգությունները փարատել: Դա քաղաքական դիրքորոշման շեղում կամ փոփոխություն չէ: Պարզապես իրավիճակից ելնելով՝ իրավիճակը կարգավորելու որոշում է, որը միտված է մեր երկրի կայունացմանը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես բացատրեց, թե ինչու որոշեցին մայիսի 1-ին Փաշինյանին դեմ քվեարկելուց հետո փոխել որոշումը մայիսի 8-ի համար:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ գիտակցում էին, թե ինչ հետեւանքներ կլիներ, եթե այս կաթվածահար վիճակը շարունակվեր եւս 10 օր:
Հարցին՝ վաղը, երբ Նիկոլ Փաշինյանին ընտրեք վարչապետ, ՀՀԿ-ն դառնում է ընդդիմությո՞ւն, դուք ձեզ տեսնո՞ւմ եք ընդդիմադիրի դերում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ մտնողը, եթե նա որոշել է, որ մեկ անգամ պետք է գա ու ամբողջ կյանքի ընթացքում լինի իշխանություն, ուրեմն նա չի մտել քաղաքականության մեջ, նա պարզապես մտել է իր հետաքրքրությունների համար: Բնականաբար, պատրաստ ենք եւ որեւէ մեկը երաշխավորված չէ, թե երբ կլինի իշխանություն, երբ կլինի ընդդիմություն: Եթե մենք մեր քաղաքական դիրքորոշումներն ու մտավախությունները պահպանելով՝ գնում ենք այդ ճանապարհով եւ պատրաստ ենք ընդդիմություն լինել: Բայց որեւէ անգամ չենք խանգարելու մեր երկրի, մեր պետության հեռանկարային շահերին, մեր երկրի անվտանգության հետ կապված խնդիրներին, ի տարբերություն մեր նախորդ ընդդիմադիրների՝ մենք պատրաստ ենք դրականը տեսնելու եւ գնահատելու, բացասականը տեսնելու եւ քննադատելու, հրավիրելու բանակցային սեղանի շուրջ»:
Հարցին՝ դուք լինելու եք արմատակա՞ն ընդդիմություն, թե՞ կառուցողական՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե լինի ՀՀԿ-ի կառավարության նույն ծրագիրը, բնականաբար, կլինենք կառուցողական: Երբ ծրագիրը գա, դա կքննարկենք»: Ըստ նրա, մենք արդեն մի արմատական ընդդիմություն ունենք. «Ձեզ թվում է՝ «Ելքը» արմատական ընդդիմությունից դո՞ւրս է գալու, մնալու է էլի արմատական ընդդիմություն»:
Հարցին՝ հաշվի առնելով, որ վարչապետին են ենթարկվելու ուժային կառույցները, անգամ ձեր խմբակցության պատգամավորները չեն բացառում, որ հնարավոր է այդ դեպքում ՀՀԿ խմբակցությունից բազմաթիվ պատգամավորներ դուրս գան եւ դուք արդյունքում փոքրամասնություն դառնաք խորհրդարանում, այսպիսի սցենար դուք հնարավոր համարո՞ւմ եք՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նորից դուք ընկնում եք երազանքների գիրկը կամ ենթադրությունների գիրկը: Նախ, որեւէ ուժային կառույց որեւէ մեկի սեփականությունը չէ, առավել եւս՝ սիրո, համերաշխության կոչ անողները, ուժային իշխանությունը, դրանք ժողովրդինն են: Այդ մտավախությունը դուք՝ լրագրողներդ ունեիք, որ մինչեւ ամսի 1-ը առնետավազք պետք է սկսվի, ՀՀԿ-ն պետք է քայքայվի: Դուք դրա ականատեսը եղա՞ք ամսի 1-ին: Եթե կլինի այդպիսի իրավիճակ, կարեւոր չի, թե քանի հոգի կլինի խմբակցությունը, կարեւորը՝ քաղաքական դիրքորոշման ներքո գործի: Ես ձեզ հավատացնում եմ, որ չի լինի այդ փոփոխությունը քաղաքական դիրքորոշման մեջ: Մնացածը ցույց կտան զարգացումները եւ ապագան»:
Լրագրողները ճշտեցին՝ ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ վաղը Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու են օլիգարխ պատգամավորները եւ քաղաքական այն թիմը, որը սուր ելույթներ է ունեցել Փաշինյանի դեմ, պահպանելու է դեմքը եւ դեմ է քվեարկելու Փաշինյանին՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք այսօր կունենանք ԳՄ նիստ, հետո՝ խմբակցության նիստ, համենայնդեպս, բոլոր քվեարկությունները կլինեն քաղաքական որոշման արդյունք: Դա մենք ենք որոշելու եւ համոզված եղեք՝ մեր որոշումից շեղվողներ չեն լինելու»:
Վահրամ Բաղդասարյանը հերքեց, որ մայիսի 1-ի իրենց որոշման հետ որեւէ կապ է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հարցին՝ որեւէ ճնշում եղե՞լ է Քոչարյանի կողմից՝ նա պատասխանեց. «Ես ինչ-որ ճնշվողի տպավորություն թողնո՞ւմ եմ: Ռոբերտ Քոչարյանին ես 5 տարի չեմ տեսել դեմքով, ոչ էլ հեռախոսով շփվել եմ այդ մարդու հետ: Խնդրում եմ հանգիստ թողեք մեր երկրի առաջին, երկրորդ նախագահներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ