Այսօր լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեցին՝ ՀՅԴ-ն հարմար պահին դուրս եկավ կոալիցիայից, վիրավորանք մնացե՞լ է, թե՞ չէ, ասում են՝ հին ընկերները չեն դավաճանում, բայց ոնց որ թե հակառակը ստացվեց: Նա պատասխանեց. «Քաղաքական զարգացումներին զուգահեռ՝ մենք պատրաստ ենք ցանկացած մարտավարության՝ դա կլինի խորհրդարանի լուծարում, դա կլինի շարունակություն: Մենք ունենք մեր մարտավարությունը եւ բոլորին պատրաստ ենք: Վիրավորվե՞լ ենք: Դա հին ընկերներին հարցրեք: Բայց մենք քաղաքական դաշտում ցանկացած զարգացումների պատրաստ ենք, պատրաստ էինք նաեւ դրան»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր, որ կոալիցիայի ներսում իրենք կաշկանդված էին, ներսում ասել են, որ դեմ են եղել վարչապետին ուժային կառույցները տալ, բայց էթիկայից ելնելով՝ չեն բարձրաձայնել այդ մասին դրսում: Այս առնչությամբ հարցին՝ ինչո՞ւ էիք կաշկանդում ձեր կոալիցիոն գործընկերոջը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր դաշնակցական ընկերները դա պետք է մտածեին հուշագրի ստորագրման ժամանակ, մինչեւ հուշագիրը ստորագրելը պետք է այդ անհանգստությունն ունենային: Ինձ թվում է, իրենք ազատ են եղել հուշագիրը ստորագրելու ժամանակ եւ ցանկացած քննարկումներին»:
Հարցին, այսինքն, չե՞ն հայտնել իրենց դժգոհությունը ներսում, հատկապես՝ ուժայինների մասով՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Որեւէ դժգոհություն չի եղել, մենք աշխատել ենք շատ ջերմ մթնոլորտում, շատ համերաշխ մթնոլորտում, մինչեւ իրադարձությունների զարգացումը»:
Ըստ Բաղդասարյանի, երեւի ՀՅԴ-ն իր կուսակցության ներսում է նման տարաձայնություն ունեցել ուժայինների մասով, բայց կոալիցիայում նման քննարկումներ չեն եղել. «Քաղաքականության մեջ ի՞նչ է նշանակում էթիկայի նորմերը, եթե իրենց դիրքորոշմանը հակառակ բան էր արվում, չեմ կարծում, որ այդտեղ ավելի կարեւոր էր էթիկան»:
Բաղդասարյանը վստահեցրեց՝ իրենց հետ քննարկումների ժամանակ ՀՅԴ-ն նման հարց չի բարձրացրել, որ վարչապետի ենթակայության տակ ուժայինները չլինեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ