Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահակ հեռացիր. պահանջում ենք բուհը ծնկի բերողի հրաժարականը». ցուցարարների մեջ էր նաև Անահիտ Ֆարմանյանը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 07,2018 15:46

Այսօր ևս լարված իրավիճակ էր Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ. աշխատանքից հեռացված դասախոսներն ու մի խումբ ուսանողներ պահանջում էին բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:

Այսօր ցուցարարներին միացել էր նաև երեք օր առաջ աշխատանքից հեռացված պրոռեկտորը՝ Անահիտ Ֆարմանյանը, որը ելույթ ունեցավ՝ մեղադրելով ռեկտորին բուհը քարուքանդ անելու, ծնկի բերելու մեջ: Նա վստահեցրեց՝ եթե ոչ այսօր, ապա վաղը պարոն ռեկտորը հեռանալու է: Մինչդեռ, ըստ նրա, ամեն օրը բուհի համար թանկ է: Նա նաև քննադատեց ՀՀԿ-ական ռեկտորին՝ կրթության ոլորտում առկա օրենքներին չտիրապետելու, բուհի կանոնադրությանը ծանոթ չլինելու համար:

«Մենք այդքան ժամանակ չունենք սպասելու, թե երբ կհասկանաք օրենքով գործելու կարևորությունը, երբ կփորձեք ծառայել հասարակությանը, պաշտոնը կօգտագործեք մարդկանց պատժելու և բյուջեն ու մարդկանց գրպանները թալանելու համար: Որքան երկար ձգվի ձեր հրաժարականն, այնքան երկար ենք բարձրաձայնելու կատարվածները», -ասաց Անահիտ Ֆարմանյանը: Նա ներկաներին հավաստիացրեց, որ բուհի դասախոսական կազմի զգալի մասը միացել է իրենց, պարզապես բուհում այժմ տոտալ վախի մթնոլորտ է:

Անահիտ Ֆարմանյանը նաև ասաց, որ պարոն Մինասյանը իր սովորության համաձայն, կսկսի ստորագրահավաք ու հորդորեց չվախենալ ու չստորագրել:

«Նա պետք է պատասխանատվության ենթարկվի բուհը պրիմիտիվորեն թալանելու համար: Նա հետ է վերադարձնելու գողոնը», -հայտարարեց Անահիտ Ֆարմանյանը:

Այնուհետ փաստաթղթերը ձեռքին՝ ելույթ ունեցավ աշխատանքից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը, որը մեկ անգամ ևս խոսեց 7 ամիս շարունակ իր կողմից բարձրաձայնած այն չարաշահումների մասին, որը ըստ նրա, թույլ է տվել Սահակ Մինասյանը:

«Էսօր շատ ուրախալի իրադարձություն տեղի ունեցավ, իմացա, որ ոստիկանությունը, եթե այդ մասին հայտարարվի, քրեական գործ կհարուցի: Հետաքրքիր էր՝ 7 ամիս ով էր խանգարում ոստիկանությանը կամ դատախազությանը, որ քրեական գործ հարուցեին իմ հայտարարությունների հիման վրա»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Գագիկ Համբարյանը նաև հայտարարեց, թե Սահակ Մինասյանն ասել է, որ ինքը մոտ է Սասուն Միքայելյանի հետ: Նա անդրադարձավ նաև բուհում Սահակ Մինասյանի կողմնակիցների «աստղաբաշխական աշխատավարձեր» ստանալուն՝ նշելով, որ հենց այդ պատճառով էլ նրանք «դոշ են տալիս պարոն Մինասյանի համար»:

Ըստ Գագիկ Համբարյանի, Սահակ Մինասյանի աշխատավարձը 795 հազար դրամ է, ամենաբարձր աշխատավարձերից մեկը ՀՀ կրթական ոլորտում:

«Երևանի պետական համալսարանը, որն ունի 20 հազար ուսանող, ռեկտորը վճարվում է ընդամենը 700 հազար դրամ, պարոն Մինասյանը, որն ունի ընդամենը երկուս ու կես հազար ուսանող և ղեկավարում է Հայաստանի ամենաաղքատ մարզի մայր բուհը, ստանում է 795 հազար դրամ աշխատավարձ, սա ինչ է, եթե ոչ կոռուպցիա, սա օրինականացված կոռուպցիա է»:

Ելույթ ունեցավ նաև բուհից հեռացված 40 տարվա դասախոս Սամվել Մաթևոսյանը, որը հայտարարեց, որ իրեն Ֆիզդաստիարակության ամբիոնից հեռացրել են, քանի որ ընտրություններում աշխատել է ԲՀԿ կուսակցության կողմից հանձնաժողովում:

Ցուցարարները մտան բուհի շենք՝ պահանջելով Սահակ Մինասյանի հրաժարականը:

Սահակ Մինասյանը ևս հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ մանրամասն պատասխանելով իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Եկել է կրթական օջախները մաքրելու ժամանակը: Եկել է կրթութիւնն ապաՀՀԿացնելու ժամանակը: Եկել է 21-րդ դարի կրթական համակարգ ունելու ժամանակը:

    «Սահակ հեռացի՛ր»:
    Տարոսը՝ միւսներին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031