Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համար կանխատեսելի էր ՀՀ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցածը:
Նա այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ նույնիսկ գիտի՝ ինչու Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին չընտրվեց վարչապետ, իսկ մայիսի 8-ին կընտրվի. «Հետաքրքիր մի օրինաչափություն կա հայերիս համար, 8 թիվը շատ հետաքրքիր օրինաչափություն ունի, որին շատ քիչ ուշադրություն ենք դարձրել:
1968 թվական, երբ լուրջ զարթոնք էր ապրում հայ ժողովուրդը, հատկապես Էրեբունի -Երեւանը հիմնավորեցին, որ 2750 տարեկան է, դրանից հետո բազմաթիվ հաղթանակներ, դրանից տասը տարի անց հայոց լեզուն պետական լեզու ամրագրելու դժվար պայքարն էր, 88-ի մասին չեմ ուզում ասել, 98 թվական, ոչ միայն իշխանափոխություն, այլեւ բեկում Արցախի հիմնահարցի առումով, իսկ 2018-ին լրջագույն խնդիրներ էին հասունացել եւ դա մի տեղից պետք է իր հանգուցալուծումն ունենար: Օրինաչափ է ամեն ինչ»:
Ըստ նրա, ազգային զարթոնքը երկու մասի կարելի է բաժանել. «Առաջին փուլը վաղը կամրագրվի, Նիկոլ Փաշինյանի ու ժողովրդի հաղթանակը: Ես շատ տպավորված եմ գրագետ ու օրինապաշտ գործողություններով»:
Նա նաեւ ասաց, որ նոր փոփոխությունների պարագայում չափից շատ ներողամտությունը չպետք է լինի, մայիսի 9-ից հետո օրենքի շրջանակում հասարակությունը պետք է բալանսի գա. «Եթե կա իրավունք, ու չկա պատասխանատվություն, ապա որեւէ լուրջ ակնկալիքներ չունեմ»:
Անդրադառնալով 7,5 տոկոս տնտեսական աճին, որն արձանագրվել էր, նա նկատեց, որ այդ ցուցանիշը դեռ ոչինչ չի ասում, ըստ նրա՝ գործող կառավարությունը ստել է աշխատատեղերի ու ներդրումների մասով. «Խոստացել էին աշխատատեղեր, իրականում դրա կրճատում է եղել, ներդրումների մասով ֆոկուս են արել, պետական բյուջեի ծախսային մասը ներկայացրել են որպես ներդրումներ, այսինքն՝ ոչ էլ ներդրումներ են ապահովել, 1 միլիարդ ներդրումներն իրենց թվերում կորել են: Դրա համար 7 տոկոսը երբեք ձեռքբերում չեմ կարող համարել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ