Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի բնութագրմամբ՝ այն, որ պետական պահպանության ծառայության կողմից Նիկոլ Փաշինյանին տրվել են անվտանգության աշխատակիցներ, անգամ դրանից հասկանալի է, որ վաղը նա ընտրվելու է ՀՀ վարչապետ:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Քոչարյանը վստահեցրեց՝ խաղը սկսվելու է ընտրությունից հետո. «Ունենալ օրենսդիր մարմնում ընդդիմադիր մեծամասնություն, չեմ կարծում, որ դա ամենահաճելի աշխատանքային գործընթացն է լինելու»։
Դառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ պարոն Քոչարյանը նշեց, թե դա ամենահաճելի բանը չէ, բայց եթե կա քաղաքական ճգնաժամ, որն այլ կերպ՝ հուշագրով և այլ ձևով չի լուծվում, պիտի լուծվի արտահերթ ընտրություններով. «Կան երևացող և չերևացող նրբություններ: Ընտրական օրենսգիրքը, տեղամասերն ու ընտրական կենտրոնները երևացող կողմն են: Մյուսը հասարակության մտածելակերպն է: Հրապարակում կանգնած մարդկանց գոնե մեծամասնությունը եղել են ընդամենը մեկ տարի առաջ 10 հազար կամ բաժանող, կամ վերցնողները: Մեծ հարց է, եթե վաղը չէ մյուս օրը լինեն ընտրություններ, այդ նույն ընտրություններում մարդիկ կվերցնե՞ն գումար, թե՝ ոչ: Համոզված եմ՝ գոնե մի մասը էլի վերցնելու է: Իրենք այսօր գոռում են Նիկոլ, վարչապետ, մերժիր Սերժին, բայց ընդամենը լեզվի վրա է փոփոխությունը, գլխում դեռ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել»։
Պարոն Քոչարյանի համոզմամբ, եթե քաղաքական ուժերը չհրաժարվեն «Պարույր Հայրիկյանի» սինդրոմից, թե ես եմ արել հեղափոխությունը, ես եմ դա մտածել և այլն, մի քանի տարի հետո ունենալու ենք այն, ինչ ունեցանք 90-ականների վերջին՝ ղարաբաղյան շարժումից հետո:
Կարեն Քոչարյանն անդրադարձավ նաև Էդմոն Մարուքյանի դիրքորոշմանը. «Նա ուղղակի տակտիկապես է սխալվել: Էդմոն Մարուքյանը սխալվել է, ինչպես սխալվել է ՀՀ-ի 99 տոկոսը, այդ թվում և ես, որ չենք հավատացել, որ նման բան կլինի: Դա ընդամենը տակտիկական սխալ է»:
Հիշեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե դեմ է լինելու մենաշնորհներին, բայց Գագիկ Ծառուկյանն է նրա կողքին, հետևաբար ինչպե՞ս է կարողանալու այդ խոստումը կատարել, պարոն Քոչարյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ բոլոր պայմանավորվածություններն առանց նախապայմանների են: Եթե կլինեն գործող իշխանությունում օլիգարխներ, այդ ժամանակ նույն մարդիկ կամ ուժերը, նրա հետ քայլ անողները հարցը կբարձրացնեն Նիկոլ Փաշինյանի առջև: Իմ կարծիքով՝ ոչ գործադիր իշխանությունում, ոչ օրենսդիրում այսուհետ որևէ գործարար չպետք է լինի: Նորմալ է, որ ընտրական գործընթացների ժամանակ գործարարն այս կամ այն ուժին է համակրում, լոբբինգ անում, փող փոխանցում, դա ամբողջ աշխարհում ընդունված է»:
Արտիստների՝ Նիկոլ Փաշինյանի կողքին հայտնվելու մասին պարոն Քոչարյանն ասաց. «Արտիստները բոլոր երկրներում կիրառվում են որպես տեխնոլոգիա: Իսկ Հովիկն Ազոյան ու Հայկը Մարության հարյուր տարի է՝ Նիկոլ Փաշինյանի հետ մարդկային մտերմություն ունեն: Խաչատուր Սուքիասյանի «Ռոսիա մոլը» բացել է Սերժ Սարգսյանը: Խաչատուր Սուքիասյանն ի՞նչ էր անում. մարդը բիզնեսմեն է, ի՞նչ անի: Բիզնեսմենը, դերասանը, երգիչը պետք է անի իր գործը: Ով պատվեր է տալիս, նրա համար էլ աշխատում է: Ինքն իր գործն է անում: Բա ո՞նց ապրի այդ մարդը, երգիչը ո՞նց ապրի: Հայկը, Հովիկը, Խաչատուր Սուքիասյանը, եթե ընտրությունների ժամանակ մտնեն ցուցակներ, գործադիր իշխանություն, այդ ժամանակ այլ խնդիր է: Այ դա կլինի քաղաքական պատվեր, ուրեմն զուտ կարիերայի խնդիր են լուծել»:
Դառնալով ՀՀԿ-ի՝ կրախի առաջ կանգնելուն՝ պարոն Քոչարյանը եզրափակեց. «Չկա անփոխարինելի գործիչ, տնօրեն, պահակ, այն, որ ՀՀԿ-ում հայտարարում էին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, սա կրախի մատնեց ՀՀԿ-ին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ