«Իմ մասնագիտական կանխատեսումներով՝ վաղը վարչապետ կընտրվի, բայց ես չեմ կարող ասել՝ 15-օրյա ժամանակահատվածում կառավարություն ձևավորելու, ապա քսանօրյա ժամկետում ծրագիր ներկայացնելու դեպքում այն կհաստատվի՞, թե՞ ոչ: Սա սահմանադրության բացն է, ըստ էության՝ նման փակուղուց դուրս գալու համար տարբեր երկրներ իրենց փորձն ունեն: Այստեղ ամենաշատը մեծանում է հանրապետության նախագահի դերակատարումը»,- այսօր լրագրողներին ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Ըստ նրա՝ այս պահին պետությունն ընթանում է ինքնաձևավորման, ինքնակառավարման և այլ «ինքնա»-ներով՝ առանց հստակ ուղղության. Հայաստանում ստեղծված խառնաշփոթի լուծումը քաղաքական ուժերի ողջախոհությունն է: Ըստ սահմանադրագետի՝ այս ճգնաժամի պատասխանատուն հավասարապես պետք է լինեն ընտրված վարչապետը և խորհրդարանի մեծամասնությունը. «Այս պայմաններում, երբ սահմանադրական փակուղիներ կան, մնում է հույս դնել քաղաքական ուժերի խոհեմության վրա, որ ներկուսակցական ամբիցիաներն ու շահերը կստորադասեն երկրի շահերին, համատեղ համագործակցության միջոցով կգնան ողջամիտ քայլերի: Ձեռք բերվածը պետք չէ վերածել ամբոխավարության և խառնաշփոթի»։
Վարդան Այվազյանի խոսքով, պետք է սահմանադրական փոփոխություն լինի, որ այս իրավիճակը հետագայում չկրկնվի:
Վերջին ներքաղաքական իրադարձություններն էլ Վարդան Այվազյանը չհամարեց հեղափոխություն. «Այն առավելապես իշխանության դեինստալյացիա է, որը եթե ուղեկցվի պետականության որակականության բարձրացմամբ, կարելի է արձանագրել, որ անցել ենք որակականության: Իսկ եթե անցնի ինքնանպատակ, պարզվի՝ ժողովուրդը դժգոհ էր, ցասում ուներ, դրսևորեց, բերեց իր սիրած ղեկավարներին, սա հեղափոխություն չի լինի, բայց Աստված մի արասցե՝ այս սցենարը լինի, որովհետև ժողովուրդը հիասթափություն կունենա»:
Նա նկատեց, որ խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնություն լինելու պարագայում նոր իշխանության եկած վարչապետն ու նոր կառավարությունը չեն կարողանա իրենց ծրագիրն իրականացնել. «Եթե խորհրդարանը հաստատեց նոր կառավարության ծրագիրը, տեսականորեն այդ հաստատված ծրագրով կառավարությունը և վարչապետը էլի չեն կարող իրենց ծրագրերն ազատորեն կյանքի կոչել, քանի կա խորհրդարանական մեծամասնություն այլ ուժից: Խորհրդարանը մի տարի հետո է իրավունք ստանում անվստահություն հայտնել կառավարությանը, բայց եթե նոր վարչապետը ձեռնամուխ լինի Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությանը, և տեսնի, որ խոչընդոտում են, դրա լուծումը արտահերթ ընտրություններն են»:
Սահմանադրագետն անդրադարձավ «խաղաղ անհնազանդություն» եզրույթին եւ նկատեց, որ նման իրավական եզրույթ չկա, որեւէ իրավական ակտով նկարագրված չէ. «Եթե հասարակության վարքագծային դրսևորումը բնորոշում ենք որպես խաղաղ անհնազանդություն, դա պետք է լինի իրավական կատեգորիա, նման կատեգորիա չկա: Որպես օրինակ բերեմ համակարգային ամբողջականությունից դուրս մնացած «Խաղաղ հավաքների մասին» մեր օրենքը: Դրա ամբողջ գաղափարախոսությունը հետևյալն է՝ հավաքների կազմակերպիչների համար դա խոսքի ազատության արտահայտման հարթակ է, իսկ մասնակիցների համար՝ տեղեկատվություն ստանալու և կարծիքներ փոխանակելու հարթակ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ