Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Չի լինելու յուրային տնօրենների հովանավորություն»

Մայիս 07,2018 15:03

«Այն, ինչ կատարվեց թիվ 11 դպրոցում, միայն թիվ 11 դպրոցին հատուկ չէ: Դա մեր երկրում կառավարման համակարգի ճգնաժամի մասին է խոսում, որի սկիզբը ընտրություն կեղծելն էր: Դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներում ընտրվում են մարդիկ, որոնց ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչպես պետք է վերահսկեն դպրոցի տնօրենի գործունեությունը: Օրենքն ասում է, որ կառավարման խորհուրդները տնօրենի գլխին են, տնօրենը գործադիր մարմին է, ոնց որ դպրոցի խորհրդարանը լինեն: Ինչ վերաբերում է թիվ 11 դպրոցին, շաբաթ օրը տնօրենի հրաժարականից հետո ինձ ծնողները, ուսուցիչները ահազանգում են, որ դպրոցի կառավարման խորհրդի նախագահը, որն Ազիզյանի թիկունքն է, արդեն նախապատրաստվում է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարել»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում մայիսի 7-ին հայտնեց կրթության փորձագետ, Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նրա խոսքով, դա նշանակում է, որ կառավարման խորհրդի կազմում այլեւս չի կարող փոփոխություն լինել:

Մանրամասները` տեսանյութում

Տիկին Բախշյանն ասաց, որ ուսուցիչները դիմում են գրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` անվստահություն հայտնելով իրենց դպրոցի կառավարման խորհրդին. «Ընդ որում, գրել են, որ այս ամենի մեջ իրենք ունեն մեղք, իրենց մեղքն այն է, որ ընդհանրապես չեն հետաքրքրվել, երբեւէ չեն պահանջել կառավարման խորհրդի հաշվետվություն… Կամ՝ ինչպես են որոշել պարգեւավճարները բաշխել եւ այլն: Ասում են, քանի որ կառավարման խորհուրդն է դպրոցը հասցրել այս վիճակին, դրա համար անվստահություն ենք հայտնում»:

Մանրամասները տեսանյութում` 

Նրա ձեւակերպմամբ, մինչեւ գիշերվա 12-ը թիվ 11 դպրոցի ծնողները եւ ուսուցիչները հերթ էին կանգնել ստորագրելու համար, ստորագրությանը միացել է 404 հոգի, որոնցից 76-ը մանկավարժ է: «Այսինքն՝ ի՜նչ աստիճան է սեղմվել զսպանակը, որ մարդկանց մեջ քաղաքացին է արթնացել»,- փաստում է բանախոսը:

Կրթության փորձագետը շեշտում է` թիվ 11 դպրոցի օրինակով ցանկանում են ասել, որ մյուս դպրոցների ծնողներն էլ կարող են պայքարել իրենց երեխայի կրթության իրավունքի համար. «Այն դպրոցները, որտեղ այսպիսի փակ համակարգ է, ծնողները պետք է պահանջեն, որ կառավարման խորհրդում փոխվեն գոնե իրենց ներկայացուցիչները, եւ ընտրեն այն երկու ծնողին, որոնք կմտնեն եւ իրենց լիազորությունների, իրավունքների շրջանակում որպես շահառու` կառավարման խորհրդից կպահանջեն աշխատել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, տիկին Բախշյանն ասաց, որ ժամանակին կրթության տեսչությունը ուսումնասիրություններ էր իրականացրել եւ իր ձեւակերպմամբ, լուրջ եզրակացություններ ներկայացրել, սակայն քաղաքապետարանն այն բանի տեղ չի դրել: Նաեւ հավելեց, որ 2014-ին ինքն էլ է ուսումնասիրել այդ դպրոցի հաշվապահական թղթերը ու ըստ թղթերի, ոչ մի կասկածելի բան չի նկատել:

Անահիտ Բախշյանն ասում է, որ ԿԳ նախարարի առաջին գործը պետք է լինի` դպրոցի տնօրենի ընտրության կարգի փոփոխությունը: Իսկ դպրոցների ուսուցիչներին կոչ արեց ամեն աղաղակող փաստի ու կասկածի վերաբերյալ գրավոր դիմել իրեն:

Անահիտ Բախշյանը համոզված է, որ դպրոցի տնօրենների շարժ չի լինի ՀՀԿ-ից դեպի «Քաղաքացիական պայմանագիր»: Նա վստահեցրեց, որ չի լինի յուրային տնօրենների հովանավորություն: Նաեւ շեշտեց, որ կատարվածը վենդետա չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031