Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ մենք ենք խեղճ, ոչ էլ մեր գործընկերներն են խեղճ». Մարուքյանին հարցրեցին՝ մեղավորության զգացում չունե՞ք

Մայիս 07,2018 14:56

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին այսպիսի հարց ուղղեցին՝ ի վերջո մեղավորության զգացողություն ձեր մեջ չկա՞, որ միայնակ թողեցիք ձեր գործընկերոջը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու Նիկոլ Փաշինյանին: Լրագրողները հիշեցրին՝ երբ շարժումը նոր էր սկսում, գրեթե ամեն օր Փաշինյանը ձեզ հորդորում էր, որ միանաք իրեն, մենակ չթողնեք, հիմա չունե՞ք մեղավորության զգացողություն եւ որոշակի հոգեբանական խնդիրներ՝ այս ամենից հետո շարժմանը միանալու համար: Մարուքյանը պատասխանեց. «Ես որեւէ մեղավորություն չեմ զգում, նաեւ իմ գործընկերներն էլ չեն զգում, որովհետեւ յուրաքանչյուրն իր գաղափարներով է առաջնորդվել, իր հավատացած բաներով: Դրան գումարած, սխալ է ներկայացնել այնպես, որ մենք որեւէ մեկին միայնակ ենք թողել: Չպետք է հիմա ես նստեմ, նորից թվարկեմ՝ բան ենք պայմանավորված եղել, այդ բաները պահպանվել են: Առաջինը՝ բռնության կիրառման ռիսկը եթե լինի, պետք է լինենք նրանց կողքին, եղել է՝ մենք եղել ենք իրենց կողքին: Դրա շարունակության մեջ բազմաթիվ քննարկումներ, խոսակցություններ, պլանների քննարկում եղել է: Բոլոր բերման ենթարկվածներին, ձերբակալվածներին, անգամ՝ կալանավորվածներին, այդ ամբողջ այդ օրերի աշխատանքը, բեռը էլի մեր կողմից է իրականացվել, միջազգային հաստատությունների հետ շատ լուրջ աշխատանք է տարվել՝ այն պահից սկսած, երբ մեր գործընկերները ձերբակալվել են: Իմ գնահատմամբ՝ գոնե Փաշինյանն առեւանգվել է, որովհետեւ մեզ տեղեկություններ չէին ասում: Մինչեւ Ստրասբուրգ այդ հարցերը բարձրաձայնել ենք, եթե դուք մտածում եք, որ այդ ամենն անելու արդյունքում միայնակ..կամ միայնակ թողնելու ինչ-որ բա՞ն կար: Խղճահարություն առաջացնող միայնակ: Ոչ մենք ենք խեղճ, ոչ էլ մեր գործընկերներն են խեղճ, ոչ մեկին պետք չի նման տոնայնությամբ ներկայացնել: Այն, ինչ մենք արել ենք, արել ենք համաձայնեցված: Փաշինյանն իմացել է որ պահին ենք լինելու իր կողքին ու ինքը որ պահին իմացել է՝ մենք իր կողքին ենք եղել»:

Նա ասաց, որ այն ժամանակ որեւէ մեկը չէր պատկերացնում, որ նման ընթացք կլինի. «Ես գիտեի, թե ինչ է անելու Փաշինյանը, բայց ես չգիտեի, թե ինչ է անելու իշխանությունը: Այսինքն, այն, ինչ Փաշինյանն անելու էր, մենք անգիր իմացել ենք, բայց այն, ինչ իշխանությունն է անելու՝ այ դա չենք իմացել»:

Հարցին՝ հիմա կարո՞ղ եք ասել՝ «Նիկոլը ճիշտ էր, մենք սխալ էինք»՝ Մարուքյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրն առաջնորդվել է իր հավատացած գաղափարներով: Եթե ասեինք, որ մենք պետք է առաջին օրից գնայինք, դա կնշանակի, որ այն գաղափարներին, որոնց մենք հավատում էինք, դա փոխվել է, ուրեմն մենք անսկզբունքային ենք»:

Նա վստահեցրեց, որ իրենց վարկանիշն այս ընթացքում չի իջել. «Անձամբ ե՛ւ մեր, ե՛ւ մեր դաշինքի եւ մեր բոլոր գործընկերների»:

Ինքը՝ Էդմոն Մարուքյանն իրեն ապագա կառավարությունում չի տեսնում. «Խմբակցությունում այսօր էլ որոշակի քննարկում ունեցել ենք, ավելի առարկայական քննարկում կունենանք ապագայում՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո: Անձամբ ես ինձ տեսնում եմ խորհրդարանում, բայց կքննարկենք»:

Ճշտեցին՝ ԱԺ խոսնա՞կ, օրինակ՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես մի անգամ թեկնածու եղել եմ, չընտրվեցի, ի՞նչ անեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031