Ըստ ամենայնի, վաղը կունենանք Հայաստանի նոր վարչապետ`հանձին Նիկոլ Փաշինյանի: «Հայացք» մամուլի ակումբում խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Սակայն, դրանով, ըստ քաղաքագետի, ճգնաժամը ամենեւին չի հարթվի. «Բավականին ծանր ճգնաժամի առջեւ ենք, ճանապարհը երկար է եւ փշոտ, նոր կառավարության համար նաեւ ականապատված»:
Նոր ձեւավորվելիք կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն չի ունենալու, եւ այն ձայները, որ կգան Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ, ըստ քաղաքագետի, ամենեւին էլ փաստ չէ, որ կլինեն Նիկոլ Փաշինյանին քաղաքական հենարան եւ նրա բերած օրենքները կանցնեն:
Քանի կա այս խորհրդարանը, չկա քաղաքական կոալիցիա, որը պաշտպանի Նիկոլ Փաշինյանին եւ կրի նրա քայլերի պատասխանատվությունը, Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ ճգնաժամը հաղթահարված չի լինի: Հանգուցալուծումը`վաղաժամ խորհրդարանական ընտրություններն են, ընդ որում ժամկետները եւ ԸՕ-ի փոփոխությունները, նոր գաղափարախոսության մուտքը, ըստ բանախոսի, պետք է առաջիկա օրերին պարզ դառնա: Նա կասկած չունի, ՀՀԿ-ն փորձելու է թույլ չտա արտահերթ ընտրություններ:
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանին նոր որակի արտաքին քաղաքականություն է պետք: Անդրադառնալով մայիսի 5-ին ՌԴ-ում տեղի ունեցած բողոքի ցույցերին եւ զուգահեռներ տանելով հայկական հեղափոխության հետ, քաղաքագետը նկատեց. «Հայկական եռագույնը այլեւս ոչ միայն պետական դրոշ է, այլ սիմվոլ»: Այդ խորհրդանիշը մեկի համար ոգեշնչվելու, մյուսի համար`վտանգներ պարունակող երեւույթ է, ինչը, ըստ նրա, բավական բարդ իրավիճակ է ստեղծում, հատկապես ՌԴ-ում բնակվող հայերի համար:
Ռուբեն Մեհրաբյանը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին հորդորում է`լոյալություն պահպանել, չխառնվել կայսերական քարոզին, որն արվում է եւ ի վերջո, մտածել Հայաստան վերադառնալու մասին:
Այս համատեքստում անդրադառնալով «Ռոսնեֆթ»-ի փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտեւի արած հայտարարություններին, Ռուբեն Մեհրաբյանը նախ նկատում է` «Պուտինի օրով բետոնապատված հանրային դաշտում չկա մասնավոր կարծիք», ապա ասում. «Ռոսնեֆթի» շեֆը կամ պետք է ներողություն խնդրի հայերից եւ Հայաստանից, կամ պետք է կորեն գնան այստեղից»: Նա միանգամայն դրական ու համարժեք է համարում ՀՀ-ում ՌԴ դեսպանի եւ Ռուսաստանի հայերի միության արձագանքը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նոր կառավարությունն, ասում է, օր առաջ անելիքներ ունի այս մասով: Նաեւ առաջարկում է` Սփյուռքի նախարարությունը պետք է վերապրոֆիլավորել ներգաղթի նախարարության եւ ներգաղթ կազմակերպել անբարենպաստ երկրներից : Իսկ ՌԴ-ն անբարենպաստ երկիր է:
ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը շարունակելու մասով, քաղաքագետը համամիտ է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ, բայց, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը, կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերանայվեն: «Հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերանայվեն եւ որակական փոփոխություններ բերեն»,- ասաց նա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Այս գործընթացների արդյունքում, Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, Հայաստանի դիրքերն ամրապնդվում են նաեւ Արցախյան հարցի բանակցություններում. «Նոր բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերն ամրանում են, դիրքորոշումն էլ համընդհանուր կոնսենսուսի առարկա է, նոր բան չունենք ներկայացնելու: Ուղղակի մթնոլորտ պետք է փոխվի`Երեւանը գրավելով չես երկխոսի»:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին`բանակցային ձեւաչափում հնարավո՞ր են փոփոխությունները, մասնավորաբար, Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ, Ռուբեն Մեհրաբյանը նախ հիշեցրեց`Արցախը բանակցություններից դուրս թողնելու համար պետք է «շնորհակալ» լինենք Ռոբերտ Քոչարյանին: Ապա նկատեց`որ ցանկանում ենք վերադարձնել, ասվել է: Բայց Հայաստանի ցանկությունը քիչ է: Մյուս կողմից էլ`Արցախի ճակատագիրն առանց Արցախի հնարավոր չէ որոշել:
Առհասարակ, Ռուբեն Մեհրաբյանը համակարծիք է Դավիթ Շահնազարյանի հետ`հիմա մենք մի շրջանում ենք, որ արտաքին քաղաքականությունը ավելի կարեւոր գործոն է մեր ազգային անվտանգության համար, քան ՀՀ զինված ուժերը՝ բնավ չնսեմացնելով դրանց դերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ