Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Փարվիզ Նոսրաթիից ստացել ենք հետեւյալ դիմումը. «Դիմելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ գլխավոր դատախազությանը, խնդրել եմ միջոցներ ձեռնարկել՝ պարզելու համար, թե ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի վարորդ Արման Մարտիրոսյանը ինչ եղանակով և ինչ միջոցներով է ձեռք բերել ք.Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Սասնա Ծռեր փողոցի 2 շենքի թիվ 95 նորակառույց բնակարանը, որը 112 500 000 ՀՀ դրամով վաճառելու դիմաց ինձանից վերցրել է 20 000 ԱՄՆ դոլար կանխավճար, սակայն նույն բնակարանր վաճառել է մեկ այլ անձի, իսկ ինձ չի վերադարձրել իմ 20 000 ԱՄՆ դոլարը։
Կասկածից վեր է, որ այս հարցում եղել է Դավիթ Հարությունյանի միջամտությունը դատական համակարգի, հատկապես Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ։ Առավել եւս, երբ նույնանման փաստեր ունեցող մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանը կայացրել է ճիշտ հակառակ որոշում՝ գումարը վերադարձրել է այլ գործով իմ կարգավիճակում հայտնված անձին։ Կասկածից վեր է նաեւ, որ այդ բնակարանի իրական, թաքնված սեփականատերը եղել է հենց պարոն Դավիթ Հարությունյանը։ Բացի այն, որ նրա վստահելի վարորդը չէր կարող իր ապրած ողջ կյանքի աշխատավարձով, եկամուտներով 112 500 000 ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարան ձեռք բերել այդ էլիտար շենքում, նաեւ նման անազնիվ գործողություն չէր կատարի, բնակարանի դիմաց կանխավճար ստանալով՝ այն մեկ այլ անձի չէր վաճառի եւ իմ գումարը վերադարձնելուց չէր հրաժարվի։
Խնդրում եմ Ձեր աջակցությունն այս հարցր հանրայնացնելու եւ ճշմարտությունը ջրի երես դուրս բերելու գործում։ Հույսով եմ, որ Ձեր միջամտությամբ, ՀՀ դատախազությունից եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից օբյեկտիվ քննություն ակնկալելով, լիարժեքորեն կպարզվեն հետեւյալ հարցերը.
– ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի վարորդ Արման Մարտիրոսյանը, ինչ եղանակով եւ ի՞նչ միջոցներով է ձեռք բերել 112 500000 ՀՀ դրամ արժողությամբ Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի 2 շենքի թիվ 95
նորակառույց բնակարանը,
– Արդյոք նախարարի վարորդ Արման Մարտիրոսյանը ստանո՞ւմ էր նման աշխատավարձ կամ եկամուտ, որպեսզի կարողանար Դավթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող նորակառույց էլիտար շենքից ձեռք բերել այդ բնակարանը,
– Եթե նախարարի վարորդը ստանում էր նման եկամուտ, ապա արդյոք այդ եկամտի աղբյուրը հենց նրա՞նն էր, թե իրականում պատկանում էր նախարարին, սակայն ձևակերպված էր հավատարիմ վարորդի անվամբ,
– Ո՞վ է եղել այդ բնակարանի իրական սեփականատերը, արդյոք այն եղել է հենց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը,
– Նույն հավատարիմ վարորդի անվամբ քանի՞ միավոր անշարժ գույք է եղել, քանի՞սն է վերավաճառվել, դրանցից յուրաքանչյուրը ի՞նչ եղանակով է ձեռք բերվել և ո՞վ է հանդիսացել յուրաքանչյուրի իրական սեփականատերը,
– Այս ամենի արդյունքում արդյոք արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հայտարարագրումից չի՞ թաքցրել իրեն պատկանող, սակայն վարորդի անվամբ ձևակերպված սեփականությունը, արդյոք անարդար ճանապարհով եկամուտներ չի՞ ստացել և թաքցրել, արդյո՞ք պաշտոնական դիրքն օգտագործելով միջամտել է, որպեսզի ինձ չվերադարձվի իմ 20 000 ԱՄՆ դոլար գումարը։
Հարգելի վճռաբեկ դատարանի դատավորներ, խնդրում եմ Ձեզ, եթե ներքին տեղեկություն ունեք, որ Դավիթ Հարությունյանը միջամտել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որպեսզի նշված հարցով իմ վճարած 20 000 ԱՄՆ դոլարն ինձ չվերադարձվի, ապա խնդրում եմ, որպես արդարադատության իրականացման կողմնակիցներ, այդ տեղեկությունը հայտնել իրավասու մարմնին»:
«Առավոտը» այս դիմումի վերաբերյալ ստացավ նաեւ Արման Մարտիրոսյանի պարզաբանումը. «2014 թ վաճառել եմ Հր.Քոչար փողոցի վրա գտնվող 180 քառ մետրանոց բնակարանը, որտեղ տասը տարուց ավելի բնակվում էինք: Այդ գումարով ձեռք եմ բերել խնդրո առարկա հանդիսացող բնակարանը, որը իմ ձեռքով իսկ վերանորոգել եմ: Այդ բնակարանում ապրել եմ ընտանիքովս ևս երեք տարի, որից հետո այն հանեցի վաճառքի: Այն, որ այդ բնակարանում մենք իրապես ապրել ենք կարող են վկայել թե հարևանները, թե շենքի շինարարը, թե շենքը սպասարկող կազմակերպությունը:
Ցավում եմ, որ բոլոր դատական ատյաններում պարտված անձը դիմում է նման շանտաժի»:
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ